ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

26.11.2015

ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ. Նորիկ Դանիելյան


Զինվորի նրա նկարագիրն ամբողջացնող բազմաթիվ դրվագներ հիշելը հեշտ է, դժվարը 
նրա մասին արդեն անցյալ ժամանակով խոսելն է: Թե՛ դժվար, թե՛ դաժան ու անհեթեթ է ոչ միայն այն պատճառով, որ ոչ վաղ անցյալում Աղդամին սահմանակից դիրքերում քեզ հետ խոսելիս փորձում էր հայոց պատմության ընդհանուր շղթայում իմաստավորել վերջին ամիսների հաղթանակների կարևորությունը, այլ այն պատճառով, որ դիմանալով բանտային տանջանքներին, ստացած վերքերին, անցնելով մարտական գործողությունների թոհուբոհով՝ դառնալով անխոցելի մի սարսափ հակառակորդի համար, ընկնելու էր... տմարդի ձեռքով արձակած յուրայինի դավադիր գնդակից: Քեռուս մասին խոսելիս միշտ մտաբերում եմ Արցախն ու մեր գյուղը՝ Գյուլաթաղը, ու մի տխուր համաձայնությամբ գյուղի մասին խոսելիս՝ ակամա մտաբերում եմ քեռուս: Մեր գյուղի հնության վկայությունն է տեղի գերեզմանոցում գտնվող «գյուղի սուրբը»՝ 13-րդ դարի գեղաքանդակ մի խաչքար, որը զարմացնում է ոչ միայն նախշազարդերի հյուսվածքի նրբությամբ, այլև զարմանահրաշ մի իրողությամբ՝ կանգնած է իր հարևանությամբ աճած ծառի հետ, և վերջինս դարերի ընթացքում մեծացել, եկել դիպել է խաչքարին: Աճող ծառը նախ վերք է բացել իր բնին, ապա բացված այդ վերքից կեղևը սկսել է աճել խաչքարի վրա: Գյուղում ով աչք է բացել կեղևապատ խաչքարն է տեսել, ով աչքն է փակել՝ նրա մոտ է ամփոփվել, և մարդիկ հասկացել են, որ խաչն ու ծառը՝ լեռնաշխարհի ոգին ու բնությունը, իրար են ձուլվել իրենց կանգուն պահող մայր հողի շնորհիվ: 1988 թվի փոթորկուն օրերը վկայեցին, որ խաչի և ծառի նման մայր հողի միջոցով իրենց լեռնաշխարհին են կապված նաև գյուղի մարդիկ:
Քանի որ Գյուլաթաղը սահմանակից էր Աղդամի շրջանի մի քանի գյուղերի, որոնք շարժման ծավալմանը զուգընթաց ավելի ավազակաբարո էին դառնում, մի խումբ տղաներ՝ Նորիկի գլխավորությամբ, գյուղի և Աղդամի միջև ընկած հատվածում հիմնեցին մի նոր բնակավայր՝ Քաջավանը, որպեսզի գյուղին սպառնացող որևէ հարված նախ իրենց բախվի: Նա անասելի ծանր պայմաններում իր ընկերների հետ հսկայական աշխատանք կատարեց, որն աննկատ չմնաց սաֆոնովյան դահիճների աչքից: Նորիկին ձերբակալեցին և տարան Շուշիի բանտ, որտեղ նրան հարցաքննող քննիչը կատաղած ասել էր, թե մեր նպատակը Ղարաբաղի բոլոր գյուղերը վերացնելն է, իսկ դու ցանկանում ես նոր բնակավայրեր հիմնել: Պատանդների փոխանակման ժամանակ ազատվելով Շուշիի բանտից՝ չվերականգնելով տանջանքներից քայքայված առողջությունը, վերադարձավ գյուղ կազմակերպելու ինքնապաշտպանությունը: 1992 թվի ամռանը ադրբեջանական բանակի հարձակումից հետո մարտերում վիրավորվում է, բերում են Երևան բուժելու: Ծանր այդ օրերին, երբ թշնամին շարունակ առաջ շարժվելով գրեթե հասել էր Խաչենագետ և Գանձասար, հիվանդանոցում սպարապետը նրան հայտնեց Մարտակերտի գնդի հրամանատար նշանակվելու մասին լուրը: 1992 թվի նոյեմբերին, երբ նրան վստահվեց շրջանի պաշտպանությունը, բավական էր, որ Կիչանի հատվածում հակառակորդը կարողանար ճեղքել պաշտպանությունը և մի քանի կիլոմետր առաջ շարժվել, ապա կտիրանար Գանձասարին և դուրս կգար դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը, սակայն հետևակի և տեխնիկայի անասելի գերակշռություն ունեցող ադրբեջանական բանակը չկարողացավ առաջ շարժվել, և մեծապես պարտական ենք բոլոր զինվորներին ու նաև դեռևս չսպիացած վերքերի ցավը խեղդելով՝ ռազմաճակատի ողջ երկայնքով պաշտպանությունն անձամբ ղեկավարող Նորիկին: Ինքը, սակայն ասում էր , թե վերքերի ցավից առավել կսկծալին ծննդավայրի և Արցախի մնացած շրջանների կորստյան ցավն է: Նա անբեկանելի մի հավատ ուներ, թե կվերականգնվի Արցախի ամբողջական սահմանը, Հաթերքից և Քելբաջարից հետո, իր հոգնած, սակայն հավատավոր ժպիտով ասաց, թե տեսնում ես՝ մեր ու մեր պապերի սահմանը միանգամից ենք վերականգնում:
/Դու ասում էիր՝ ես քո քեռին եմ, ինձ լսիր, իսկ ես պատասխանում էի թե մենք համարյա հասակակիցներ ենք, գլխիս խրատ մի կարդա, ա՛յ իմ փոքր քեռի: Հիմա... հիմա խոնարհում եմ քո Մեծության առաջ:/


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets