ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.01.2016

ՀԱԿՈԲ ՄՈՒՇ. ԲԱԶՄԱԲԵՐԱՆ ԱՐՔԱՆ

Հինավուրց ժամանակներում Վանի թագավորությունում մի սարսափազդու տիրակալ էր իշխում, որը ո՛չ քիթ ուներ, ոչ՛ աչքեր և ոչ էլ ականջներ: Նրա երեսը այնպես երկյուղազդու էր ասես, մի գազանի կողմից հոշոտված լիներ: Հրեշադեմ դեմքը կերտված էր միայն ու միայն անքանակ բերաններից, որոնք նման էին տգեղ բշտիկների: Ոչ ոք ստույգ չգիտեր թագավորի բերանների թվաքանակը, քանի որ մեծ, անճոռնի բերանների կողքին մազմզուկածածկ անտեսանելի, մանրիկ բերաններ կային, որոնք մի քանի անգամ ավելի փոքր էին, քան՝ ավազահատիկը: Տիրակալը, որպեսզի բարետես երևար, ոսկե դիմակ էր կրում: Նույնիսկ մետաղադրամների վրա թագավորը պատկերված էր դիմակով:
Բազմաբյուր բերաններով արքան խժռում էր ինչ պատահեր: Խոհարարների ու նաժիշտների խմբերը առավոտից-երեկո արքունական ճաշասեղանից
արագ-արագ վերցնում էին ուտելիքներով լեցուն սկուտեղենները, մրգամանները ու ամբողջ պարունակությունը միանգամից լցնում էին արքայի խայտաբղետ երախների մեջ: Տեսնել էր պետք, թե ինչպես էին նրա փքուն շրթները համեղ ուտելիքը կուլ տալուց աղմկալի ճպճպացնում ու հետն էլ զկռտում.
-Հը՛մ, հը՛մ, չը՜մ, չը՜մ, պը՜մ…խո՛մ-խոմ…
Օր-օրի աճում էր արքայի ախորժակը: Բացի ուտելիքից բերանները հրեշի նման անողոք ձևով կուլ տվեցին երեխաների օրորոցները, դպրոցականների պայուսակներն ու այբենարանի տառերը, որմնադիրների և թիթեղագործ վարպետների գործիքները:
Թագավորի պառաված դայակը այս բոլորը տեսնելով հանդիմանանքով ասաց.
-Ա՛յ, ա՛յ, ա՛յ…
Արքան, մեծ երախով, նրան էլ կուլ տվեց:
Բերանները անողոքաբար կուլ տվեցին ավելի քան հազար գյուղեր ու ամրոցներ, եկեղեցիներ, զորանոցներ, լաստանավեր, առանձնատներ ու որբանոցներ: Դեռ դա բոլորը չէր, երկրի վրա բան չմնաց, բնաջնջվեց: Պատերազմը այդքան կործանարար չէր կարող լինել թագավորության համա, ինչքան արքան:
Մարդիկ անասելի դժբախտության մեջ էին ընկել, իրենց ծուղակում էին զգում: Ահաբեկված բնակչության մի մասը վտանգից խույս տալու համար, թաքստոց փնտրեց հեռավոր երկրներում: Շատերը տեղափոխվեցին ապրելու քարանձավներում: Իսկ զինվորներն իրենց ապահովության համար զորանոցների շուրջը դիրքեր էին փորում, յոթ շարք փշալարե շրջապարիսպ տեղակայում ու պարսպադռները քառասուն փականով կողպում: Նույնիսկ մկներն ու օձերը փոխեցին իրենց թաքստոցները: 
Թագավորությունում դեռ այդպիսի բան չէր եղել, սարսափը տիրել էր ամբողջ երկիրը: Բժիշկները հաճախակի խորհրդակցություներ էին գումարում, սակայն գլուխ չէին հանում, թե այդքան շատ բերաններ արքայի դեմքին ինչպե՞ս էին հայտնվել:
Ամենատարօրինակն այն էր, որ արքայի խոսելու ժամանակ, բերանները չաչանակների նման իրար հերթ չէին տալիս՝ համահավասար խոսում էին, ասես մրցակցում էին իրար հետ: Ամեն մեկն իր ուզած խոսքն էր արտաբերում: Բառերը տարբեր մեղվաբներից թռչող մեղունների պես խառնիխուռը բզզում էին օդի մեջ: Ցցուն ատամներ ունեցող մի քանի բերաններ, որ հպարտորեն ուզում էին տարբերվել մյուսներից, խոսակցությունը սկսում էին օտար լեզուներով: Դոդոշանման բերաններից գորտային կռկռոց էր դուրս թափվում: Կտցանման բերանները հավի նման կչկչում էին: Փողոցում վեճ ու կռիվ անող հարբեցողների խոսքերն ավելի հասկանալի էին, քան արքայի շարադրանքները: Լեզվաբանները արքայի խառնիխուռն խոսքերը ներկայացնում էին ճշմարիտ պերճախոսություն:
Մունետիկները տարբեր կերպ էին ընկալում արքայի մտքերը: Նրանք շփոթված չգիտեին, որ բերանից ելած խոսքն է արժանահավատ: Ստիպված անցյալից մնացած հրովարտակներն էին նորից տարածում: Մարդիկ լսելով մունետիկներին ասում էին.
-Արքան վերադառնում է հին ժամանակներին:
Զորահրամանատարների համար նույնպես անհասկանալի էին արքայի հրամանները: Դրա համար, մարտերի ժամանակ, զորքը միշտ պարտություն էր կրում:
Մի ուրիշ վիճակի մեջ էին ընկել արքայի կամքին հնազանդ դատարանները: Մոլորված դատավորները չգիտեին, որ խոսքին հարմարացնեին վճիռները:
Շատ դեպքերում, օրենքից դուրս, տարաբնույթ վճիռներ էին կայացվում: Անմեղ մարդիկ ցնցվում էին դատական ծանր վճիռներից:
Վատ վիճակի մեջ էին նաև հրշեջները:
Երբ արքան անքանակ բերաններով հազար տուփ ծխախոտ էր միաժամանակ ծխում, արքունիքը ընկղմվում էր թանձր ծխի քուլաների մեջ: Ծխի երակները շուրջկալում էին ամեն ինչ: Երկարատև ժամանակ փողոցները, դաշտերը, բլուրներն ու երկինքը չէին երևում: Միայն, ծխամածության մեջ նշմարվում էին, աստղերի պես կայծը կայծին տվող բյուրավոր գլանակները: Ծխից շնչահեղձ չլինելու համար, պալատականները քթերը տհաճորեն փաթաթում էին թաց թաշկինակներով: Իսկ հրշեջներն երկաթյա սաղավարտները գլխներից չէին հանում, զգուշավոր հերթապահում էին, աչքերը չհեռացնելով արքայից: Անվտանգության համար հազար տակառ փրփրալի ջուր ու կրակմարիչներ էին արքունի միջանցքներում պահում: Ցավալի մի քանի դեպքեր եղան, երբ կրակ բռնկվելու վախից, հրշեջները ցանկացան արքայի բերանից խլել ծխախոտը ու գցել ջրով լի տակառի մեջ, արքան վայրագորեն ուսագլխներից պոկեց նրանց թևերն ու կուլ է տվեց: Հետագայում, պաշտոնապես հայտարարվեց, որ հրշեջների թևերը կրակ մարելուց են այրվել ու պոկվել և խեղանդամվածներին թագավորական դրոշի գույներով արիության մեդալներ բաժանեցին: 
Տիրակալի քնելու ժամանակ մեծ ու փոքր բերանները միաժամանակ հորանջում էին: Հորանջելուց մի մասը մլավոց էր արձակում, իսկ մյուս մասը հաչում էին, որ մլավոցները լռեցնեին: Այս ձայներից մկներն ու կենդանիներ վարժեցնողները խառնվում էին իրար: Մի քանի ժամ նրանք տառապալի ապրումներով այս ու այն կողմ էին վազվզում:
-Երևի նոր կատուններ են հայտնվել, որոնք իրիկնաժամին երկարաձիգ մլավում են, անցած ժամանակներում այսպիսի ահազդու մլավոցներ չեն եղել,-սարսափով ու մտահոգությամբ ասում էին մկները ու վախվորած նայում շուրջբոլորը:
Կատուները փոքրիկ կատվիկներին դասեր տալուց ուրախ խրատում էին.
-Կյանքը առանց մլավոցների չի լինում: Թագավորի նման մլավել սովորեք, հավատացե՛ք, ամենաիսկական մլավոցը նա է արձակում:
-Տեսե՛ք, հարգարժան թագավորն ի՜նչ լավ է յուրացրել մեր լեզուն, նրա հանդիսավոր հաչոցներում ինչքա՜ն կյանք կա: Կյանքը տրված է մեզ հաչելու համար: Հիրավի, հաչոց կա հազար կյանք արժե: Ով ուզում է իր ունեցածը պահպանի, պետք է սովորի թագավորի պես հաչել,-իրենց հերթին ասում էին շները:
Մարդիկ ականջ դնելով թագավորի արտաբերած սարսափազդու ձայներին, վախից քարանում էին: Բոլորը մտածում էին, որ պալատը լցված է անքանակ գազաններով:
-Երևի, գազազանները մեր թագավորին վնասեն,- անհանգստացած ասում էին մարդիկ:
Առավոտյան, երբ նրանք նորին մեծությանը տեսնում էին շքախմբով շրջագայելիս, միաբերան ասում էին.
-Օ՜, մեր թագավորը չի վախենում գազաններից:
Եվ խոնարհ գլուխ էին իջեցնում ոսկեդիմակ տիրակալի առաջ:
Մի իրիկնամութի պալատական վիրաբույժը ունկնդրելով թագավորի կաղկանձյուն հաչոցը, ցավով մտաբերեց իր հանգուցյալ կնոջը, որը խավարաբուխ գիշերվա կեսին լսել էր թագավորի ահազդու ոռնոցը, չտեսնված վախ էր ապրել, հետո գժվել էր ու մահացել:
-Թագավորի սարսափազդու շնահաչոցը լսելուց, շատ մարդիկ ուռկանն ընկած ձկան պես ամբողջ մարմնով թպրտում են: Նրանք բուռն վախից կարող են լեղաճաք լինել կամ ընկնավորվել,-խորին ատելությամբ մտածեց բժիշկը,-այլևս հնարավոր չէ հանդուրժել, պետք է փակել նրա քնձռոտ բերանները: Ես նրանց կդարձնեմ անխոս:
Վիրաբույժը, առանց երկար մտածելու, իսկույն գործի անցավ: Գործիքների միջից վերցրեց վիրահատական մեծ ասեղը ու ամուր մետաքսաթելով թելեց այն:
Ուշ գիշերին, երբ թագավորը խորը քնած էր, վիրաբույժը գաղտագողի մտավ ննջարան, զգուշուեն հանեց ոսկե դիմակը ու հերթով կարեց արքայի բերանները: Կարելու ընթացքում քնաբեր ու ցավազրկող դեղափոշի ցանեց արքայի երեսին, որի ազդեցության տակ թագավորի քունը չխանգարվեց: Քանի որ ասեղի թելը վերջացավ, մի փոքրիկ բերան մնաց անկար: 
-Տե՛ր Աստված, տեսնում եմ, նրա դեմքին քիթ, աչքեր ու ականջներ չկան,- մոլորուն ասաց վիրաբույժը,-առանց աչքերի նրա կապը կրկին կտրված կլինի աշխարհից: Սովորական բաները նույնիսկ չի կարող տեսնել: Ահա թե ինչ, երբ բացակայում են զգայարանները, ավելանում են բերանները:
Վիրաբույժն իր մտքերը դեռ իմի չէր բերել, երբ բակից աքլորականչ լսեց: Նա պատուհանից դուրս նայեց ու նկատեց, որ նշմարվում է լուսաբացը:
-Ալևս հնարավոր չէ, որևէ բան անել,-հուսահատորեն ասաց նա ու փութաջան դուրս թռավ ննջասենյակից:
Առավոտյան հենց արքան արթնացավ ու անկար մնացած բերանով խոսեց, արդեն նրա խոսքերը խառն ու խառնակ չէին:
-Բնավ վատ չէ, երբ խոսքը դառնում է հասկանալի,-լսելով արքային, ասում էին պալատականները:
Բազմաբերան արքան, առանց աչքերի ու քթի, երկար, շատ երկար կառավարեց: 
-Արքայի ծով հարստությունը փոխարինում է նրա աչքերին ու քթին: 
-Առանց հարստության բոլոր զգայարանները փուչ են: 
-Ի՞նչ պարտադիր է տեսողական ու մյուս զգայարանները քարշ տալ մինչև ծերություն,-քարոզելով ասում էին պալատականները:
Ավելի ուշ պարզվեց, որ այս տեսակետները պնդող պալատականները նույնպես զգայարաններ չունեին:
Դե՛, մեծամեծ իմաստունները վճռականորեն առարկում էին պալատականներին՝ ասելով, որ արքան առանց զգայարանների չի կարող տեսնել, թե արևն ինչպես է իր այտերը համբուրում: Նա իր երկրի դրոշի գույների մասին նույնպես պատկերացում չունի: Դաշտերից եկող ծաղիկների բույրը չի զգում: Նաև չի զգում թագավորությունը ո՞ւր է գլորվում:
Իսկ երբ արքան մահացավ, պալատի դիմացի այգում կանգնեցրին նրա արձանը: Քանի որ արձանը պատվիրվել էր մի քանդակագործի, որը բազում սրբեր էր քանդակել, նա արքային կերտեց ամբողջովին հրեշտակատեսք՝ գեղեցիկ արծվաքթով հայելանման ջինջ աչքերով ու արծաթափայլ նուրբ ականջներով: 
Այդ արձանի համար քանդակագործն ավելի լավ վարձատրվեց, քան սրբաքանդակների համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets