ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.01.16

Գուրգենի և Աղբյուր Սերոբի մահից հետո քայքայված Ախլաթի վերակազմումը Դժոխք Հրայրի կողմից

Նյութը կազմեց՝ ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ 

1899թ. աղետալի տարի էր Արևմտահայ ազատագրական պայքարի համար։ Սպանված էին պայքարի առաջամարտիկներից Գուրգենը (Բաղդասար Մալյան) և Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան)։ Սերոբի և Գուրգենի զինվորները Ախլաթում մնացել էին Սերոբի հորեղբորորդու՝ Ճարտարի ղեկավարության տակ։ Քանի որ Ախլաթը կապող օղակ էր Սասունի և Վան-Վասպուրականի միջև(Վանից և Կովկասից Սասուն գաղտնի զենք էր տեղափոխվում Ախլաթով), Ճարտարը մեղմ և խաղաղ քաղաքականություն էր վարում՝ կառավարության զայրույթը շրջանի վրա չբորբոքելու և վերահսկողությունը չուժեղացնելու համար։ Սերոբի զինվորները, սակայն, չէին ըմբռնում Ճարտարի այդ քաղաքականությունը։ Նրանք Ճարտարին մեղադրեցին թուլակամության մեջ, և շուտով խումբը տրոհվեց մի քանի մասի։ Դա ծանր հետևանքներ ունեցավ ոչ միայն նրանց, այլև ամբողջ շրջանի համար։ Զինվորները մի շարք ահաբեկություններ ձեռնարկեցին, ուստի կառավարությունը ձեռնամուխ եղավ Ալայ բեկի միջոցով նրանց վերացնելու։
Սիմոնը, Աշոտը, Նատոն Դատվանում պաշարվում են Ալայ բեկի կողմից և բռնվում անհավասար կռվի։ Սիմոնը և Աշոտը զոհվում են, Նատոն՝ ազատվում։ Բիթլիս քաղաքում միայնակ կռվելով` զոհվում է Հաջի Հակոբը։ Թեղուտ գյուղում Ասատուրը միայնակ կռվում է 200 թուրք զինվորների հետ և զոհվում։ Շուտով դավադրությամբ սպանվում է նաև Բիթլիսցի Մուշեղը։ 1900թ. նոյեմբերին Ճարտարը Ջրհոր գյուղում պաշարվում է զորքերի կողմից, մերժում գյուղացիների՝ գյուղում թաքնվելու առաջարկը, միայնակ բարձրանում Գրգուռ լեռը, որտեղ 4 հոգու սպանելուց հետո ինքը նույնպես սպանվում է։ Այնուհետև Բալաբեխ Կարապետը և Առյուծ Ավագը պառակտումների և ինքնագլուխ ահաբեկումների պատճառով հրավիրվում են Վան պատասխան տալու, որտեղից ուղարկվում են Կովկաս` ղեկավարության առաջ իբրև վկա Ախլաթի քայքայման և Սերոբի համհարզների ոչնչացման։ Այդ դեպքերից հետո փաստորեն Ախլաթը կաթվածահարվեց։
Սերոբի մահից հետո դրությունն անկայունացել էր նաև Սասունում։ Հրայրը` որպես Սասունի ամենահեղինակավոր գործիչ, Շենիկ գյուղում ֆիդայիների և Սասնա իշխանների ժողով է հրավիրում՝ պայքարի նոր մարտավարություն որոշելու համար, բայց նրա ծրագրերը դուր չեն գալիս Անդրանիկին։ Անդրանիկը մի քանի զինվորների հետ խռովություն է բարձրացնում Հրայրի դեմ։ Թեև Հրայրը ժողովի ճնշող մեծամասնության պաշտպանությունն է շահում և պատժում Անդրանիկին, բայց իր և ֆիդայիների փոքր մասի մեջ առաջանում է ճգնաժամ։ Հրայրը, հաշվի առնելով այդ և Ախլաթի դեպքերը, նպատակահարմար է գտնում մի որոշ ժամանակով բացակայել Սասունից և Ախլաթը վերակազմելով` դուրս բերել Սասունն ու Վանը կղզիացած վիճակից։ 1901թ. ժամանելով Ախլաթ՝ Հրայրը 10 հոգանոց զինվորների խումբ է ստեղծում, որն զբաղվում է շրջանի վերակազմությամբ։ Նա անցնում է նաև Վան, որտեղ Վահանի և Գիսակի հետ արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնագիր կազմելուց հետո վերադառնում է Ախլաթ՝ շարունակելու սկսված գործը։ Շուրջ 1 տարի մնալով Ախլաթում` Հրայրը կատարում է հետևյալ աշխատանքները. 
Ա. - Նոր կանոնագրի հիմունքներով վերակազմում է Ախլաթի շրջանը և նրան կից գավառները։
Բ. - Վերականգնում է Սասուն-Վան հաղորդակցությունը։
Գ. - Սաստում է կամա-ակամա դավաճաններին և Սոխորդցի Բղդեին, որը Սերոբի զինվորների ոչնչացման գործում դարձել էր Ալայ բեկի հանցակիցը։
Դ. - Կազմակերպում է համայնական աշխատանքներ և վաստակում ժողովրդական զանգվածների համակրանքը։
Ե. - Խուլտիկ և Ջրհոր գյուղերում մղում է երկու կռիվ և վերադառնում Սասուն։







Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets