ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.01.2016

ՊԱՆԹԵՈՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը հայ դասական ռոմանսի հիմնադիրն է: Ազգային կամերային-վոկալ երաժշտության մեջ նա առաջինն է օգտագործել հայ դասական պոեզիայի լավագույն նմուշներից:

Ռոմանոս Մելիքյանն սկզբնական կրթությունն ստացել է Ղզլարում: 1902թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը, որտեղ նրա երաժշտության առաջին ուսուցիչը Գևորգ Չորեքչյանն էր (1945–54թթ-ին՝ Գևորգ Զ Ամենայն հայոց կաթողիկոս): 1902–05թթ-ին սովորել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում, 1906թ-ին ընդունվել է Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիան (դասատու՝ դաշնակահար Բոլեսլավ Յավորսկի): 
Մելիքյանը 1908–10թթ-ին երաժշտություն է դասավանդել Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցում, 1908թ-ին կոմպոզիտոր Ազատ Մանուկյանի հետ հիմնել է «Երաժշտական լիգան»: 1910–1914թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (դասատուներ՝ Վասիլի Կալաֆատի և Մաքսիմիլիան Շտեյնբերգ): 1915թ-ին վերադարձել է Թիֆլիս, զբաղվել մանկավարժությամբ: 1921թ-ին նրան հրավիրել են Երևան, որտեղ ձեռնամուխ է եղել երաժշտական ստուդիայի (1921թ.) և կոնսերվատորիայի (1923թ.) ստեղծմանը: Այդ տարիներին Խորհրդային Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր:
Մելիքյանի ստեղծագործության մեջ գերակշռում են երգն ու ռոմանսը: Նրա մեղեդային ոճին բնորոշ են բանաստեղծական խոսքի և երաժշտական հնչերանգների ինքնատիպ համադրումը: Հայկական ռոմանսի ձևավորումը պայմանավորված է կոմպոզիտորի՝ նաև դաշնամուրային նվագակցության դերի նորովի մեկնաբանմամբ, հոգեբանական և նկարագրական առավել հագեցվածությամբ:
Հանրահայտ են նրա վաղ շրջանի «Վարդը» և «Աշուն» երգերը, «Ուռենի» զուգերգը, «Անջատում» ռոմանսը:
Մելիքյանի «Աշնան տողեր» երգաշարի քնարական ռոմանսների հիմքը քաղաքային երաժշտական ֆոլկլորն է, իսկ «Զմրուխտի» և «Զառ-վառ» վոկալ շարքերի հնչերանգային հիմքը հայ ժողովրդական-գեղջկական երգն ու գուսանների ստեղծագործություններն են: «Զմրուխտի» երգաշարին բնորոշ է քնարականության և փիլիսոփայական խոր ընդհանրացումների զուգորդումը, իսկ «Զառ-վառ»-ում գերակշռում են նկարագրական մոտիվները: Կոմպոզիտորի նորարարությունները նպաստել են ազգային երաժշտության մեջ հնչյունային վառ ու գունեղ երանգապնակի ստեղծմանը: Մեծ է Մելիքյանի դերը նաև հայ տարածուն (մասսայական) երգի ձևավորման մեջ. հայտնի է նրա «Նոր օրերի երգեր» շարքը:
Ռոմանոս Մելիքյանի անունով կոչվել են երաժշտական ուսումնարան Երևանում, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets