ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.03.16

ՊԱՐԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԵՐԿԻՐԸ

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ՄՈՒՇ

Ամուրի դարձած Երեք լճերի թագավորը, հավանաբար, կյանքի վերջին տարիները հանգիստ ու անվրդով կապրեր, եթե պալատականները նրան անընդմեջ չհիշեցնեին. 
-Տեր արքա, բոլորը թախծում են թագուհու մահը: Մեր հոգու խոռոչներում վշտի լեռներ են վեր խոյացել, բայց ուզենք-չուզենք, պետք է ենթարկվենք սահմանված հինավուրց կարգին: Օրենքը պահանջում է, որ գահի կողքին թագուհի լինի: Մենք չգիտենք ինչ կլինի թագավորության հետ, եթե երկիրը նոր թագուհի չունենա:
-Երկրի համար դավաճանություն է թագուհի չունենալը,- ասում էին այն բդեշխներն ու իշխանները, որոնք իրենց աղջիկներին ցանկանում էին կնության տալ թագավորին:
Ծեր արքան, հիրավի, այնքան վհատ ու տկար էր, որ դժվարանում էր շնչել, թղթի վրա դողացող ձեռքով մի կերպ գրեց.
«Լավ, թող նոր թագուհի լինի»: 
Նա դես ու դեն չընկավ, իր համար կին վերցրեց հարևան երկրի հարճերից մեկին: Արքային թվաց, թե թեթևաշարժ ու կայտառ կեցվածքով հարճը բարի ոգի է, քանի որ գեղեցիկ հայացք ուներ ու հմայիչ ժպիտ: Այլ միջավայրից պալատ բերած հարճին զուգին-զարդարեցին ու գլխին առաջին տիկնոջ ադամանդազարդ խույրը դրեցին: Արքան նրա կողքին ասես մի կոճղ լիներ: Խեղճը այնքան էր զառամել, որ հաճախ հիշողությունը կորցնում էր, նույնիսկ, չէր հիշում նոր թագուհու անունը: Հարճը սկզբից տխրեց, հետո հաշտվեց այն մտքին, որ վայելելու է թանկարժեք խույր կրելու հաճույքը: 
Երբ նա ամեն օր նաժիշտների հետ ազատորեն դուրս էր գալիս պալատից ու մասնակցում հանրային միջոցառումների, բոլորը գլուխ էին խոնարհում նրա առաջ: Թագուհու պատվին ամենուր հնչեցնում էին երկրի հիմնը:
Ազգային հիմնի բառերն ու հնչյուններն ամենևին դուր չէին գալիս առաջին տիկնոջը: 
-Ֆո՛ւ, ձանձալի ու տանջահար անող երաժշտություն է: Ժամանակն է փոխելու այս մեղեդին,-դեմքը խոժոռելով ասում էր թագուհին:
-Լավագույն երգահաններն են գրել հիմնի երաժշտությունը: Ժողովուրդը հարգանքով է վերաբերվում Ազգային հիմնին: Այն փոխելու հարկ չկա,- բացատրում էին պալատականները:
Սակայն թագուհու հիշողության մեջ միշտ պտտվում էր այն նվագը, որի ծորուն հնչյունների տակ նազանքով պարում էր հարճ եղած ժամանակ: Նա խորապես համոզված էր, որ աշխարհիս երեսին ավելի լավ երաժշտություն չկա, քան հարճապարի մեղեդին է:
-Իմ աշխարհում պետք է ընտրվի այլ տաղ, որի հնչյունների տակ ամեն մարդ ցանկանա հաճույքով պարել,-համառորեն ասում էր թագուհին,-մարդիկ պետք է ընդունեն այն՝ ինչ ես եմ առաջարկում նրանց: Նույնիսկ, լուսաբացին կանչող աքաղաղները և վանդակներում պահվող թռչունները պետք է երգեն ու պարեն իմ ուզած պարը: Պարերը թագավորներից էլ երկար են ապրում: Նախ և առաջ, մեր կյանքի բոլոր ակնթարթներում պետք է իր տեղը գտնի իմ պարը՝ հարճապարը: Դա նաև հզոր տիրակալների սիրած պարն է: Նրանք միշտ հափշտակիչ հայացքով են հետևել կախարդիչ հարճապարերին:
Թագուհին դեռ շրթները չշարժած, թուլակամ արքան հեզորեն կատարում էր նրա կամքը:
Թագուհու պահանջով, փոխեցին հիմնի բառերն ու մեղեդին: «Հարճապարը» դարձավ Ազգային հիմն: 
Հանդիսավոր արարողությունների ժամանակ «Հարճապարը» հնչեցնելուց, ներկաները ոչ թե նախկինի նման քար լռությամբ պետք է հոտնկայս կանգնեին, այլ հարճերի նման ծափ-նազանքով պարեին:
Երբ հիմնի հնչյունների տակ մարդիկ խմբովին պարում էին, թագուհին գոհունակությամբ ասում էր.
-Տեսեք, հիմա մարդիկ ուրախություն ունեն՝ պարում են:
Թագավորը չէր հասկանում, թե թագուհին ինչի մասին էր խոսում, նա օրն անցկացնում էր մի քիչ քնած, մի քիչ՝ արթուն վիճակում: Թագավորին տրված դեղակաթիլներն, այլևս, չէին օգնում, որ նա գահի վրա չքնի: Անընդմեջ ննջող արքան չզգաց, թե ինչպես պալատից հեռացրին մեծ արժեք ունեցող նկարները և նրանց փոխարեն պատերը ծածկեցին հարճերի ու նվագածու-սազանդարների որմնանկարներով: 
Գիտնակաները պարը դարձրին հատուկ հետազոտման առարկա: Նրանք հիմնովին ոչնչացրին իրենց էպոսը և մեկ ուրիշ դյուցազնավեպ հորինեցին, որի գլխավոր հերոսը հարճն էր: Նոր էպոսը գիտական մեծ առաջընթաց համարվեց: Եվ բոլոր ամիոններով փառաբանվում էր հարճի կերպարը:
Դպրոցները վերածվեցին կրթապարային հաստատությունների: Ուսումնական ծրագրերը փոփոխվեցին՝ մաթեմատիկայի ու մայրենի լեզվի փոխարեն մտցվեց հարճապարը: Կրթական հաստատությունների շրջանավարտները ստանում էին պարող աստղի հավաստագիր:
Քահանաները տոնական սեղաններն օրհնում էին հարճապարով: Յուրաքանչյուր հիմնարկում օրը սկսվում և ավարտվում էր պարով: 
Զինվորներն, այլևս, ռազմական գործ չէին սովորում: Զինվորական գումարտակները որպեսզի զորահանդեսների ժամանակ համաչափ քայլեին, ամբողջ օրը նրանց վարժեցնում էին հարճապարի նվագի հնչյունների տակ: Զինվորական խորհուրդը լուծարվեց և տեղը ձևավորվեց Պարային խորհուրդ: Նոր ձևավոևված խորհրդի պահանջով դերձակները դադարեցրին մահուդից զինվորական համազգեստներ կարելը և անցան պես-պես պարահանդեսային զգեստներ պատրաստելուն: Անհրաժեշտություն էր դարձել պարը: Հիվանդներին, կաղերին, կաթվածահարներին, կույրերին ու թունավորվածներին նույնպես ստիպում էին պարել: Թագուհին պարողներին արտոնագրեր էր վաճառում ու դրանով մեծ կարողության տեր դարձավ: Ով չէր ուզում պարել, իր կյանքը վտանգի տակ էր դնում: Կես տարվա մեջ երեք հարյուր մարդ բանտ նստեց՝ պարերից հրաժարվելու համար: 
Բոլոր ետնաբակերն ունեին պարահրապարակներ: Արքունիքում պետական ծախսերը կրկնակի ավելացան: Օտարերկրյա հյուրերին ընդունելու համար պարային ընդարձակ դահլիճներ կառուցվեցին, որտեղ հիմնականում պարում էին նախարարները: Նրանք պարտադիր պետք է պարեին կարճ անդրավարտիքներով ու սատանայական դիմակներով: Սակայն մի օր, շատ կարևոր պարահանդեսի ժամանակ, ռազմական նախարարը, մի քիչ գինովցած, ոստոստուն պարում էր գեներալական շինելով և երկար, զոլավոր վարտիքով: Թագուհին կասկածանքով նայեց գեներալին, քանի որ նա անդիմակ էր:
-Անքող դեմքը հետաքրքրություն չի ներկայացնում իրենից: Ցածրաճաշակություն է անդիմակ պարը,-ասաց թագուհին: 
Գեներալն անմիջապես հեռացվեց պաշտոնից և նրա փոխարեն ռազմական նախարար նշանակվեց ինչ-որ դասակի մի կրտսեր հրամանատար, որը նոր պաշտոնի անցնելուց հետո նախարարական պարահանդեսներին միանգամից երկու դիմակով էր ներկայանում: Դիմակներից մեկը մռայլ տեսք ուներ, մյուսը՝ ուրախ: Երկու դիմակն էլ փայլում էին ոսկու պես: Մյուս նախարարներն ընդօրինակելով նրան, դիմակների հավաքածուներով էին ներկայանում պարահանդեսի:
Մարդիկ առավոտյան երբ աչքերը բացում էին, իրենց տան կողքին նոր կառուցվող պարահրապարակ էին տեսնում:
Կառուցապատողները քանդում էին եղած այգիները, հին բնակելի շենքերն ու մանկապարտեզները՝ տեղանքն ազատելով, պարահրապարակներ էին կառուցում: 
-Ամեն մարդ պետք է ունենա իր պարահրապարակը,-անհողդողդ ասում էր թագուհին:
Ծեր արքան երբ մահացավ, սգո յոթ օրերին մարդկային ամբոխը պարում էր հրապարակներում ու սև դրոշներով զարդարուն դահլիճներում: Հուղարկավորության թափորը բերկրալի հարճապարով՝ թռչկոտելով ու ցնծագին ճիչեր արձակելով, թաղեց արքային: Հուղարկավորության ժամանակ մայրաքաղաքի մի քանի փողոցներում հոզումներ բռնկվեցին: Մարդիկ պահանջում էին, որ արքային թաղեն հին ծիսակարգով: Թագուհու պահանջով ոստիկանները ցուցարարների խմբերին օղակի մեջ առան: Սոսկալի բռնություններ կիրառելով, անհնազանդներին կալանավայր տարան:
Թագավորական մամուլը հրճվանքով խոսեց հարճապարով թաղման հանդիսավոր ծեսի ու ոստիկանների աչալուրջ ծառայության մասին: Դրանից հետո մամուլում տպագրվող գլխավոր լուրերը վերաբերում էին միայն հարճապարերին: Թերթերի էջերը լցնում էին հարճերի լուսանկարներով ու պարասրահների գովազդներով: Նույնիսկ քայքայված մումիաների պատկերներ տպագրեցին: Մեկնաբանելով, որ դրանք, դամբարաններից հանված, հնագույն ժամանակաշրջանի լավագույն հարճ-պարուհիների մարմիններն են: Պարածեսերին վերաբերվող մեկնաբանություներն այնքան շատ էին, որ տպագրվող թերթերի ծավալը թթված խմորի պես փքուն մեծացավ: Զբոսաշրջիկները տեղեկանալով զարմանալի պարածեսերի մասին, նրանց հետաքրքրությունն ավելացավ զբոսագնացության նկատմամբ: 
-Հարճապարերը այս երկրի զարդն են: Հրակարմիր հագուստներով պարուհիները շողշողուն բոցկլտում են խարույկի նման-հիացմունքով ասում էին զբոսաշրջիկները:
Գերիշխան թագուհու պարային երևակայության շնորհիվ, եղած պարերին ավելացավ նաև զբոսախնջույքային խնդուն պարերը:
Բանն այն է, որ թագուհու շրջագայությունները սկսվում և ավարտվում էին միայն պարահրապարակներում: 
«Օրը երկու պտոյտ պարահրապարակներում»,- թագուհու արտասանած այս խոսքը, որպես թևավոր արտահայտություն, մտցվեց դասագրքերում, այնուհետև, ամփոփվեցին շքեղ ցուցանակների վրա և փակցվեցին մարդաշատ վայրերում: 
Թագուհու կարգադրությամբ նախարարներից մեկը հեռացվեց պաշտոնից այն պատճառով, որ մի օր պարահրապարակում երկուսի փոխարեն մի պտույտ էր կատարել: Նույնիսկ նրա դեմ քրեական գործ հարուցեցին, պարերի նկատմամբ անպատասխանատվություն ցուցաբերելու մեղադրանքով:
Մի անգամ հրշեջները պարահրապարակում հազիվ մի պտույտ էին կատարել, երբ դիմացի շենքերից մեկում հրդեհ բռնկվեց: Նրանք մինչև երկրորդ պտույտը չկատարեցին, չշտապեցին կրակը հանգցնելու:
-Ինչ էլ լինի՝ մենք պետք է պարենք մեր հարճապարը,- ասում էր թագուհին:
-Այո՛, մայր թագուհի, պարերը մեզ առավել երջանիկ են դարձնում,- խանդավառությամբ ասում էին նախարարները,-արդար գործի համար պետք է պարենք: 
Նույնիսկ, չկար մի անպատկառ, որ չպարեր: Մասսայաբար պարում էին գողերը, վտանգավոր մարդասպաները, որկրամլները, անտաշները, մանկամիտները, ապաշնորհները և անխտիր բոլորը: 
Անպատկառները, մաքսանենգերը, մարդասպանները և ամենավերջին ստահակը գիտեին, որ երբ պարում են, իրենց դիտում են, որպես պարող անձ և ոչ այլ ինչ: 
-Պարողների դեմ վատ խոսքեր չեն արձակում: Նույնիսկ, ոստիկանները իրավունք չունեն պարողներին հարցաքննելու: Մենք պարում ենք ապաշխարանքի պարեր,-ասում էին նրանք ու պարում տարվա բոլոր օրերին:
Պարողների խմբի մեջ թաքնվում էին նաև բանակից խուսափողներն ու մեղսավորները: Տասը տարի պարային ստաժ ունեցողներն ազատվում էին ծառայությունից: Իսկ ովքեր պարելիս պատահաբար սայթաքում ու քերծվացքներ էին ունենում, ձրի բուժօգնություն և արիության մեդալ էին ստանում: Նրանք երկու անգամ ավել շատ արտոնություններ ունեին, քան պատերազմի դաշտում վիրավորվածները: 
Ցերեկային պարերին հաջորդում էին գիշերային պարերը: Որպեսզի գիշերային պարերն ավելի հետաքրքիր լինեին ու մարդկանց քունը չտաներ, գիշերային պարերի ղեկավարությունը և պարային միաբանության անդամները բազմաթիվ զվարճապարեր հորինեցին: Անգամ այնպիսի հնարանք ստեղծեցին, որ կարելի էր պարելով անցնել հաստ պատի միջով ու հայտնվել ուրվականների խորհրդարանում, ուր ուրվականները սովորական երեսփոխանների նման արհամարհական ելույթներ էին ունենում այն մարդկանց դեմ, որոնք սիրտ ու հոգի ունեին: Ուրվականները նաև անթափանց անցնում էին պարողների շարքերի միջով և կարեկցական խոսքեր էին ուղղում այն մարդկանց, որոնք չէին կարողանում պարել ուրվականի պես:
Մի քանի օրից հետո լրանում էր թագուհու խույրը կրելու մեկ տարին: 
-Հոբելյանական այնպիսի մեծ պարային միջոցառում պետք է լինի այդ կապակցությամբ, որ երբևէ չի եղել ոչ մի երկրում,-ասաց թագուհին և նախարարներին կարգադրեց, որ մարդկանց տեղահանեն իրենց բնակավայրերից և տեղափոխեն երեք լճերի մոտ:
Բնակիչների տեղահանությունը կազմակերպելու համար, ավագ նախարարը գաղտնի հեռագրեր ուղարկեց գյուղապետերին: Զորքին և ոստիկանությանը բաժանվեցին սաղավարտներ և ռետինե մահակներ: Երեք շաբաթով դպրոցներում դադարեցվեց դասընթացը: Ձիասայլերը և լաստանավերը կարգի բերվեցին: Առևտրի նախարը կարգադրեց, որ կրպակները տեղափոխեն լճերի տարածք: Բոլոր նախարարությունները խրվեցին գործի մեջ և երեք շաբաթում կատարեցին թագուհու ցանկությունը: Տեղահանությունից հետո, երբ բնակատեղիներում մարդ չէր մնացել, տեղաշարժության որոշման մասին հայտարարություներ փակցրին լքված շեներում:
Երեք միլիոն տեղահանվածները, արցունքները սեղմած, լճերի շուրջը օղակաձև շուրջպարեր բռնեցին և յոթ օր, յոթ գիշեր հարճապար պարեցին: Թմբուկների հետ նաև որոտում էին լճափերին տեղակայած թնդանոթները:
Ձկներն սարսուռով երբեմն գլուխները դուրս էին հանում ծփուն ալիքների միջից, բերանբաց նայում պարողներին ու տարակուսանքով մտածում.<<Մարդիկ իրար ուս գրկած, ուռկանի բացված բերանի նման օղակաձև պտույտով մանրում են լճափի կոշտ ավազաքարերը: Ինչո՞ւ են դա անում, այ թե, այս բոլորին բացատրություն լիներ: Մենք ջրերի խորքում զգում ենք, որ նրանց պարերից դմփդմփում է գետինը՝ թուլանում ու դյուրահոս է դառնում հողը: Թալկացած երկրակեղևի հետևանքով, լճերի հատակին փլվածքներ են առաջանում, որոնք պարզ, կապույտ ջրերին՝ ալիք առ ալիք անկում են տանում: Երանի, ձկներս խոսել կարողանայինք: Մենք տեսնում ենք լճերի հատակին գոյացած կործանարար վիհերը, բայց այդ մասին չենք կարող խոսել>>:
Շուրջպարը դեռ չավարտված, առաջին նախարարը պլանավորեց, որ տարին մեկ՝ թագուհու ծննդյան օրը, շուրջպարեր կազմակերպվեն լճերի շուրջը: 
Նույնիսկ, երբեմն տեղի ունեցող պատերազմները չէին խանգարում, որ շուրջպարերը տեղի ունենային:
Շուրջպարի ներգործությոնը այնքան մեծ էր, որ օտար պետությունների կողմից երկիրը կոչվեց Պարահրապարակների երկիր:
Նոր անվանակոչությունից հետո, շատերը մոռացան, թե նախկինում ի՞նչ անունով էր կոչվում Պարահրապարակների երկիրը:
Պարելու ցանկություն ունեցող առանձին թագավորներ, կերպարանափոխված, այցելում էին Երեք լճեչի երկիր և քթերի տակ մռլտալով իրենց իմացած երգի բառերը, ուզածի չափ պարում էին: Թեև, նրանք հսկայական միջոցներ ու անծայրածիր հողատարածքներ ունեին, սակայն չէին ցանկանոմ, իրենց բերրի հողերը փչացնելու միջոցով, պարահրապարակներ կառուցեին:
-Լավ է, մեր թագավորության կողքին ունենք մի երկիր, որն ամբողջովին վերածված է պարահրապարակի: Մեր ձանձրալի ժամերը լիուլի կարողենք անցկացնել այնտեղ,- ասում էին օտար արքաները և մերթ ընդ մերթ, պարելու ցանկոթյամբ, այցելում էին Երեք լճերի երկիր:
Նրանք, պետք եղած դեպքում, իրենց հարճերին էլ էին ուղարկում այդտեղ պարելու: 
Թագուհին, ոգևորված այս այցելություններից, գիշեր-ցերեկ մտածում է, ի՞նչ միջոցներով կարող է երեք լճերի տարածքը չորացնի, որպեսզի վերածի պարահրապարակի:
Եթե չեմ սխալվում, այսօր էլ Երեք լճերի երկրում հիմնի հնչյունների տակ շարունակում են վառ ու խոլաբար հարճապարեր պարել: Իսկ պարերի սիրահար օտար տիրակալները մտածում են, թե՛ ինչո՞ւ թագուհին չի չորացնում երեք լճերը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets