ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.05.2016

ԵՐԲ ՄԵԿ ՕՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է ՄԵԿ ԴԱՐԻՆ...


(բարձրաձայն մտորումներ Արա Նախշքարյանի «Լիբանանի մեկ օրս՝ հարյուր տարի» գիրքը կարդալուց հետո)

Մտքերս այնքան էին վարար, որ որոշեցի դրանցով կիսվել հետդ, սիրելի Արա.... Ընդունիր դրանք որպես անկեղծ, անպաճույճ գրախոսական...
Ասեմ, որ գիրքը մի շնչով կարդացի... Գրական-գեղարվեստական կամ վավերագրական ոչ բոլոր գրքերին է վիճակվում, սակայն, արժանանալ մի շնչով ընթերցում... Գյումրեցի հայորդի, գրող, մանկավարժ, բլոգեր Արա
Նախշքարյանի այս գիրքը, որ բավականին հաջողված գեղարվեստա-վավերագրական էսսե է ըստ էության, այն սակավ գրքերից է, որոնք միանգամից գրավում են քեզ, հուզում, առնում քեզ իրենց գիրկն, ու կապելով իրադարձությունների ու հերոսների հետ, տանում իրենց ճանապարհով ու քեզ ակամա, թեկուզև հեռակա կարգով, բայց ականատեսը դարձնում գրքում նկարագրվող իրադարձությունների...
Կարդացի մեկ շաբաթ առաջ... Մի քանի անգամ վերընթերցեցի... Ու այդ մի քանի անգամն էլ ապրեցի այս զգացողությունը... Ու մի շաբաթ է, ահա ապրում եմ այդ գրքի աշխարհում... Իսկ դա առաջին հերթին հայրենասիրության, ազգասիրության, հավատարմության, երախտագիտության, նվիրումի, նախնյաց փառքին ու հերոսապատումին խոնարհումի, ցավի ու հպարտության անխառն զգացողությունների աշխարհ է... Բնականաբար, վեհի, գեղեցիկի, լուսավորի աշխարհ... Սովորելու ու սովորեցնելու աշխարհ... Ինչպես լինել ազգի արժանավոր զավակ, ինչպես կարողանալ սեփականը նվիրաբերել ընդհանուրին, նեղ-անձնականը՝ լայն-ընդհանուրին, ես-ը՝ մենքին, ինչն իրագործել հնարավոր է միայն ներքնապես հասնելով այն բարձր գիտակցությանը, որ հանուն հայրենյաց կարելի է զոհաբերել ամենաթանկ բանը՝ կյանքը...
...Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս գրքի ընթերցումն ասես հրամայական լիներ... Գիտեի, որ Արան շտապել է Արցախ... Իր մասնակցությունը բերելու մեր սուրբ հողերի պաշտպանության սուրբ ու մաքառումներով լի պայքարին... Այնքան ժամնակահունչ թվաց ինձ... Ինձ միանգամից գերեց և Արա Նախշքարյանի պատումի ձևը, հարուստ լեզուն, համեմատությունների ու պատկերների գեղեցկությունը... Հեղինակի գրին ծանոթ էի ֆեյսբուք սոցիալական ցանցի էջերից... Սակայն ֆեյսբուքն այլ է, գիրքը՝ այլ.... Մանավանդ իմ՝ տարիների գրողիս, գրահրատարակչիս համար... Այս գրքով ես նորովի հայտնաբերեցի Արային - տաղանդավոր, շնորհալի, ազգասեր, ազգամեծար, սեփական շահերից այնքան հեռու կանգնած ու հայրենիքի համար իրենց արյունը թափած մեր հերոսների հիշատակն իր հոգում անմար ջահի պես պահող հայորդի, ով հրաշալի գիտի գինը ազնվության ու մարդկայնության, գինը արժանապատիվ կյանքի ու հայրենաբաղձ մղումների, հարենապաշտության ու ամեն պահ պատրաստ է ի մարտ մղվել հանուն հայրենյաց... Ես Արա Նախշքարյանի մեջ հայտնաբերեցի այն մեծատառով Մարդուն ու թիկունքի Զինվորին, որի համար առաջնայինը Հայրենիքն է, Հայրենիքի մատաղացու պաշտպանը, աշխարհի ո՛ր ծայրում էլ նա ծնված ու ապրելիս, պայքարելիս լինի... Ու այս գրքի ընթերցումից հետո ավելի հավատացի Արային, հավատացի նրա անկեղծությանը, նրա հիշողության, խոսքի ու գրի, գործի միասնական համընկնողությանն ու նույնքան էլ ճշմարտացիությանը... Հավատացի ու հպարտացա, որ այսպիսի երիտասարդներ ունենք, այսպիսի հայորդի, այսպիսի մանկավարժ, այսպիսի պատմաբան, այսպիսի գրող ու զինվոր ունենք... Ու համոզվեցի նորից, որ Արա Նախշքարյանի տեսակն է, որ մեզ անպարտելի է պահում... Ու կպահի դարեդար...
...Հենց սկզբից, գրքի վերնագրից ու տիտղոսաթերթից իսկ Արա Նախշքարյան երախտագետն է երևում ընթերցողին. Եթե օրը համարժեք է հարյուր տարվան, ուրեմն այդ օրը գնահատված է, արԺևորված, հարգանքի տուրք է մատուցված այդ օրը գեղեցկացնողներին... Ապա հովանավորների անուններն են ու գրողի խոնարհումը նրանց.... Նրանց ես էլ եմ, ընթերցողս, ասում իմ շնորհակալությունը...
Այս գրքում և «ի՞նչ»-ն» է հետաքրքիր, և «ինչպե՞ս»-ը, և «ինչու՞»-ն... Վերևում ասացի այդ մասին... Բայցևայնպես գրքի ատաղձը «ինչո՞ւ»ն է... Դրա պատասխանը գրքի աննոտացիան տալիս է՝ «Գիրքը նվիրվում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990թթ.) օրերին հայկական թաղամասերի պաշտպանության կռիվներին ընկած նահատակներին ու նվիրյալներին»:
Հենց սկզբից իմ միտքը կանգ առավ մի իրողության վրա... Ես լավ եմ հիշում այդ օրերը... Այդ տարիներին Թիֆլիս այցելեց բեյրութցի գրագետ Շուշիկ Տասնապետյանը՝ իր նույնպես գրագետ քրոջ հետ: Մենք երկար զրուցեցինք օրհասական այդ օրերի, բեյրութահայոց վիճակի, նրանց մասնակցության մասին, հարցազրույց էլ տպագրեցի մեր թերթում, «Կամուրջում»... Հենց պատերազմի ժամանակշրջանում է փաստորեն ծնվել Արա Նախշքարյանը... ու պատերազմի մասին գիտի միայն գրավոր աղբյուրներից, տեսաֆիլմերից... Բայց ահա, տեսեք, թե պատերազմը որքան ցավագին է զգում իր հոգում, որպիսի նվիրվածությամբ ու հավատացյալի ջերմեռանդությամբ է Լիզբոնի տղաներին իրեն ընկերներ համարում, ու նրանց սխրանքով հիացած, տարիներ շարունակ մտովի զրուցում, խոսում նրանց հետ, երազում այն օրը, երբ պիտի այցելի Բեյրութ, խոնարհվի նրանց շիրիմներին, նրանց հարազատներին գտնի, նրանց փառքը գովերգի ու ծունկ չոքի նրանց առջև...
Եվ բարի մարդկանց, լիբանանյան իր մի շարք ընկերների աջակցությամբ Նախշքարյանը հասնում է իր երազանքի վայրեր... Հայր Անտոնի բարի ու հրավիրող հեռախոսականչը ցնծությամբ է համակում Նախշքարյանի հոգին: Անչափելի է նրա երջանկությունը, անափ է նրա հոգու խռովքը... Նա պիտի գնա Այնճար, պիտի այցելի «Լիզբոնի տղերքի» պանթեոն, նաև պիտի հանդիպի իր ընկերներին, պիտի հանդիպի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին... Սրբազան ուխտ է այս ամենը հեղինակի համար, և պատահական չէ, որ նա հենց ուխտագնացություն է կոչում իր յոթնօրյա (15-22 մարտ, 2014թ.) այցելությունը Բեյրութ, որ արյան պարտադրանքով սկսում ու ավարտում է Ազգային գերեզմանոցում... Ու կարծում եմ, կպատշաճի ուտագնացություն-էսսե էլ կոչել այս ուշագրավ գիրքը, որ նաև գեղեցիկ հուշ-ալբոմ է՝ հարազատ ու սիրելի մարդկանց, հայրենանվեր ու ազգամեծար բեյրութահայերի հետ բազմաթիվ լուսանկարներով փաստագրված:
...Ահա և Բեյրութում է Արա Նախշքարյանը... Եվ ամեն օրը՝ հարուստ, ամեն օրը բարի, ամեն օրը պատմության վերհառնում... Եվ ամեն օրը՝ մի ծանոթություն, ամեն օրը՝ մի ներշնչանք, ամեն օրը՝ մի նահատակին խոնարհում... Ամեն օրը՝ մի աշխարհ, ամեն օրը մի կյանք, մի տպավորություն... Եվ այս ամենը ասես ոչ թե օր, այլ դար... Այնքան որ շատ է բովանդակությունը, պարունակությունը, տարողունակությունը... Այն իսկապես մի օրվա մեջ տեղավորելիք չէ... Այդ ամենը զգալու համար դար է պետք, այո՛... Եվ ամենևին էլ փույթ չէ, որ այթմատովյան հանրաճանաչ վեպի վերնագիրն ես ակամա հիշում՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը...»: Վերջին հաշվով, մենք էլ մեր օր-դարերն ունենք... Որոնցով կերտվում է մեր պատմությունը: Կարևորն այն է, որ գիրքը կարդալիս դու զգում ես այդ օրերի դարին համարժեք լինելը... Նախշքարյանը վարպետորեն է քեզ համոզում դրանում...
...Ես Բեյրութում եղել եմ: Գրողների համահայկական համաժողովի օրերին եղել եմ այնտեղ, տարի առաջ, որ կազմակերպվեց լուսահոգի Լևոն Անանյանի ջանքերով՝ Արամ Կաթողիկոսի փառավոր աջակցությամբ... Ես էլ եմ եղել Այնճարում, ես էլ եմ վայելել բեյրութցիների հյուրընկալ սերը, հրաշալի վերաբերմունքը, զոհված ազատամարտիկների պանթեոն ես էլ եմ այցելել, ցավել ու հպարտացել... Ու հիմա ահա կարդում եմ Արա Նախշքարյանին... Ու չգիտեմ՝ ինչպե՞ս ասեմ նրան՝ շնորհակալություն... Գերզբաղվածությունս թույլ չի տվել, որ երկար անդրադառնամ այդ այցելությանս... Բայց այսպես հանգամանալի ու համապարփակ, այսպես ուսումնասիրողական ու մանրակրկիտ չգիտեմ էլ՝ կգրեի՞, թե՞ ոչ... Ամբողջ ընթերցանության ընթացքում ինձ թվում էր, թե ես Բեյրությում եմ... Ես էլ եմ մասնակիցը բոլոր գեղեցիկ հանդիպումների, ես էլ եմ ոգեշնչված այդ մարդկանցով ու նրանց գոծերով... Ահա «Կարմիր Լեռ» կոմիտեն, ահա Այնճարի «Յառաջ Գալուստ Կիւլպենկեան» վարժարանի գրադարանը, ահա Հ.Մ.Ը.Մ. «Նիկօլ Աղբալյան» մարզամշակությաին կենտրոնը, ՀՅԴ «Շուշի» կոմիտեն, որի պատի պաստառը հատկապես է գրավում հեղինակին՝ Թրքերեն խօսիլը արգիլուած է ակումբէն ներս»... Կարծում եմ մեկնաբանության համար բառերն ավելորդ են...
Ահա և Պուրճ-Համուտը... Բեյրութի հայոց չքնաղ ու անկրկնելի, կոլորիտային թաղամասը...
այցելության երկրորդ օրը... Ամեն ինչ, ամեն նկարագրություն հուզում է ինձ էլ՝ թիֆլիսահայիս... Կարոտը խեղդում է ինձ... Հիշում եմ իմ գրչընկերներին... Գրողներ Համբիկ Մարտիրոսյանին, Ժիրայր Դանիելյանին, ավաղ արդեն լուսահոգի Սարգիս Կիրակոսյանին, որոնց երկու տարի առաջ հյուրընկալեցինք Թբիլիսիում հայ վրաց բարեկամության նոր կամուրջ ձգելով... Հրաշալի, կենդանի պատկերներ են, գեղարվեստի ուժով վավերացված: Ահա Արայի ընկերները՝ Կիրակոս (Կիրօ) Գարակեօզյանը... Սերոբ Եագուպեանը, Հակոբը, Մարալը, Գօգօն, Հակոբ Աբրահամյանը, ում օջախում էլ հյուրընկալել է հեղինակը... Ահա և երգիչ Մհեր Սարգիսեանը, ում ճանաչել է հեղինակը ընդամենը ֆեյսբուքից... Բայց արյունը ճանաչել գիտե անմիջապես, ու այստեղ պատահական հանդիպումը նրանց միանգամից մոտեցնում է իրար...
Այս մարդիկ, ոգևորության աղբյուր են Նախշքարյան-հայորդու համար... Այս մարդիկ դաս ու դպրոց են Նախշքարյանի համար... Մարդիկ, որոնք ազգային նկարագիր ունեն, արարման ոգեղեն խոյանքի կրողներ են ու ազգի պատմություն են կերտում իրենց ուժերի ներածին չափով՝ արաբական աշխարհում պահպանելով հայի տեսակը, հայի գենը, հայի քրիստոնեական հավատքը...
...Ահա և Սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին... Ահա և նվիրատվությունների պահը՝ հանուն համայնքի աշխատանքների... Ամեն, ամեն կարևոր «ինչ» որսացել է հեղինակի դիտողականությունը ու իր հուշերը՝ գրքի տեսքով հանձնել մեզ ու սերունդներին՝ ի պահ:
Այնճա՜րը.... Այնճար բերդաքաղաքը, Այնճարի ազգային գերեզմանոցը... Մուսա Լե՜ռը... Կարդում ու իմ հիշողությունն էլ է ալիքվում... Ես էլ եմ այստեղ, «Ժողովրդային տան» հանձնախմբից մի կապոց գրքեր ստացել նվեր, ինչպես հեղինակը... ...Այստեղ վեհության զգացողություն եմ ապրել... Եթե հայ ես, եթե եղել ես այստեղ գեթ մի անգամ, եթե կարդում ես ճշմարիտ, գեղեցիկ ու այնքան հոգեհարազատ տողեր, չես կարող այլ զգացողություն ունենալ, քան հպարտությունը, որ հայ ես, որ հայ ես ծնվել, ծիլ ես տվել հայի արյունով, արարող, պայքարող, հայրենիք պահպանող ազգի արյուն ես կրում քո մեջ... Ի՜նչ փույթ, թե որտեղ ես ապրում՝ Գյումրիու՞մ, Թբիլիսիու՞մ, թե՞ Բեյրությում... Դու անպարտելի ազգի մասնիկ ես, նրա անցյալ փառքը հիշողն ու նրա նահատակների հիշատակի առաջ խնկարկողն ու նրա վաղվա համար արարողը... Եվ Արան ինձ ավելի է համոզում դրանում... Արայի այս հրաշալի գիրքը... Արայի անմահ ընկերները՝ Լիզբոն-83 ողջակեզները, նրանց հարազատները, քույրերն ու մայրերը, Արայի նոր բարեկամները՝ Այնճարի քաղաքապետ Կարօ Փամբուկեանը, Հովհաննես Խօշեանը, Ժակ Տաղլեանը, ով պատմում է Լիզբոնի Վաչեի մասին, Պետիկ Ինճէեանը...
Հուզումնալի պահերը շա՜տ-շատ են ու զարմանալի չէ, որ գրողը գրում է, թե «տառս բառ չէր դառնում»... Թեև հակառակվեմ ու ասեմ, որ ոչ միայն տառը բառ չի դառել, այլև ուշագրավ գիրք է դարձել ու հուզում է ընթերցողին էլ...
Ահա և գալիս–հասնում ենք հինգերորդ օր... Աջ ու ահյակից բարևներ են հնչում... Ճիշտ մեջբերում է արել հեղինակը Վարդգես Պետրոսյանի «Հավասարում բազմաթիվ անհայտներով» ստեղծագործությունից՝ Ծանոթության նվազագույն չափը կոչվում է բարև... Այս օրն էլ հարուստ է շատ՝ մի փոքրիկ Հայաստան է ներկայանում Նախշքարյանին Բեյրութը՝ «Շաղզոյեան» կենտրոն, «Ազդակ» օրաթերթի խմբագրատուն, սրտառուչ ու բովանդակալից, հետաքրքրաշարժ հանդիպում ու զրույց մեծանուն խմբագրապետ, հրաշալի հայ մտավորական Շահան Գանտահարեանի հետ, Համազգային գրադարան, Համազգային ցուցասրահ, «Վանա ձայն» ռադիոխմբագրություն, այստեղ էլ հրաշալի հարցազրույց... Հայի կատարյալ տեսակներ, իրավ, ազգային մշակույթի անխոնջ սերմնացաններ՝ հայրենիքից դուրս, օտար ափերում... Ես որ հրաշալի գիտեմ, թե դա ինչ է... ինչպիսի սխրանք...
...Եվ Յոթնօրյայի ամենալուսավոր հանդիպումներից մեկը՝ Անթիլիասում, կաթողիկոսարանի դիվանապետ, իմ տաղանդավոր ու հրաշալի գրչընկեր Խաչիկ Տետեյեանի ջանքերով կազմակերպված հանդիպումը Արամ Ա-ի հետ... Գեղեցկատես ու վեհորեն անկրկնելի Անթիլիա՜սը... Նախշքարյանի տարիներ շարունակ փայփայած երազանքներից մեկը՝ տեսնել... Ու զրուցել... Մեծ Հոգևորականի, մեծ Առաջնորդի ու Իմաստունի հետ... Անջնջելի և ուսուցանող... Հիրավի մեծ երջանկություն, որը ապրել եմ նաև ես ու հանդիպման արդյունքում բանաստեղծություն ձոնել մեր ժամանակների Պայծառափայլ ազգային գործչին, անգերազանցելի հռետորին ու Գրագետին... Եվ Արա Նախշքարյանը հավուր պատշաճի է արժևորում Կաթողիկոսին ու նրա հետ այս հանդիպումը... շնորհաակլություն հայտնում նրա ընծայած արժեքավոր գրքերի համար.. Ի դեպ իմ գրադարնն էլ զարդարաում են Վեհափառի գրքերը...
Իսկ հետո այց՝ Լևոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Վարդան Շահբազի, խմբապետ Մուշեղի, Սարգիս Տխրունու և այլոց թանկ շիրիմներին...
Լիզբոնի նահատակների պանթեոն այցով էլ ավարտվում է Նախշքարյանի այցը Բեյրութ... Այնտեղ նորից գնալու, իր նահատակ ու ողջ ընկերների գործի առաջ նորից խոնարհվելու հույսով....
Փակում եմ գիրքը... Ու մի լուսավարար հորձանք է նորից ալիքվում մեջս... Աչքիս առաջ Լիզբոնի նահատակ տղաներն են՝ Արան, Սեդրակը, Սագոն, Սիմոնը, Վաչեն... ...Արայի շնորհիվ ես տեսնում եմ նրանց... Նրանց սխրանքի մեծությունն եմ զգում ու խոնարհվում, խոնարհվում... Նորից ու նորից... Արայի շնորհիվ ես այս տղաների գործը արթուն պահող նրա ընկերներին եմ տեսնում, ու մի նոր ու գեղեցիկ աշխարհ հայտնաբերում իմ մեջ, իմ շուրջ... Տեսնում եմ, զգում, համոզվում ու կրկին շնորհակալություն ասում այս հրաշալի գրքի համար՝ Արա Նախշքարյանին... Եվ ոչ միայն գրքի... Իր ամբողջ գործունեության համար... Հայի իր տեսակի համար, գյումրեցու (ես էլ եմ արյամբ գյումրեցի՝ և հայրս, և մայրս) իր տեսակի համար...
...Կեցցե՛ս, Արա ջան... Զորանա՛ս... Մենք անպարտելի ենք հենց քո և քո նմաններով... «Նմանը զնմանին գտանի...» ...Դու ճիշտ ընկերներ ես գտել... Եվ քո այս գիրքը, որ հայասիրության ուրույն դասագիրք է, հրաշալի հուշարձան է քո ընկերներին՝ քո կողմից...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets