ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.06.2016

Ռաֆայել Սերենց. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ («Սիրո նամականի» շարքից)

... Ուշ գիշեր, հունիսյան գիշեր, և աչքե՛ր, աչքե՜ր... Եվ կարոտ: Քնե՞լ ես արդյոք, թե՞ խորհում ես և արդյո՞ք չես լալիս... Դու ուղղակի սիրում ես, փնտրում ես անքննելի մի երևույթ. փնտրում ես ինքդ քեզ, բայց այս անգամ իմ ներսում, թաքնվել ես և ընթերցում ես մատյանը մի անցած Ճանապարհի: Պատուհանս բաց է: Եվ ինձ թվում է, թե գիշերը մերկ կանգնել է իմ դիմաց և նա չգիտի, որ ես նկատում եմ իր մերկությունը: Առաջին անգամ նկատո՜ւմ եմ... Սև աչքերով մի հավերժ օրորվում է նրա թևին և նրա անունը Կարոտ է: Աչքե՛ր, աչքե՜ր: Քո՛ աչքերն են սիրելիս, մութի մեջ հավերժի կերպարանքով քո աչքերն են խառնում աստղերի շիկացած լռությունը: Եվ հրե մի տագնապ է կաթում Վերից` քո կարո՜տը... Թարթիչներիդ շուքի տակ հսկում եմ վախերդ, կուչ ես եկել անկողնում, կարծես աշխարհն է դարձել մի բուռ, իսկ ես, բռունցք դարձած, հսկում ու հսկում եմ, որպեսզի երազներդ ծածկեն իրենց մերկությունը: Ահա շուրթերդ իրենց շշուկներն են հղում աշխարհին, ինչպես մեր առաջին հանդիպման վայրում հնձած խոտի հունիսյան բույրն էր պարզվել մարդուն, աշխարհին: Իսկ կա՞ առավել գեղեցիկ բան, քան սիրելիի մաշկի բույրը, որ ձայնի հնչերանգով ծածկում է այս անգամ ի՛մ մերկությունը... Մարմին հագած ձայնդ շոշափում եմ դաշնամուրի ստեղների վրա, և ծնվում է նույն կարոտը, նույն հեռու շողքերն են օրորում հսկումիս արձագանքը, և դու լալի՜ս ես... Քանզի սիրում ես ու նույն աղոթքով քուն ես մտել ինձանից հեռու և ինձ այնքա՜ն մոտ մի փափուկ անկողնում: Մի՞թե մատյանն իմ յոթնամրմուռ, որ երկունքի կանչ ու կանչերով բախել է անհայտության դուռը, շշնջացիր: Եվ ինչպե՞ս... Իսկ դու նաև ժպտում ես և աղոթում հիվանդի և կարիքավորի համար նույն Բառով: Ես էլ եմ հիվանդ, հիվանդ եմ կարոտի անբառ արցունքներով, և մատներս հպվում են դաշնամուրի ստեղներին կրկին ու կրկին, որպեսզի անաձնական սիրո թախիծը մոմից կաթի ձեռքիս ափին. քանզի կարիքավորի լռությունն է իմ սենյակում պտտվում, որ անցած գիշերին ինձ հայտնվեց քո անունով... Զով քամին ճոճում է վարագույրի անքնությունը, և զգում եմ, որ կապույտ տրտմությունը շուտով կկանգնի իմ դիմաց: Թող այրվի... ձեռքիս ափը, որպեսզի առավոտի ծնունդը ինձ ցավ չպատճառի, և շողքերդ մնան իմ սենյակում, կարոտի՜դ շողքերը... Դեռ երկար պիտի հսկեմ երկար թարթիչներիդ շուքի տակ, հսկեմ երազներիդ մերկությունը, որ բաց է, ինչպես երկինքը, հսկեմ մի ողջ կյանք, և կարոտդ նկարի ինձ համար երջանկություն, և հավատով քուն մտնեմ` բախելով Անհայտի դուռը... Աչքե՛ր, աչքե՜ր, գիշերը մերկ կանգնել է իմ դիմաց և նա չգիտի, որ ես նկատում եմ հույզերիս մերկությունը, նկատում եմ առաջի՜ն անգամ... 

29.06.2016 թ., ուշ գիշեր © Ռաֆայել Սերենց

1 комментарий:

  1. Анонимный30 июня 2016 г., 14:11

    Քեզ ու քո հոգուն պատած տխրությունն ու կարոտը, կարծես գիշերի քողը թաքցնել է ուզում... բայց իզուր...Դու զգում ես և միաժամանակ նաև ինքդ անպաշտպան ես:Դու խորհում ես: Լռել էիր, իսկ հիմա լռությունը ճեղքել է կարոտը: Նա ամենուրեք է...մեկ հայտնվում է որպես տեսիլք ու մեկ էլ նրա աչքերն են հառնում խոսուն մթի մեջ:Դու զգում ես , դու տեսնում ես նրան ու նրա տխուր աչքերը-թաց աչքերը: Լավ գիտես,որ տխուր են նրա աչքերը և այդ աչքերում նույնպես բույն է դրել կարոտը:Մի անբառ թախիծ դեգերում է մութի մեջ,հայտնվում է քեզ մերթ ցնորք երազ կնոջ, մերթ էլ աստղերի փայլով օժտված աչքերի օգնությամբ: Դու անպաշտպան ես և նա նույնպես: Երբ սիրում են մարդիկ, ապա դառնում են անպաշտպան...Սիրել և ապրել ամեն մի պահը:Այնքան անկեղծ էիք գրել, որ իմ մոտ առաջացավ ցանկություն գրելու...Շնորհակալություն :Շատ գեղեցիկ և հուզական նամականի էր: Գեղեցիկ եք գրում....ունեք այն Ձեր մեջ-Նուրբ-Զգայուն Հոգի:

    ОтветитьУдалить

Blogger Widgets