ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.08.16

ՍԻՐՈՂ ԿԻՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ (տղամարդկանց երկխոսություն)

- Տոթ է, սակայն գեղեցիկ մի բան կա ամենուրեք...
-Ներեցեք, ես շոգ եղանակ չեմ սիրում:
-Զգում եմ` այրվում եք, և գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր, որ երբ ներսից ենք այրվում, հաճախ զովանո՜ւմ ենք...
-Ինչպե՞ս թե...
-Չե՞ք կարծում, պարո՛ն, որ այրվողը հաճախ անելիք ունի, ուրեմն ապրելու գաղտնիք է կրում իր ներսում...
-Իսկ երբ սերդ նահանջում է, և երազներդ ուզում ես վաճառել պատահական անցորդին, դա՞ էլ է
անելիք...
-Կարծում եք, որ կվաճառե՞ք...
-Իհարկե՛, ամեն բան արեցի, ամեն բան...
-Գուցե ոչինչ չարեցի՞ք...
-Ինչպե՞ս եք համարձակվում այդպես խոսել...
-Իսկ ինչո՞ւ արեցիք, երբ պիտի շպրտեիք այդ ամենը Ձեր սիրո երեսին... Մի ձեռքը չպիտի իմանա մյուս ձեռքի արածը...
-Օ՜, աստվածաշնչյան պատգամն եք ինձ մեկնում... Ամեն բան ասված է, բարեկամս, սիրո նահանջը դավաճանություն է...
-Դուք վաճառել եք ուզում պատահական անցորդին սրբազանը` Ձեր սիրո տարածքն այս աշխարհում, և ի լուր աշխարհին հայտնում եք Ձեր սիրո «սխրանքի» մասին և պահանջում փոխադարձ հարգանք, համարեք, որ արդեն ոչ միայն վաճառել եք մարդկային Ձեր սուրբ առաքելությունը, այլ մերկացել եք աշխարհի առաջ...
-Իսկ ո՞րն է նրա առքելությունը... Ո՞րը: Եթե Դուք խոսում եք կնոջ մասին` վահանը պարզած նրա ներաշխարհին, որպեսզի բառը չվնասի իրեն, ապա բարի եղեք նրա փոխարեն պատասխանել: Կրկնում եմ` ո՞րն է կնոջ առաքելությունն այս դեպքում...
-Լռությու՛նը...
-Ներեցեք, ես ճի՞շտ հասկացա, դուք լռությո՞ւնը նկատի ունեք...
-Իսկ ի՞նչ եք կարծում, նա ունի՞ այլ ճանապարհ...
-Դուք ինձ շփոթության մեջ եք գցում...
-Բարեկամս, նվիրեք կնոջը լռության ակնթարթ, և նա իրերը կդասավորի այնպես, ինչպես բնության մեջ ամեն մի առարկա ու երևույթ է դասավորված մի ընդհանուր ներդաշնակության մեջ... Տղամարդը հաճախ շտապում է` փորձելով յուրացնել սեփական առաքինության լեզուն, դա ամենևին խիզախություն չէ: Փորձեմ լինել ավելի պարզ, քանզի այս տոթը չգիտեմ, թե ինչու այսօր ինձ դուր է գալիս և գուցե այն պատճառով, որ երբեմն ջերմության մեջ խոնարհության լեզուն է բարբառում, իսկ այս ամենի ակունքը գուցե բարությո՞ւնն է: Այդպես էլ կնոջ համբերությունն է, որ միշտ պիտի սնվի սիրո լեզվով, այսինքն ջերմությամբ, որպեսզի ծնվի իրականությունը, և սերը մենք պետք է նվիրենք նրանց առանց ակնկալիքի... Դա հենց ներքին ջերմությունն է, որով սնվում է ընտանիքը... Տան ուժը կինն է...
-Ներեցեք, Ձեր աչքերում արցունքներ նկատեցի, գուցե սխալվո՞ւմ եմ...
-Ես ուղղակի ժպտում եմ:
-Դուք մի՞շտ եք այդպես ժպտում: Առաջին անգամ եմ զգում, որ ժպիտում արցունքը խորանում վառվող մոմի է նման: Դուք տխո՞ւր եք, անծանոթ բարեկամ:
-Ո՛չ, իհարկե, ո՛չ, ես ուղղակի ի՛նձ նման եմ ժպտում... Դուք էլ Ձեզ նման խոսեցիք սիրուց, բայց երկուսս էլ մոռացանք մի կարևոր բան, շատ կարևոր...
-Ե՞վ:
-Կնոջ ներաշխարհը չեն վերլուծում, կարո՞ղ եք անքննելին ժամանակի մի փոքր հատվածի մեջ պարզել մարդուն որպես ճշմարտության խորհուրդ և մեկնել նրա իմաստը... Այդպես էլ կինն է իր ներաշխարհով պարզված տղամարդուն... Նրան ժամանակ է պետք և դա պահանջում է մի ողջ կյանք: Աստվածային է նրա առաքելությունը, հետևաբար` անքննելի...
-Մի՞թե նա հեռավորության վրա լսեց իմ տրտնջալը... Իմ սերը, իմ կյանքի իմաստը, իմ սիրելին...
-Կանանց բառարանում տարածություն և ժամանակ բառերը չկան: Նրանք երբե՛ք չեն պահանջում ազատություն, քանզի նրանց ազատությունը սիրո մեջ է, դա է պատճառը, որ կնոջ քնքշությունը ամենաբնականն է աշխարհում, որից ծնվում է տղամարդու հերոսական էպոսը: Ակնթարթ անգամ սերը նահաջեց, կինը զգում է, որտեղ էլ, որ լինենք, թեկուզ մտքում շշնջանք:
-Ես հաճախ եմ տրտնջացել այս եկեղեցու բակում և մենակ:
-Նվիրեք Ձեր սիրելիին ժամանակ, իսկ դրա համար խիզախություն է պետք, որին կոչում ենք համբերություն... Իսկ համբերությունը բնական ընթացք է հավատից ծնված: Համբերության մեջ սերը խնամելու պատգամն է, իսկ դա տևում է մի ողջ կյանք... Երջանկություն է, երբ սերդ խնամելով ես տարված...

09.08.2016 թ., Երևան
© Ռաֆայել Սերենց

1 комментарий:

  1. Սերը մարդիկ տարբեր կերպ են ընկալում- սեր բռնակալ,սեր իշխող, սեր տանջող, սեր ինքնահաստատվող,սեր ... բայց չգիտեն որ սերը միակն է ու անբացատրելի : Նա տալիս է անմնացորդ,փոխադարձ ոչինչ չակնկալելով:Նա չի կարող լինել թվարկվածներից ոչ մեկը: Սիրել նշանակում է ոչ թե բացված ծաղիկը պոկել, այլ նրան ջրել, խնամել: Ձեր մտքերը խորն են ու անկեղծ : Նրանք կօգնեն և կսովորեցնեմ ինչպես սիրել: Սերը դաստիարակում է նաև մարդուն և օգնում ճիշտ ապրել:Ձեր մտքերը խորն են բացվող օրի նման ու նրանք երկար ճանապարհ են անցնելու և օգնելու : Շնորհակալություն:❤

    ОтветитьУдалить

Blogger Widgets