ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.10.16

Դիանա Հարությունյան. ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ ՎՃԱՐՎԵՑ...


Դիանա Հարությունյան
ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ ՎՃԱՐՎԵՑ /իրապատում/

...Այնքան երջանիկ օրերով էին լցված, որ երբեք չէին էլ պատկերացնում բաժանման մասին, բայց անսպասելի ու անկանխատեսելի այդ օրը եկավ...
Հետպատերազմյան շրջանից դեռ հետքեր էին մնացել, ավարտված էր համարվում, իսկ վերսկսվելու վտանգը միշտ էլ կախված էր օդում: Օրերից մի օր այդ չարագուշակ օրը կրկնվեց։
Մեկ տարի շարունակ սառել էր ջերմ հարաբերությունները, բայց շփումը դեռ պահպանվում էր։ Սովորականի պես աշխատանքից տուն էր վերադառնում, երբ սրտի արագ զարկերը թելադրեցին զանգել, բայց սա ամենօրյա ու մշտական կարոտի զանգը չէր, այն շատ էր տարբերվում։ Հոգու անհասկանալի տագնապից ձեռքերը սկսեցին դողալ, հավաքելով համարը վախի զգացողությունը եռապատկվեց, բայց փորձեց զսպի հուզմունքը։
-Բարև խելառ, -բառերը դողալով մի կերպ արտասանեց ատամների արանքից: Լավ ե՞ս։
-Դու՞, քեզ հարմար է արդեն…
-Ի՞նչ պատահեց, որ հիշեցիր։
Լռում էր, միայն շունչն էր զգացվում: Մի քանի րոպե խորը լռություն տիրեց:
-Լավ, լավ, անցած լինի, լավ եմ լավ, այնքան լավ, որ ճակատ եմ մեկնում…
-Ճակա՞տ, ձայնի դողն ավելացնելով հազիվ արտասանեց։
-Այո´, հայրենիքս իմ կարիքն ունի, մեր բոլորիս կարիքն ունի, դու հասկանում ես, չէ՞, ինչ է նշանակում ՄԱՅՐ, երբ հիվանդանում է ու ունի իր որդիների կարիքը, հիմա ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ հիվանդ է, և մեր կարիքն ունի, դու մի անհանգստանա, ես անպայման կվերադառնամ, քո զանգը ինձ ավելի ուժ տվեց, դու հավատում ես չէ՞, որ ես կգամ։ 
Հուզմունքը խեղդեց կոկորդում ու կիսաձայն տոնով արտասանեց։
-Ինչ էլ լինի ես քեզ սպասում եմ։
-Վերջ, վերջ, էլ չենք տխրում, ես քեզ խոստացել եմ, կգամ ու միասին կնշենք մեր հաղթանակը։ Ներիր հոգիս, ձայն են տալիս, պիտի գնամ, կզանգեմ, միշտ կզանգեմ, աչքերիդ մեջ թախիծ չտեսնեմ, քո ժպիտը ու ժպտալով հայացքն եմ ինձ հետ տանում, չտխրես, որպեսզի երկինքս չմթնի։
Անջատեց հեռախոսը, լռության մեջ խորացավ մտքերով ու ընկնելով հիշողության գիրկը, փորձեց ուժերն հավաքի, մոռացության տալով նեղացած վիճակը, որի արդյունքում ինքն արդեն իրեն պատժված էր համարում...
Արտակն անջատեց հեռախոսը ականջներում միայն Աստղիկի խոսքերն էին զնգում: «-Ինչ էլ լինի, ես քեզ սպասում եմ...»:
-Աստղ, իմ երկնքի ամենափայլուն Աստղ, ես անպայման հետ եմ վերադառնալու, ես պարտավոր եմ հետ գալու, իրեն իրեն մրմնջաց ու քայլերն ուղղեց դեպի ընկերները, որտեղ հավաքվել սպասում էին հրամանատարի հրահանգին։
-Ա՜խ, Աստղ, Աստղ, եթե մի պահ պատկերացնեիր, թե ինչեր ես ապրեցի քո ողջ լռության ընթացքում, քո զանգին անընդհատ սպասելով, նամակներս միշտ անպատասխան թողնելով, չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչ էր կատարվում, ախր, ո՞ր մեղքիս համար, ախր ինչու՞ էիր ինձ միշտ լռեցնում ու կրկնում. «-Խնդրում եմ, մի՛ զանգիր, ես ուզում եմ մենակ մնալ»։ Բայց դու այն Աստղիկն էիր, ով ամեն օր ծիծաղը դեմքին զանգում էր ու արագ արագ հարցերի շարանը կապում, հերթը չտալով իմ պատասխաններին։ Քո սիրուց խենթացած, ես միշտ փախնել էի ուզում ինքս ինձանից, բայց պատերազմը երկար մտածելու տեղիք չտվեց ինձ, ահա ես գնում եմ, բայց անունդ շուրթիս, հայացքդ մտովի աչքերիս մեջ գծագրած։
Խոհերի մեջ անէացած վիճակից սթափեցրեց ընկերոջ ձայնը։ 
-Արտա´կ, տանը ասել ե՞ս, որ մեկնում ես։
-Չեմ ասել, չեմ ասել ոչ մեկին, միայն արագ արագ մտա տուն, Մանեին՝ քրոջս, համբուրեցի, մորս աչքերի մեջ չնայեցի ու հայացքս թաքցնելով դուրս թռա տանից, անընդհատ կրկնելով, որ ես կարող է ուշ տուն գամ։
-Չե՞ս պատրաստվում զանգել:
-Կզանգեմ անպայման կզանգեմ, մորս չէի ուզենա անհանգստություն պատճառել, բայց եղբորս չտեսա, ուզում եմ մի վերջին անգամ իրեն տեսնել, նոր հանգիստ խղճով կարող եմ մեկնել։
-Դե՛, արագացրու´, զանգի´ր, ժամանակ չունենք: Քիչ անց Արտակի կողքին էր Տիգրանը՝ փոքր եղբայրը:
-Տանն ի՞նչ ասացիր, որ եկար:
-Ասացի, որ մեկնում ես պատերազմ ու քեզ տաք շոր է հարկավոր, պիտի հասցնեմ: Արտակը մի կերպ զսպեց հուզմունքը, եղբորը սեղմեց կրծքին ու առանձնացավ ընկերներից:
-Տիգրան, վերցրու այս հասցեն ու հեռախոսահամարը, եթե ինձ հետ ինչ որ բան պատահի միայն Աստղիկին կզանգես, լուր կտաս, ուրիշ ոչ մեկին, լսեցի՞ր:
-Տիգրանը վերցրեց թուղթը, խնամքով դրեց գրպանն ու ավելացրեց.
-Ես գիտեմ, որ դու կվերադառնաս, դու շատ ուժեղ ես, իսկ ես հպարտ եմ քեզանով:
Եղբորը ճանապարհեց, իրենք նստեցին մեքենաներն ու շարժվեցին:
Պատուհանից նկատեց, թե ինչպես Տիգրանը գլուխը կախ ու արցունքն աչքից հեռացնելով քայլերն ուղղեց դեպի տուն...
Արտակը կախ էր ընկել պատուհանից ու աչքերը չհեռացրեց այնքան, մինչև Տիգրանը անհետացավ տեսադաշտից։ Եղբոր գլխիկոր քայերն ու արցունքների սրբելը դաջվեցին հայացքի մեջ, բայց հոգին անհասկանալի ուժով էր լցվել, իր Աստղիկն էր զանգել: Մեկնում էր պատերազմի, թշնամու դեմ պայքարի, իր Աստղիկին պաշտպանելու, մորը, քրոջը և վերջապես իր հայրենիքին, որը միշտ առաջինն էր, ում համար պատրաստ էր միշտ տալու, անխնա ու անվերադարձ։ Աստղիկը կիսաշփոթված տուն նետեց իրան, լուռ ու անձայն ներս մտնելով փակվեց սենյակում։
-Աստված իմ, ինքը ինձ ասեց, որ ճակատ է մեկնում, մի՞թե փորձում է այդ կերպ ինձ կոտրել, իմ համառությանը վերջ դնել։ Բայց չէ, ինքը երբեք չէր խոսում, անգամ կատակով, երբ խոսքն ու գործը հայրենիքին էր վերաբերվում։ Սկսեց խճճվել մտքերի մեջ: Աններելի վիրավորվածությունն անգամ մոռացավ, ուղեղի մեջ միայն աղոթք էր, միայն մի միտք էր տանջում։
-Մի՞թե, ես կարող էի կանխել ու չարեցի, մի՞թե ինքը ինձ պատժելու համար գնաց։ Օ˜, ոչ, ես չեմ դիմանա, խնդրում եմ, շատ եմ խնդրում, միայն թե հետ վերադարձիր, իմ այս դաժան ու լռակյաց ապրումներին չգումարես տանջամահությունը։ Չդիմացավ, մտքերի հետ կռիվ տալով վեր թռավ տեղից ու անմիջապես ձեռքը մեկնեց հեռախոսին։
-Ալո, Արտակ, ասա´, ասա´, որ ինձ ես պատժում։
-Աստղի˜կ, իմ սիրո դիցուհի, իմ կապույտ երկինք, երբեք, լսու՞մ ես, երբեք մտքովդ չանցնի, որ ես ունակ եմ քեզ պատժելու, քո այսքան երկար լռությունից անգամ ես չկարողացա չարանալ, միշտ լուռ ու մունջ սպասել եմ քո արձագանքին, որին այդպես էլ չարժանացա, իսկ հիմա, մենք միասին ենք, ու ես քեզ ինձ հետ տանում եմ, դու իմ կողքին պիտի լինես, որպեսզի ես ինձ պաշտպանված զգամ։ խնդրում եմ չտխրես, ես զգում եմ, երբ դու տխուր ես, իսկ քո տխրությունը ինձ կզրկի լույսից, ուժից։
-Արտակ, ես քեզ կզանգեմ գիշեր ու ցերեկ, չեմ դադարի սպասելուց:
-Լսիր հոգիս, ես ինքս կզանգեմ, խոստանում եմ ամեն հնարավոր պահի քեզ տեղյակ կպահեմ, իսկ հիմա խաղաղվիր։ Արցունքները խեղդելով կոկորդում անջատեց հեռախոսը, գլուխն առավ ափերի մեջ ու լուռ սկսեց հեկեկալ...
Ողջ ճանապարհին Արտակը մտովի զրուցեց Աստղիկի հետ։
-Խնդրում եմ, ինչ էլ լինի, խոստացիր, որ ինձ կհիշես ու իմ անունը վառ կպահես։
Մթնել էր, սարերի միջով տանող խորդուբորդ ճանապարհն անգամ դյուրին էր թվում, քանի որ աչքերը փակել ու չէր կամենում կտրվել երազից, ուզում էր մեկ վայրկյան ավել ապրել, զգալ շունչն Աստղիկի։ Լուսադեմին հասան զորամաս, տեղավորվեցին շատ արագ, կազմ պատրաստ սպասելով հրամանին։
-Վերջ, անմիջապես դիրքեր ենք բարձրանում, լսվեց հրամանատարի խրոխտ ձայնը:
Արտակը ժամանակ չկորցրեց, առանձնացավ բոլորից Աստղիկին լուր տալու։
-Աստղ, իմ երկնային հրեշտակ, մենք բարեհաջող տեղ ենք հասել, ամեն ինչ շատ լավ է, չտխրես լսու՞մ ես, խոստացի՛ր, խոստացի´ր, որ ես ինձ լավ զգամ, հա՞։
Հեծկլտոցը թաքցնելով ուժերը հավաքեց ու կրկնեց.
-Չեմ տխրի, խոստանում եմ, Չեմ տխրի, միայն ինձ լուր տուր, երբ կկարողանաս, խնդրում եմ, սպասում եմ։
-Դե´ կրկնիր քո սիրած բառն ու անջատիր, թեթև ժպիտը դեմքին ասեց Արտակը։
-Դու իմ խենթն ես:
-Վերջ, անջատում եմ, մեզ կարող են գաղտնալսել, դու չզանգես, ինքս կապ կհաստատեմ քեզ հետ։
-Սպասիր, իսկ դիրքեր դու բարձրանալու ես, ի՞նչ ծրագրեր ունեք, տեղյա՞կ ես արդեն։
Սովորության համաձայն թվարկեց հարցերի շարանը։
-Այս պահին չենք գնալու, դիրքերում տղաների քանակը բավարար է, մենք դեռ զորամասում ենք լինելու, փորձեց համոզիչ տոնայնությամբ պատասխանի արժանացնել։
-Լավ Արտակ հասկացա, արդեն սկսեցի խաղաղվել, կզանգես չէ՞ նորից։
-Դու գիտես չէ՞, որ ես շնչում եմ քեզանով ու քո համար, ուրեմն վստահիր ու սպասիր մեր սիրո հանդիպմանը, էլ չեմ ասում, որ դեռ պիտի բացատրություններ տաս քո լռելու համար։
Թեմայից շեղելով, ուրախ տրամադրություն փոխանցելով Աստղիկին անջատեցին հեռախոսները:
Աստղիկը գամված մնաց անկողնուն, իսկ Արտակը բարձրացավ դիրքեր։
Տեղավորվեցին պատրաստակամ ու վճռական կերպով, թշնամուն արժանի հակահարված տալու վստահությամբ։
Աստղիկը փորձում էր ուժերը հավաքել, բայց ժամ ժամ էր թուլանում։
Շատ էր նեղված, ներելու միտքը ամբողջությամբ դուրս էր վանել, բայց հոգին նվաղում էր, հանգիստ չէր տալիս։
-Ես չեմ լքի քեզ, կաղոթեմ օրն ի բուն, միայն քո անվնաս վերադարձիդ համար, իսկ, եթե քեզ հետ մի բան պատահի, ես խոստանում եմ, մեկ ժամ ավել չեմ ապրի։ Ինքն իրեն երդում տալով դանդաղ բարձրացավ անկողնուց։ Ուշադիր քայլերով մոտեցավ պատուհանին, որտեղ միշտ կանգում ու ժամերով խոսում էր Արտակի հետ։ Արցունքները գլորվում էին անխնա, մեղավոր էր իրեն զգում...
...Գիշերը լուսացրեց գրեթե անքուն։ Երբ արևի ճառագայթները ներխուժեցին պատուհանից դեպի սենյակի ներսն ու, թախիծը պատեց, հիշեց Արտակի ամենօրյա զանգերը, որոնք արևի պես ջերմացնող էին, իսկ բարի լույսը մի ամբողջ կյանք էր ներշնչում։
Հեռախոսը վերցրեց, փորձեց հավաքի համարը, բայց հիշեց, որ Արտակն ասել էր. -Դու չզանգես, մեզ կարող են գաղտնալսել։
Դողացող մատներով դարձյալ ցած դրեց հեռախոսը։ Օրը ճաշ դարձավ, բայց դեռ Արտակից լուր չուներ, սրտի զարկերն արագացել էին։
-Մի՞թե մի պահ չի կարող ժամանակ ստեղծել, մտածում էր ու անդադար քայլում սենյակում։
-Չէ˜, ես կզանգեմ, թող գոնե բաց թողնված զանգերս տեսնի։ Երկար չմտածելով արագ արագ հավաքեց համարը, իսկ Արտակի հեռախոսը անջատված էր, ոչ մի կերպ չէր կարողանում կապ պահել։ Երկինքը մթնեց գլխին, աչքերի դեմ սևացան։ Մի կերպ նստեց անկողնուն։ Հինգ օր շարունակ ոչ մի լուր չունեցավ Աստղիկը, օր օրի անզոր էր դառնում, հարազատները չէին հասկանում ինչ է հետը կատարվում, մտածում էին, որ գերլարված աշխատանքի պտուղներն է քաղում։ Իսկ Աստղիկը օր օրի մեկուսանում էր ու փակվում բոլորից։ Լրանում էր տասներորդ օրը, լուր չկար ու չկար Արտակից, իսկ ինքը այնքան քնաբեր հաբեր էր օգտագործել, որ սկսել էր դեղերով սնվելը։
Օրերը տարիներ էր թվում, սպասողական վիճակն սպառնում էր ոչնչացում ժամ ժամ հասունանում էր տագնապը։
Ամեն լուսաբացին հեռախոսը ձեռքի մեջ արթնանում էր։
Ամենօրյա հերթական առավոտը բացվեց, աչքերը բացելուն պես նկատեց հեռախոսի նամականին, դողում էր ողջ մարմնով, վախի զգացողություն էր տիրել։
-Մի՞թե... Չէ, չէ, չկա նման բան, ինքն իրեն իրեն մրմնջաց ու բացեց նամակը։ Ընդամենը երկու բառ. «-Ամեն ինչ լավ է...»:
Շփոթված, ուրախությունն ու հուզմունքն իրար խառնված փորձեց պատասխանել, զանգել, բայց ավա˜ղ… կրկին անհասանելի էր...
Անհասկանալի սպասողական վիճակն ավելի էր խենթացնում։ Չէր կարող չլսել սրտի ձայնին, որն այնքան արագ ու վատ կանխազգացումով էր բաբախում։
-Սիրտ իմ, խաղաղվիր, գիտեմ, հասկանում եմ անհանգստությանդ պատճառը, Բայց... Ո՛չ, ո՛չ, Արտակը ինձ խոստացել է, չի խավարեցնի իր արևին...
Մտքերով կրկին սլացավ անցյալի գեղեցիկ հուշերի գիրկը, երբ ամեն լուսաբացին անհամբեր սպասում էր հերթական անակնկալ բարի լույսին։ Մեկ տարի շարունակ լռելն այնքան չէր տանջել, որքան այս տասը օրերի քար լռությունը։
Հուզմունքից չէր զգում, որ բարձրաձայն է կրկնում արդեն անհանգստությունից ծնվող բառերը։
-Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ։ Առանց քեզ ես շատ միայնակ եմ։ Իմ կյանքից անցնում են ոչ թե օրեր, այլ ամեն օրը մի տարի։ Վերադարձի՛ր խնդրում եմ, չեմ դիմանա առանց քեզ։
Մտքերից կտրվեց դռան թակոցից։
-Աստղ, արդեն չենք հիշում, երբ ենք միասին սեղանի շուրջ միասին ճաշել, արի՛, քեզ ենք սպասում, խեղճացած ձայնով խոսեց եղբայրը։
-Գալիս եմ գալիս, հիմա, հենց հիմա, փորձեց թաքցնել արցունքները։ Սեղանի շուրջ բոլորը լուռ էին, հացը կուլ չէր գնում, միայն թեյ խմեց ու արագ փորձեց դուրս փախնել տանից, մտածելով, որ տան պատերն են ճնշողը: Ամեն կերպ փորձում էր հնար գտնել Արտակից լուր ստանալուն։ Պահի տակ ընկերուհուն հիշեց.
-Միգուցե՞ ինքը տեղյակ լինի, իր հայրն էլ է մեկնել։ Ժամանակ չկորցնելով արագ արագ հավաքեց համարը։
-Աննա՞, բարև Ան ջան, այս պատերազմական դժվար օրերին բոլորս այնքան լարված ենք ապրում, որ մոռանում ենք ինքներս մեր մասին, իմացա, որ հայրդ էլ է մեկնել, ո՞ր ջոկատում է... Երկար բարակ զրույցից ու հարցադրումներից պարզեց, որ Աննայի հայրը նույնպես Արտակենց ջոկատում է եղել, մի քանի օր անց ինքը վերադարձել է, իսկ Արտակենք բարձրացել են դիրքերը։ Հեռախոսը անջատեց, ոտքերի ուժից ամբողջությամբ զրկված, գրեթե անգիտակից վիճակում վերադարձավ տուն...
-Դիրքե՞ր, բարձրացել են դիրքե՞ր... Աստվա˜ծ իմ, խնդրում եմ, շատ եմ խնդրում, վերցրու ինձանից իմ կյանքը, պահպանիր մեր զինվորներին, պահպանիր բոլորին...
Մեկ անգամ ևս փորձեց հավաքել Արտակի համարն ու արցունքից ծով դարձած աչքերով հենվեց մահճակալին. -Ահա´, թե ինչու ես լռում, ինչու ես անհասանելի։ Դու ինձ չասացիր, խաբեցիր, որպեսզի չանհանգստանամ, բայց չմտածեցիր, որ հիմա ավելի է կրկնապատկվել անհանգստությունս։ Ախր, շատ լավ գիտեիր, քաջատեղյակ էիր, որ սպասողական վիճակն ինձ համար սպանություն է։
Զայրույթն ու ցավն իրար էին խառնվել, հեկեկում էր չդադարող արցունքները խեղդում էին կոպերի տակ մարող բիբերը:
-Ինձ ոչինչ չի մնում, բացի աղոթքից... Խնդրում եմ, գթասիրտ եղիր Աստված, պահպանիր մեր զինվորներին։ Ամեն մեկը մի տան ճրագ են, ամեն մեկը հայր ու որդի... սևազգեստ չդարձնես մայրերիս հայոց, հայոց հարսներիս ու քույրերիս հայոց։
...Ցավից չզգաց ինչպես գլուխը հանձնեց բարձին...
Արտակն ընկերների հետ միասին դիրքերում էր... բայց ոչ մի վայրկյան Աստղիկի դեմքն աչքերից չէր հեռացնում։ Ամեն գիշեր, երբ պառկում էր խրամատում՝ անկողին դարձած հողին, աչքերը չէին կտրվում երկնքից, միշտ Աստղիկի պատկերն էր գծագրում, տեսնում, թե ինչպես է հայտնվում ու լուռ ժպտում։ Խաղում աստղերի հետ ու ճոճվում լուսնի մահիկին...
...Նոր էին բարձրացրել դիրքեր, հրամանատարը հրահանգ տվեց, որ հնարավորինս պաշտպանեն զգոնությունը։ Թշնամին այդ ուղղությամբ միշտ հետախույզներ է ուղարկում, քանի որ գտնվում են անմիջապես դարպաս հանդիսացող դիրքերում։ Մութը նոր էր վրա տվել, երբ ոտնաձայներ լսվեց, թշնամու հինգ հետախույզ զինվորներ հատել էին սահմանն ու մոտենում էին Արտակենց դիրքին: Խուճապի չմատնվեցին, արագ ու հմտորեն իրենց գործին անցան։ նախ բաժանվեցին իրարից ու համապատասխան դիրք գրավելով շունչները պահեցին... և սպասում էին... Չորսին անմիջապես ուղարկեցին իրենց ալլահին մատաղ, իսկ հինգերորդը փախավ... Արտակը վեր թռավ խրամատից փորձեց հետևել, որսալ ուղղությունը ու հարմար պահի վնասազերծել: Այդ պահին հակառակորդի կողմից կրակոցներ արձակվեցին...
-Արտա˜կ, ու՞ր ես բարձրանում, խրամատից միաբերան ձայն տվեցին ընկերները։
Մինչ փորձում էին կանխել Արտակին, թշնամու արձակված փամփուշտներից ետ մղվեց ու փռվեց գետնին...
Ընկերներից ով ամենամոտն էր կանգնած Արտակին, չնայեց փամփուշտների տեղատարափ անձրևին, որը կայծակնային արագությամբ թափվում էր իրենց գլխին...
-Արտա´կ, Արտա˜կ, ձայն հանիր...
Կիսաշփոթված ու վախը սրտում փորձեց հասկանալ բաբախո՞ւմ է սիրտն արդյոք...
...Ուրախությունից աչքերը փայլեցին, շնչում է, փառք Աստծո։ Ընկերները ժամանակ չկորցրեցին, Արտակին տեղափոխեցին խրամատ ու բժշկական օգնության համար անմիջապես կապնվեցին հրամանատարին։
Հարվածից գիտակցությունը չէր կորցրել, անգամ չվախեցրեց, որ մահն է իր բաժինն արդեն, միայն սարսափ էր ապրում, որ մի վերջին անգամ չպիտի կարողանա համբուրել Աստղիկին, իր Ասղտիկի շուրթերն ու անվերջ կրկնել, որ սիրում է, որ... որ... -Միթե՞ լռության գինը թանկ ենք վճարելու։ Միթե՞ Աստված որոշեց մեզ բաժանել միմյանցից։ Միթե՞ մեր երազանքները անավարտ մնացին։ Չէ, չէ, հաստատ չեմ զղջում, որ կյանքս հայրենիքիս համար եմ զոհաբերում, ես եկել էի իմ կրծքով պաշտպանելու մայր հողս, քեզ ու բոլորին, միայն խնդրում եմ ինձ չմոռանաս, թող իմ անունը միշտ շուրթիդ մնա, ես ինձ հանգիստ կզգամ այդպես, ու ավելի ապահով։ Խնդրում եմ, չտխրես ու չափսոսաս։ Միշտ հիշի՛ր, ես սիրել եմ քեզ, սիրում էի ու սիրում եմ։ Քո լռությունն ինձ չչարացրեց նույնիսկ, անհատակ սիրով եմ սիրել հենց առաջին հայացքից։
Մինչ մտքերով Աստղիկին հրաժեշտի խոսքեր էր մրմնջում, կարծես հրաշք տեղի ունեցավ, դեմ դիմաց կանգնեց Աստղիկը, սպիտակ, երկար շորը հագին, ջրահարսի տեսքով, ժպիտը դեմքին ձայն տվեց.
-Դե´, ձեռքդ տու´ր, ի՞նչ ես պառկել, ես եկել եմ, եկել եմ քեզ ասելու, որ միշտ քո կողքին եմ եղել, հիմա էլ քո կողքին եմ, դու մենակ չես, իսկ ես պատրաստ չեմ քեզ կորցնելու, դու ինձ այդպիսի պատժի չես արժանացնի։ Վեր կաց իմ խենթ, ես դեռ սպասում եմ քո խոստացած սերը վայելելուն։ Հիշում ե՞ս, դու ինձ խոստացար, որ մեր սերը դարի եզակին ու անհամեմատելին է լինելու, մեզ դեռ սերունդներ են հիշելու, մեր սերն օրինակ է լինելու։ Դու ինձ միշտ ասում էիր. «-Իմ հոգու երկինք, մեր սերն անգամ նման չի լինի Սոսի ու Վարդիթերի, Անուշի ու Սարոյի, Սիամանթո Խջեզարեյի սիրուն»։ Հիշում ե՞ս, իմ խենթ: Մի´ խենթացրու ինձ, ես չեմ դիմանա։ Ես սպասում եմ, քո խոստացած սիրուն...
Հոգին ջերմացավ, զգաց, որ դեռ ողջ է, բայց մարմնի դողից ու ցրտից գիտակցությունը կորցրեց...
Արտակին դիրքերից տեղափոխեցին վրանային բուժկետ։ Հարվածը կրծքավանդակին էր դիպչել։ Ի ուրախություն, և ի զարմանս բժիշկների, վերքը շատ խորը չէր։ Փամփուշտերը ծակել անցել էին փամփշտակալն մխրճվել զրահաբաճկոնի պաշտպանիչ շերտերի մեջ: Կարծես հրաշք էր տեղի ունեցել։ Արտակը դեռ գիտակցության չէր եկել, երկու օր շարունակ հսկողության տակ էր։ Ընկերների անհանգստությունը կրկնապատկվում էր.
-Ասես, ինչու՞ չի արձագանքում, ի՞նչ է կատարվում իր հետ, մեկը մյուսին հերթ չտալով դիմում էին բժշկին։
-Սպասել է պետք, հարվածը շատ ուժեղ է եղել, խորը չի վնասվածքը, բայց ցավը ունակ է կոմայի մեջ պահելու։ Արտակն աչքերը բացեց, բայց լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Մտքերով Աստղիկի հետ էր։
-Աստղ, դու իմ երկինք, իմ հրեշտակ, սա քո սիրո ուժն էր, որ ես ողջ մնացի։ Իմ երկնքի ամենափայլուն աստղիկն ես դու, իմ մի կաթիլ կարոտն ես դու։ Ես, ես... Ես պարտավոր եմ քեզ երջանկացնելու։ Քո սերն այնքան հզոր էր, որ պատնեշ հանդիսացավ իմ ու թշնամու գնդակի միջև։ Ես չեմ հավատում, սա ինձ համար իմ նոր կյանքի նոր սկիզբն է, մի՞թե քո աղոթքները Աստվածը լսեց...
-Արտակ, Արտակ, ասա ի՞նչ կուզես: Ընկերները փորձում էին հասկանալ գիտակցում է, թե ուղղակի է աչքերը բաց։ Հայացքն ուղղեց ընկերոջը, ու շատ թույլ ձայնով կրկնեց.
-Ինչ չէ, ում...
-Ում կուզե՞ս Արտակ ջան։
-Իմ Արևին...
Ընկերները գլուխը տարուբերեցին, լուռ նայեցին միմյանց ու մի քիչ հեռու փորձեցին կանգնել Արտակից։
-Բժիշկ, ինքը չի գիտակցում, խելքը գլխին չի, ասում ենք ինչ կուզես, ասում է ինչ չէ, ում, իմ Արևին։
-Իր քրոջ անունը՝ Մանե է, իսկ մորը՝ Հասմիկ։ Անհանգիստ, շփոթված հայացքներն ուղղել էին Արտակին ու լռում։ Գրեթե տասը օր պառկած վիճակում մնաց, բայց օր օրի դեպի լավն էր գնում:
Բժիշկները լավ էին բուժօգնությունը ցուցաբերում, շատ մեծ հոգատարությամբ։ Տասերորդ օրն էր, որ Արտակը, մեկ բառով Աստղիկին նամակ ուղարկեց, որպեսզի չանհանգստանա, իսկ հիմա արդեն քսաներորդ օրն էր լրանում, որ Աստղին ոչ մի լուր չի տվել։
-Լավ, երեկոյան կզանգեմ, ինքն իրեն որոշեց Արտակը։
Երեկոյան ընկերները հավաքվեցին Արտակի շուրջը, ուրախությունները օր օրի կրկնապատկվում էր, որ դեպի ապաքինում է գնում։
Աստղիկը սպասողական վիճակից, չսնվելուց, հյուծվել ու բոլորից հեռացել էր։
Փակվել իր մենության ու խոհերի մեջ։ Երեկոն մոտենում էր, Աստղիկն իր սովորական անհանգիստ ապրումների մեջ չէր, լարված էր, սրտի կանխազգացումն սկսեց քամել կոկորդը։ 
-Ինքն իրեն փորձեց հանգստացնել, որ սպասումի հերթական անհանգստությունն է։ Մոտեցավ պատուհանին, երազկոտ աչքերով վերցրեց հեռախոսն ու փորձեց իր հերթական զանգերն Արտակին, որոնք օրվա մեջ դարձել էին չհաշշվող։ Զանգը գնաց։ Ձեռքերի դողից հեռախոսն ընկավ, աչքերին չէր հավատում։
-Աստված իմ, մի՞թե: Չէ, չէ, ինչ եմ ժամանակից շուտ ենթադրություններ անում, ինքն իր հետ կռվելով արագ նայեց, արդյո՞ք ճիշտ համարով է զանգել։
Զանգերը չէին դադարում լռել, բայց պատասխանն ուշանում էր։
Արտակը պառկած էր, ընկերները հավաքվել էին շուրջն ու ամեն մեկը մի ուրախ դեպք հիշելով փորձում էին Արտակին ուրախություն պարգևել։ Հեռախոսը բավականին հեռու էր՝ պատուհանի գոգին, երբ ընկերներից մի երկուսը դուրս էին եկել ծխելու նկատեցին զանգերը։
-Արտակին են զանգում։
-Դե տար տուր, տանեցիները կլինեն։
Ընկերը վերցրեց հեռախոսը աչքովն ընկավ զանգողի անունը՝ Արև։
-Արտ, քեզ են զանգում, անունն էլ Արև։
-Գիտեմ, գիտեմ տուր, ինձ էլ ուրիշ զանգողը չէր էլ լինի այս պահին։
-Ա՞րտ...
-Ինքն է, ինքը, իմ Արևը, երբ գիտակցության էի եկել ու ձեր հարցին պատասխանեցի, ա՞յ հենց իրեն էի ուզում։ Հեռախոսը վերցրեց, բայց համարձակությունը չներեց պատասխանի, անջատեց ու փորձեց նամակ գրել...
«Չեմ կարող խոսել հոգիս, ես քեզ արդեն ասել եմ, որ մեզ կարող են ձայնալսել։ Երկնային լույսի ու ջերմության Աստվածուհիս, ուզում եմ քո տաճարին ընծայել իմ ամենաընտիրը։ Աստղերից թագ դնել լուսափայլ ճակատիդ։ Սիրում եմ քեզ։ Իմ ողջ էությամբ ապրում եմ բացակայությունդ։ Ամենուր դու ես, քո աստվածային պատկերն անընդհատ աչքերիս առաջ է՝ հոգուս վրա։ Վախենում եմ, վախենում եմ անգամ անունդ արտասանելուց, որ չարը չտանի, չզրկի ինձ քեզ տեսնելուց ու ապրելուց… Գիտե՞ս, երբ մենակ եմ մնում՝ ինքս ինձ հետ, մենակ ու տխուր, այդ ժամ նեղանում եմ ինքս ինձանից, պատժում եմ ինձ, սպառնում, որ եթե... մեղա˜ մեղա˜․․․ Իմ հրա՛շք աղջիկ, ոչ մի կերպ չեմ դատարկվում․․. Ամբողջ ներսս ամբարած, կուտակված ասելիքս այլեւս անկարող եմ փակի տակ պահել, բացել եմ ու շաղ եմ տալիս ոտքերիդ առաջ… Քայլի՛ր խոսքերիս վրայով ու տրորի՛ր, ճզմի՛ր ասելիքս ու միեւնույն ժամանակ նրա տարածվող բույրից հագեցիր․․․ Աշխարհում ոչինչ քո հետ չի չափվի․․․ Դու իմ ամենավառ աստղս… Իմ ճակատագիր, իմ երկինք․․․ Կարոտել եմ․․․ Օր օրի հասկանում եմ բացակայությունդ, ու ամեն օր մոտենում կարոտիս… Ասեմ, որ ուրախ եմ... Չէ, չէ, տխուր չեմ, բայց սիրտս պոկվում է տեղից... Արագազարկ թրթիռը սպառնում է գողանալու դեմքիս ժպիտը, բայց վստահ եմ, շուտով գրկել քեզ ու անմահանալ հոգուդ հեռուներում… Իմ հրաշքս, Աստղս… Շնորհակալ եմ աստվածներին, որ չխնայեցին, չզրկեցին ծառայիդ, աչքերիդ մեջ կարդալու այն երեք բառերը, որ կաթում էր բիբերիդ տակից։ Գիտե՞ս, ես ստվերիդ պես եմ քեզ հետեւում, երբեք մի արա այն ինչը պիտի ինձ էլ տխրեցնի․․․ Ես կվերանամ երկրից, երբ դու թույլ ես ու տկար, երբ դու մռայլվում ես։ Արի փորձենք չապականել, չաղավաղել մեր սիրո պատմության անաղարտ դեմքը։
Ես սիրում ու պաշտում եմ քեզ․․․ Սրանք խոսքեր չեն, ապրած ու չապրած օրերիս վիճակն է։ Չեմ տալու քեզ եւ ոչ մեկին․․․ Ով էլ լինի․․․ Դու իմ միակն ես ճակատագրով, եւ իմ վերջինը…
ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ․․․ ՔՈ՝…………….. Արտակ։
Աստղիկը աչքերին չէր հավատում, կարդում էր չկարողանալով զսպել արցունքները, որոնք դարձել էին ամենօրյա հացն ու ջուրը, բայց այս անգամ նրանք երջանկությունից էին հոսում՝ կարոտից, սպասումի ապրումներից...
-Աստված իմ, որքան է ինձ սիրում, իսկ ե՞ս... Իսկ ես, հեռացա ու լռեցի, փակվեցի ու առանց բացատրությունների սառեցրի մեր ջերմությունը։ Ես երկար եմ լռել, ինքս եմ լռել, ու այդ լռության գինը շատ թանկ եմ վճարել։ Ես կորցրեցի իմ կյանքում այն, ինչը մի գուցե և չվերականգնվող լինի։ Իմ դաժան ու դառը ապրումների լուռ վկան եղել է արցունքներիս ծովը։ Ես ինքս ինձ պատժել եմ, փորձելով խեղդել սերն այնպես, ինչպես մայրն է խեղդում սեփական ձեռքերով, սեփական երեխային, և երբ գիտակցում է, ակամա գործած քայլի արդյունքները, հասնում է խելագարության... Ես եմ լռել, իսկ այդ լռության գինը շատ թանկ եմ վճարել, ու դեռ վճարում եմ...
Մտքերի մեջ լուռ զրուցեց Արտակի հետ, դողալով պատասխանեց նամակին.
«Ես քեզ սպասում եմ, աղոթում եմ գիշեր ու զօր մեր երկրի խաղաղության համար։ Բոլորն էլ քեզ նման ինչ որ մեկի Սերն են ու օջախի ծուխը։ Թող, որ վերջանա այս չարաբաստիկ օրերը ու նորից Հայոց Աշխարհիս կապույտ երկինքը խաղաղ լուսաբացներով ողողվի»։
Այնքան էր հուզվել ուրախությունից, որ մոռացավ հարցնել, թե որտե՞ղ է, ինչպե՞ս է...
Լուռ հենվեց աթոռին, ու ակամայից առաջին անգամ ժպիտ հայտնվեց դեմքին...
Պատերազմը չէր ավարտվել, ընկերները հասել էին Արտակենց ջոկատին փոխարինելու։ Համեմատած կրակոցները քչացել էին, բայց սահմանները հսկվում էր գիշեր ու զօր, քանի որ գործ ունեին մի թշնամու հետ, ով միշտ անկանխատեսելի էր։
...Արտակի երկարաշունչ նամակն ստանալուց հետո անցել էր տաս օր։ Աստղիկը ապրում էր հերթական անհանգստությունը։ Լույսը բացվեց շատ բարի ու ժպտադեմ արևի ցոլքերով։ Աստղիկի սպասողական ապրումների մեջ, լսելի էր դարձել սրտի արագազարկ թրթիռն անգամ։ Մինչ փորձում էր հասկանալ, թե ինչ անակնկալ է իրեն սպասվում, ինչու՞ է սրտի զարկերը կրկնապատկվել, զանգ եկավ։ Արտակն էր.
-Աստղ, ես վերադառնում եմ, մենք ճանապարհին ենք։
-Վերադառնում ե՞ք, տու՞ն, արդեն տու՞ն։
Կցկտուր ու կիսաշփոթված ձայնով կրկնեց Աստղիկը։
-Գալիս եմ Աստվածուհիս, գալիս եմ քեզ տեսնելու անհագ ցանկությամբ։ Կարոտն աչքերիս մեջ պահած: Արևս, իմ երկնային լուսատուս, իմ, իմ... Իմ երկինք... Ես պաշտում եմ քեզ, ուզում եմ ունենալ քո հետ իմ կյանքի երջանկությունը, ուզում եմ ձուլվել մարմնիդ ու դառնալ մեկ ամբողջություն... Չես պատկերացնում, թե հոգիս ինչպես է խաղաղվում, երբ թեկուզ հեռավորության վրա ականջիս քո ձայնի շշունջն է գալիս։ Ես վերադառնում եմ ու քեզ խնդրում, որ ինձ չզրկես քեզ իմ աչքի առաջ ունենալու զգացումից, թեկուզ նախատես, թեկուզ պատժես անցյալի վիրավորված ապրումները վերհիշելով։ Կարոտում եմ քեզ... Ես երբեք այսքան մոտ չեմ ապրել Արեգակին ... Դու իմ Արևն ես... Իմ սիրո տաճարի քրմուհին... ես՝ այդ տաճարի հավատարիմ ծառան, մենք երկուսով խոհեմաբար կծառայենք այդ տաճարին ու կանենք ամեն ինչ, որ ատրուշանի Սիրո կրակը հանկարծ չհանգի...
Աստղիկը շունչը պահած լսում էր, իսկ երջանկության արցունքները դանդաղ գլորվում էին լուսաշող դեմքին։
Փորձում էր մոռացության տալ, բոլոր այն ապրումները, որոնց համար այնքան թանկ էր վճարել, այնպիսի օրեր ապրել, որի պատճառով փակվել էր իր հոգու մենության զնդանում ու դարձել լռակյաց։
-Աստված լսեց աղոթքներս, քեզ խնայեց, եթե ոչ ինձ համար, գոնե մորդ աչքերը չոր մնացին, իսկ ես կփորձեմ խաղաղվել, հաշտվել ու լռելյայն ապրել, չբարձրաձայնելով քեզ այն ամենի մասին, ինչը տեղի ունեցավ իմ կյանքում այս մեկ տարվա լռության արդյունքում։
Լսափողը անջատվեց. -Աստված իմ, ինչքա˜ն սիրում... Իրեն իրեն խորհեց Աստղիկն ու փորձեց մտովի փակել անցյալի դռները։
...Հաջորդ օրվա լուսաբացը բարի ժպիտով բացվեց նախկին օրերի բարի ու տաք ժամանակների նման...
-Բարի լու˜յս Արևս...
...Արտակն արդեն տանն էր...
Ամեն մեկս յուրովի թանկ վճարեցինք մեր լռության գինը։
Դու չիմացար, թե ինչ կատարվեց ինձ հետ, ես չիմացա, թե ինչպիսի օրեր դու ապրեցիր. 
Բարի լույսը կարդալով ժպիտը դեմքին մրմնջաց Աստղիկն ու կիսաձայն տոնով արտասանեց.
-Ես սիրում եմ քեզ, ճիշտ այնպես, որ ոչ ոք չի կարող ինչպես ես...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets