ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐ

Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է հիմնադիր արքա Երվանդ Սակավակյացի անունով: 

Քսենոփոնը և Մովսես Խորենացին որպես Երվանդունիների առաջին գահակալներ հիշում են Երվանդ Ա Սակավակյացին և նրա որդի Տիգրան Երվանդյանին: Պերգամոնյան հունարեն մի արձանագրության մեջ Հայաստանի սատրապ (կառավարիչ) Երվանդ Բ-ին վերագրված է բակտրիական ծագում, իսկ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա Երվանդունու նախնիներին նվիրված արձանագրության մեջ Երվանդունիները դասվել են Դարեհ I Աքեմենյանի հաջորդների ցանկում: 
Երվանդ Բ-ն ամուսնացել էր Արտաքսերքսես II Աքեմենյանի դուստր Հռոդոգունեի հետ, այդ պատճառով նրա սերունդը մայրական գծով կարող էր համարվել Աքեմենյան: Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I-ի զինակից Հյուդարնեսի սերունդ, որը հիմք է տվել ենթադրելու, որ Դարեհ I-ը վերացրել է Երվանդունիների հին թագավորությունը և Հայաստանի սատրապ նշանակել Հյուդարնեսին, որի սերունդները ժառանգաբար իշխել են մինչև մ. թ. ա. III դարի վերջը և II դարի սկիզբը: Ենթադրվում է նաև, որ Հյուդարնեսը կամ նրա համանուն որդին իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով խնամիացել են հայոց Երվանդունի տոհմի հետ: Մ. թ. ա. 331 թ-ին` Գավգամելայի ճակատամարտից հետո, երբ կործանվել է Աքեմենյանների տերությունը, Մեծ Հայքի զորքերի հրամանատար Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը: 
Մ. թ. ա. III դարի վերջին Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորն իր տիրապետությունն է հաստատել Հայաստանում: Նա Մեծ Հայքում կառավարիչ-զորավար է նշանակել Արտաշեսին, որից սերել է Արտաշիսյան արքայատոհմը, իսկ Ծոփքում՝ Զարեհին: Մ. թ. ա. մոտ 200 թ-ին Երվանդ Դ Վերջինի սպանությունից հետո Հայաստանի մեծ մասում վերացել է Երվանդունիների իշխանությունը: 
Երվանդունի արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ՝ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենական մշակույթը: 

Երվանդունիների արքայացանկը 

1. Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.), 

2. Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.), 

3. Հյուդարնես Ա (մ. թ. ա. VI դարի վերջ), 

4. Հյուդարնես Բ (մ. թ. ա. V դարի սկիզբ), 

5. Հյուդարնես Գ (մ. թ. ա. V դարի կես), 

6. Արտաշիր (մ. թ. ա. V դարի 2-րդ կես), 

7. Երվանդ Բ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով), 

8. Երվանդ Գ (մ. թ. ա. 331 – մոտ 300 թթ.), այնուհետև հաջորդել է անվան – անես վերջավորությամբ մի գահակալ, ապա տոհմը տրոհվել է, 

9. Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջ – մոտ 200 թ.)

_________________________________________________________________________________

ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐ

Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մթա VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մթա III դ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։ 


Երվանդունիների արքայացանկը

1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560

2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535

3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515

4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.

5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.

6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես

7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես

8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360

9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300

10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets