ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

ԻՄ ՄԱՍԻՆ


ՄԱՐԴ, ՈՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՒՆԻ...
հարցազրույցը վարեց լրագրող՝ ԼԻԼԻԹ ԹՈՐՈՍՅԱՆԸ
ԴԻՄԱՆԿԱՐ
ԱՐԱ ՄԿՐՏՉԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ (ՆԱՂԱՇ ՆԱԽՇՔԱՐ):
Ծնվել եմ 1976 թվականի հունվարի 18-ին, Լենինական, այժմ՝ Գյումրի քաղաքում, մանկավարժի ընտանիքում:
1982-1991 թվականներին սովորել եմ տեղի Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 ռուսական թեքումով միջնակարգ /այժմ 3 ավագ/ դպրոցում:
1989-1991 թվականներին ուսմանը զուգահեռ աշխատել եմ նույն դպրոցում, որպես կերպարվեստի ուսուցիչ:
1991-1995 թվականներին սովորել եմ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի հանրապետական ուսումնարանի «Գեղարվեստական ձեւավորում» եւ «Դեկորատիվ կիրառական արվեստ» բաժնի «Խեցի» խմբերում: 
1989 թվականին եղել եմ Եվրոպայում: Կապեր հաստատել տեղի հայ համայնքների հետ: Հոլանդահայ «Խաչատուր Աբովյան» մշակութային եւ Ավստրիայի «Վիենահայ երիտասարդներ» միությունների մտերիմ բարեկամն եմ:
1994 թվականին մասնակցել եմ Ախուրյանի Սոցիալական ապահովման «Փարոս» համակարգչային ծրագրերի ստեղծման եւ իրականացման աշխատանքներին: Նույն տարում աշխատել եմ նաեւ Աղվերան գյուղի դպրոցականների «Տաթեւ» ճամբարում, որպես կազմակերպիչ:
1995 թվականին աշխատել եմ Երեւանի «Հայ Երիտասարդական Առաջադիմություն եւ Համագործակցություն» հասարակական-բարեգործական կամակերպությունում, որպես «Արտաքին կապերի եւ լրատվության» բաժնի տնօրեն: Ապա համագործակցել եմ «Ամարաս» հետագայում «Հետախույզ Վալերիկ» մանկապատանեկան ՍՊԸ-ին եւ տնօրինել Գյումրու մասնաճյուղը: Նույն թվականին Գյումրիում հիմնադրելով «Հայդուկներ» մանկապատանեկան - հասարակական կազմակերպությունը՝ լծվել եմ աշխատանքի, հիմնելով ազգային երգ ու պարի, գրական-գեղարվեստսկսն խմբակներ: Նպատակս էր կրթել, դաստիարակել պատանուն, դարձնել պիտանի քաղաքացի, հայրենասիրական ոգով տոգորված մարդ: Կազմակերպությունն ուներ նաեւ իր ամսաթերթը «Պայքար» վերտառությամբ, որի գլխավոր խմբագիրն էի:
1995 թվականին ընդունվել եմ «Գեւորգյան Հոգեւվոր Ճեմարան» եւ Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Գրիգորիս Արքեպիսկոպոսի առաջարկով տեղափոխվել եմ Շիրակի թեմի Հոգեւոր Ճեմարան:
1996 թվականի մարտ ամսից եղել եմ Շիրակի Թեմի Հոգեւոր Ճեմարանի «Ընծայարան» ամսաթերթի խմբագրապետը:
1996 թվականին համագործակցել եմ Գյումրու «Առաքելություն» պաշտոնաթերթին ու եղել նրա «Կոմերցիոն եւ Իրավագիտական» բաժնի խմբագիրը: 
1997 թվականին եղել եմ Գյումրիում ստեղծված Շիրակի մարզային «Մարդ եւ Զարգացում» հասարակական կազմակերպության «Հայրենիք-Սփյուռք» հայրենակցական հանձնախմբի պատասխանատու նախագահն:
1998-2000թթ. զինվորական ծառայության եմ անցել Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերում եւ ծառայել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակում: Ծառայությունից վերադառնալով, աշխատանքի եմ անցել Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» կրթահամալիրում: Դպրոցում, որպես կերպարվեստի ուսուցիչ եւ համալսարանում, որպես «Արվեստի դասավանդման մեթոդիկա» առարկայի դասախոս: 
2001 թվականին տեղափոխվելով աշխատում եմ Գյումրու Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ /այժմ 3 ավագ/ դպրոցում: Դպրոցի սեփական «Հայացք» մանկապատանեկան պարբերականի խմբագրապետն եմ: 
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ եմ:
2009-2010 թվականներին եղել եմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի պատանեկան եւ երիտասարդական հարցերով Շիրակի մարզային գործիչը:
Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա, տղա եւ աղջիկ:
Հայրս նկարիչ էր, բայց չէր ստացել համապատասխան մասնագիտական կրթություն ու միշտ երազել էր, որ ես սովորեի մայրաքաղաքի «Փանոս Թերլեմեզյանի» անվան գեղարվեստի հանրապետական ուսումնարանում: Մայրս` մաթեմատիկ: Սակայն ժամանակին չունենալով ծնողական հենարանը տարբեր պատճառներով չի շարունակել իր սիրած մասնագիտությունը: Մանկուց օրինակելի եմ համարել հորս ու առաջնորդվել նրա գաղափարներով: Նկարչի բնավորությունը, գունաշխարհը, երակներիս մեջ էր, կերածս կաթի մեջ: 
Ամուսնացել եմ 2001 թվականին: Շատ պատահական մեր դպրոցում ծանոթացա ապագա կնոջս հետ, դպրոցի քիմիաի ուսուցչուհին էր: Ամուսնության առաջարկս մեկ ամիս հետո դրական պատասխան ստացավ: Ամուսնացանք: Տղաս արդեն ութ տարեկան է, աղջիկս մի քանի ամիս առաջ է ծնվել:
Ինչպես ասացի հայրս նկարիչ էր: Հայտնի գործեր չի ունեցել, դպրոցի պատերն էր նկարազարդում, դիմանկարներ ու բնանկարներ պատկերում, ու ես հասկացա, որ գույնով կարելի է ճանաչել մարդուն, յուրաքանչյուր մարդ իր գույնն ունի:
Եւ այդ ամենը տպավորվեց իմ մեջ, նկարչությունն ինձ տարավ դեպի գրականություն ու պատմություն: 
Ես այսօր ինձ նկարիչ չեմ համարում, ավելի շատ գրող եմ: Հոգեւոր արժեքներս խտացրել եմ գրականության մեջ: Այսօրվա մարդը կարդալով ու լսելով է հասկանում արժեքները, ոչ թե նկարով: Նկարն ընկալվում է ոչ թե որպես արվեստի գործ, այլ որպես գեղեցկություն: Նկարչությունը Հայաստանում իր հոգեւոր արժեքը կորցրել է, նկարիչները շատ քիչ են վաստակում: 
Առաջին գիրքս տպագրվեց 1997 թվականին: Վերնագրվեց «Ինչպե՞ս» եւ ստորագրվեց Նաղաշ Նախշքար: Ինչու՞ ընտրեցի այս կեղծանունը: 
Շիրազի որդին` Սիփան Շիրազը, ընկերս էր: Ուսանողական տարիներին կարդաց առաջին բանաստեղծություններս ու ասաց, որ ես իսկական նաղաշ եմ: Ու այսպես դարձա Նաղաշ Նախշքար: Սիփան Շիրազը դարձավ իմ առաջին քննադատն ու խորհրդատուն: 
Հեղինակն եմ «Սիրո չուղարկված նամակների», որոնք 2003 թվականին արժանացան Հանրային ռադիոյի մրցանակին: Եկավ արձակի ժամանակը: 
Ընդհանրապես, պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր արձակագիրները գրական ուղին սկսել են բանաստեղծություններով: Բոլոր այն մեծերը, ովքեր բանաստեղծության մեջ իրենց արդեն իսկ սպառել են, եկել են արձակ: 
Գրել եմ հայրենիքի մասին, հոգեւորական դասի մասին, գրել եմ Կոմիտասի, հայ ազատամարտիկների մասին: Գրել եմ «Էրգրի» մասին: 
Բայց բոլոր աշխատանքներիս խտացումը համարում եմ «Դիցարանս», «Աստվածադուռ» հայոց հեթանոսական դիցարանը: Շատերը գրախոսեցին` ասելով, որ այն դասագիրք է: Բայց գիքը չտպագրվեց: Պատճառաբանեցին, որ տարեկան տպագրվում է 40 հազար քրիստոնեական գիրք, իսկ դիցարանը հակաքրիստոնեական է: Բայց չէ՞ որ պետք է տարբերել մշակույթը հավատից: Հեթանոսությունը մշակույթ է: Այսօր հռոմեացին ու հունացին իր հեթանոսական մշակույթով փող է վաստակում, բայց մենք ավերել ու ավերում ենք: 
«Դիցարանի» վրա աշխատեցի յոթ տարի: Բազմաթիվ արխվներ ուսումնասիրեցի: Երուսաղեմում միաբաններից՝ Հայր Ընծայի օգնությամբ ունեցա բավականաչափ նյութեր Հայոց հնագույն շրջանի վերաբերյալ: Վիեննայում՝ «Վիեննայի Հայ Երիտասարդներ» միության անդամների միջնորդությամբ ուսումնասիրեցի տեղի արվեստների եւ գրականության արխիվները, ուսումնասիրեցի Մատենադարանի գրականությունը, Հայաստանի արվեստի եւ գրականության պետական արխիվը եւ երբ մի նախադասություն էի գտնում, ինձ համար կարծես երեխա էր ծնվում: Յոթ տարի հետո, երբ ավարտեցի աշխատանքս, սկսեցի գրել պատմվածքներ հայրենիքի ու զինվորի մասին: Քսան պատմվածք ունեմ: 
Իմ կյանքում ցանկացած օր բախտորոշ է ու վճռական, որովհետեւ ես անընդհատ շարժման մեջ եմ, փորձում եմ հոգեւոր արժեքներս տալ դիմացինին, տեղափոխել այլ մարդու մեջ: 
Կյանքի կարեւոր փուլերը 
1991թ. ընդունվեցի ուսումնարան, դա իմ կյանքի առաջին հաջողությունն էր եւ հորս երազանքը: Իսկ գրականության «Վարպետ» Ավ. Իսահակյանի խոսքը (թե. - «Երազն ի՞նչ է, մեկ էլ տեսար կատարվեց») հետագայում ես շատ առիթներ ունեցա վերհիշելու: 
1997թ. տպագրվեց առաջին գիրքս:
2001թ. ամուսնացա:
2003թ. ծնվեց առաջնեկս:
2011թ. ծնվեց աղջիկս: 
Իմ իդեալը հայրս է 
Հայրս` Մկրտիչ Նախշքարյանը, ծնվել է 1951 թվականի հունվարի 18-ին Գյումրիում: Սովորել է Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցում, փայլուն աշակերտ չի եղել: Աշխատել է տարբեր դպրոցներում` որպես կազմակերպիչ: Արդեն իսկ դա խոսում է այն մասին, որ ես իմ կազմակերպվածությամբ նման եմ նրան: Նկարիչ էր, բայց ազգային բոլոր մասնագիտությունների կրողն էր: Հենց դա ինձ մղեց, որ հայրս դառնա իմ իդեալը: Տանն ունեցած 5 հազար կտոր գրականությունից գիրք չկար, որ կարդացած չլիներ: Նոր գնած գիրքը մինչեւ չկարդար, չէր դնի պահարանի մեջ: Հենց սա արդեն իդեալական էր: Նա անուղղակիորեն էր անում այն, ինչն ուզում էր, որ ես անեմ: Հիմա արդեն հասկանում եմ, որ ծնողը գիտե` երեխան նկատում ու ընկալում է ամեն ինչ ու սովորում ամեն նրբություն:
Ես հորս հարգում էի ոչ թե որպես ծնող, այլ որպես մարդ, որովհետեւ ինձ տվեց իր հոգու ամենախոր ծիլը, որը սկսեց բողբոջել ու այսօր ծառ է դարձել: Եւ ես այդ ծառի ծիլը դրել եմ այլ հողի մեջ, որը նորից ծառ է դառնալու: Իմ հայրն իմ ընկերն էր, ես էլ հիմա իմ երեխաների ընկերն եմ: 
Ապրելով ու աշխատելով խորհրդային ժամանակաշրջանում` հայրս, սակայն, իր էությամբ կոմունիստ չէր, կոմունիստ էր թղթով: Սովորել եւ ավարտել էր «Մարքսիզմ-Լենինիզմի» համալսարանը եւ ստացել քաղաքագետի բարձրագույն որակավորում: Բարեխիղճ աշխատանքի համար պարգեւատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու շքանշաններով: Սակայն հիշում եմ, 80-82 թվականներին Ամերիկայից, չգիտեմ ինչպես, մեր տանը հայտնվեց Հ. Շիրազի ձեռագիր «Դանթեկանը», պոեմի ձայներիզը, արտասանությամբ Սիրվարդ Մեսրոպյանի, Պերճ Զեթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» վեպը, «Սողոմոն Թեհլերյանի պաշտպանական խոսքը» անմիջապես դատարանի դահլիճից, երեք ֆոտոժապավեն` եղեռնի սահմռկեցուցիչ պատկերներով: Լուսանկարները հայրս տանը տպեց: Մոտ 2 տարի գիշերներն արտագրում էր ձեռագրերը, որ ետ ուղարկի: Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ է հայրենասիրությունը: Հայրենիքն իմ մեջ ծնվեց հորս միջոցով: 
Նկարչությամբ սովորեցրեց` ինչ է հայրենիքը, ինչ է սերը:
Նրա շնորհիվ է, որ ես չգիտեմ «չեմ կարող» բառը: Ես չունեմ դա: Եթե ասել են արա, ուրեմն կանեմ ու գիտեմ, որ կստացվի: «Չ» տառով սկսվող բառերը չունեմ: Դա իմ էությունն է: Ամեն ինչ հաղթահարել, ամեն ինչ անել, ամեն ինչին հասնել: Եւ, ամենակարեւորը, եթե մարդուն չես կարող օգնել առաջ գնալ, ուրեմն եւ պիտի չխանգարես: 
Հորս օրինակն եմ հիշում: Երբ մեկը գալիս էր պարտքով դրամ էր խնդրում, եթե հայրս չունենար, ուրիշից էր խնդրում, իր անունից ուրիշից վերցնում էր ու տալիս: Մայրս սրտնեղում էր, իսկ հայրս ասում էր, որ եթե մարդն եկել օգնություն է խնդրում, ուրեմն պիտի օգնես: Ու հասկացա, որ կարեւոր չէ միայն մարդ ծնվելը, կարեւոր է նաեւ մարդ լինելը, մարդ մնալը: 
Արվեստում իմ իդեալը Վարդգես Սուրենյանցն է, նրա նկարներով եմ ապրել: Նրա նկարներում կա թախիծ, կա ոգի, կա ուժ, կա սեր: Երգարվեստում ունեմ Սահակ Սահակյանին, ով չերգեց «Անունս թոռնիկիս եմ թողնում ու գնում», այլ երգեց «Յուր պապիկի թշնամիներ թող տեսնին ու մոլորվին»: Այսինքն` Սահակյանն ասաց, որ մենք մեր երխաներին «Բան» պիտի ասենք: 
Հոգեւոր կյանքում ինձ համար օրինակ է Գարեգին Առաջին կաթողիկոսը: Գարեգին Առաջինը ձիգ մարդ էր, խրոխտ էր, հռետոր էր, քարոզիչ: Ես դպիր էի, պատարագներին միշտ կողքին էի: Հիշում եմ, Զատիկի տոնին չորս տարբեր եկեղեցիներում պատարագ մատուցեց, չորս տարբեր քարոզ ասաց, ոչ մի բառ չկրկնվեց: Ահա, ո՜վ է հռետորը, ահա, ո՜վ է հոգեւորականը: 
Ինչպե՞ս եմ դաստիարակվել, ինչպե՞ս եմ դաստիարակում
Դաստիարակվել եմ չափավոր ընտանիքում: Պատանեկան տարիներիս երբեք ոչնչից չեմ զրկվել: Ինձ պետք էր գիրք, ես դա ունեի, պետք էր խաղալիք, ես դա ունեի: Ծնողներս ինձ սիրում էին, սիրում էին ոչ թե որպես երեխա, այլ որպես մարդ: Հայրս միշտ հետս մեծի պես էր խոսում: 
Հիշում եմ, 80-ականներին մեր տանը լսում էինք հայրենասիրական երգեր, որոնք դրսում արգելված էին: Հայրս ոչ թե ստիպում էր ինձ, այլ ես ուրիշ ընտրություն չունեի: Ծնողական այս դաստիարակությունն ինձ մղեց դեպի հայրենիք: 
Ու ես դժգոհ չեմ, որովհետեւ հայրենիքում ինձ ճանաչում են այնպես, ինչպես ես դաստիարակվել եմ, հայրենիքն ես ընդունում եմ որպես հայրենիք, ո՜չ որպես հող, ինձ այդպես են ճանաչում: Ես հիմա դա ոչ միայն իմ սեփականությունն եմ համարում, այլեւ տալիս եմ մյուսներին:
Հայրս իր կեցվածքով ինձ փոխանցեց այդ արժեքները: Աներեւույթ, ոչ հողեղեն բաներ չէր անում, ուղղակի ազնիվ աշխատում էր: Նկարում էր, գրում էր, երգեր էր մրմնջում: Դպրոցում անում էր այն, ինչ ես եմ հիմա անում: 
Ես պարզապես ցանկացա ընդօրինակել հորս, անգամ ձեռագրերի նմանություն կա: Փոքր ժամանակ սիրում էի արտատպել հորս ամեն ինչը` ձեռագիրը, քայլվածքը, ծիծաղը: Ես միշտ արագ եմ քայլում: Միշտ շտապում եմ: Ինձ թվում է` ինչ-որ բան պիտի կորցնեմ, եթե արագ չքայլեմ, ինձ թվում է` ես ինչ-որ բանից կուշանամ:
Հայրս իմ մեջ սերմանում էր ընկերասիրություն, հավատարմություն, հիշողություն եւ կազմակերպվածություն: Փոխանցեց իր վարքագծով, ապրելակերպով, իր մղումներով: Որդի դաստիարակեց ո՜չ թե իր համար, այլ ազգի համար:
Իմ փոքրիկ աղջիկը հիմա հայրենասիրական երգերի տակ է քնում: Դա ձեւապաշտություն չէ: Ես չեմ ուզում, որ իմ երեխան հենց խանձարուրից սկսի փչանալը: Ես իրեն կտամ այն, ինչ ես հիմա ունեմ ու ինձ է պետք, հետո թող ինքը որոշի` դա իրեն պե՞տք է, թե ոչ: Բայց համոզված եմ, որ պետք կգա, ու նա դա մի օր ինձ ետ կտա, ինչպես հիմա անում է իմ ութնամյա որդին: Պատահական չէ, որ ասում են` կաթի հետ մտածը հոգու հետ է դուրս գալիս: Հիմա ես բարձրաձայն կարդում եմ «Ռանչպարների կանչը», կարդում եմ, որ տղաս լսի: Նույնիսկ այն պահին, երբ ինձ թվում է` չի լսում, այլ գործով է տարված, նա լսում է, հետո անպայման հարցեր է տալիս:
Ես գիտեմ, որ տղաս վաղն ինձ ասելու է, որ ես ժամանակին սխալ եմ եղել: Որովհետեւ ես չտվեցի այն, ինչ ինքն էր ուզում այդ օրը: Ճիշտ են ասում, որ յուրաքանչյուր ժամանակ իր հերոսին կծնի: Եւ ես վստահ եմ, որ ապագայի հերոսներից մեկն էլ իմ տղան է լինելու: 
Իմ խորհուրդները
1. Սիրել, չբամբասել միմյանց: Մենք սիրում ենք նայել կողքինին ու դիմացինին, մենք սիրում ենք չարախոսել: Այնքան գեղեցիկ է, երբ ապրում ես քեզանով, քեզ համար, ոչ թե ուրիշների համար ու ուրիշներին բամբասելով: 
2. Չտարվել օտարամոլությամբ: Սա խորհուրդ կտամ հատկապես երիտասարդներին: Կուզենայի, որ ծնողներն իրենց երեխաներին դաստիարակեն այնպես, ինչպես դաստիարակվել են Պ. Սեւակը, Մ. Սարյանը, Սեւքարեցի Սաքոն...: Ես ինքս այդպես եմ դաստիարակում իմ երեխաներին: Որդիս միշտ իր ընկերներին տալիս է այն, ինչ նրանք չունեն (հիշում եմ՝ ես էլ էի այդպես): Փաստորեն` սիրում է: Այսօր իմ ընտանիքում օտարածին ոչինչ չկա: Նույնիսկ իմ կինը, որ մասնագիտությամբ քիմիկ է ու ըստ էության անհավատ, այլեւս չի կարող չսիրել հայկականն ու անհավատ լինել: 
3. Ես խորհուրդ եմ տալիս բոլորին ե՜ւ Հայաստանում, ե՜ւ Հյասատանի սահամններից դուրս, որ հայերնասիրությունը դարձնեն ապրելակերպ, ոչ թե ձեւապաշտություն: Իսկ երբ փորձես ինչ-որ մի բան քեզ համար դարձնել ապրելակերպ, դու կհասկանաս, որ շատ-շատ բաներից ետ ես մնացել ու շատ մեծ առաջընթաց կունենաս, քեզ արդեն երբեք հաղթել չի լինի: Եթե մենք չիմացանք մեր մշակույթը, մեր արժեքները, չգնահատեցինք մեզ, մեզ հաղթելը շատ հեշտ կլինի: Մեր հողի վրա թափվել է մեր ընկերների արյունը, իսկ այդ արյունը գին ունի: Գինը շատ թանկ է, դրա համար վճարում են նորից արյամբ: Ես ուզում եմ, որ մենք մեր մշակույթի միջոցով ունենանք մեր բոլոր հաղթանակները: Հաղթանակ, հաղթանակ` հայրենիքը սիրելով, մշակույթին տեր կանգնելով եւ գիտենալով մեր պատմությունը: 
«Ով իր պատմությունը չգիտե, ստիպված է այն վերապրել նորից»: Գ. Նժդեհ:
Կյանքիս, աշխատանքիս իմաստը
Ո՞րն է կյանքիս իմաստը: Շրջապատիս երեխաներին կրթել, դաստիարակել որպես հայ մարդ, ունենալ բարեկեցիկ իսկական հայ ընտանիք, որն օրինակ կծառայի մյուսներին: Նպատակս է հիմնադրել դպրոց, որտեղ կկրթվեն, կդաստիարակվեն բոլոր այն պատանիներն ու երիտասարդները, որոնց մեջ կա միայն հայրենիքի կայծը, ուրիշ ոչ մի բան: Զուտ հայկական պիտի լինի` նկարչություն, երգ, պատմություն, երաժշտություն եւ այլն:
Ուզում եմ, որ իմ երեխաները դաստիարակվեն այնպես, ինչպես ես եմ դաստիարկվել: Ես գողություն չեմ անում, ես տալիս եմ իմ ունեցածը, իսկ իմ ունեցածն իմ արժեքներն են, իմ մշակույթն է:
Իմ հավատամքն է` դեպի Էրգիր, կհանդիպենք Էրգրում` Կարսի մատույցներում, կամ Մհերի դռան մոտ:
Հայաստանը լքողների մասին շատ վատ կարծիք ունեմ: Ես նրանց ատում եմ: Ես միշտ ասել ու ասում եմ, երբ որ մենք սկսենք տարբերել հողն ու հայրենիքը, այն ժամանակ կսիրենք մեր երկիրը, ու չենք փախչի երկրից: Երբ սկսենք տարբերել հայրենիքն իշխանություններից, կսկսենք սիրել երկիրը: Մեր ազգն այսօր պետք է տարբերի հայրենիքը հողից, իշխանությունը` հայրենիքից եւ սիրի այդ ամենը: Եթե այս երեքն անենք, մենք չենք լքի հայրենիքը:
Անգամ դեմ եմ, երբ գնում են հարեւան երկրներում հանգստանալու: Ինչու՞ են գնում հարեւանի բյուջեն լցնում, կարելի է այդ գումարով հանգստանալ Հայաստանում:
Հայաստանի ապագան շատ լավն է լինելու: Լավ, բայց ոչ այս իշխանությունների հետ, ես բազմիցս ասել եմ, եթե ուզում ենք ունենալ բարեկեցիկ երկիր, հարուստ երկիր, մշակույթով ապրող երկիր, պետք է ունենանք նաեւ այդ ամենը գնահատող նախագահ: Կարծում եմ ավանդական երեք կուսակցություններից ցանկացած մեկը կարող է դա անել` Հնչակյան, Ռամկավար, Դաշնակցական:
Ուզում եմ, որ Հայաստանում վերանա հեռուստատեսային հիմարությունները, միակ ցանկությունս է, որ դադարեցնեն բոլոր տեսակի էժանագին ֆիլմերի ցուցադրությունը, երաժշտական կիսագրագետ ակորդները, դադարեն գովազդները, անցնեն զուտ մշակութային արժեքներին: 4500 տարեկան ցեղ ենք, ազգ ենք, մի՞թե չունենք արժեքներ, որոնք կարելի է ցույց տալ, տարածե՜լ: Այսպե՜ս պիտի դաստիարակվի նոր սերունդը, հայրենիքի մասին մտածող ու հայրենիքով ապրող: Առանց այն էլ բավականին հետ ենք մնացել հարեւաններից ազգային կրթության հարցում մասնավորապես: 
Եթե մեր քաղաքական ու մշակութային գործիչները պարտադրեն, որ հեռուստատեսությամբ ու ռադիոյով մշտապես նաեւ ազգայինը մատուցվի, ուրիշ տարբերակ չունենալով` մենք կլսենք, կտեսնենք, կսովորենք ու կգնահատենք մեր արժեքները, որոնցով ժամանակին դաստիարակվել են նաեւ Արտաշես Մեծն ու Արաբոն, Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, Խրիմյան Հայրիկն ու Պարգեւ Սրբազանը, Վարդգես Սուրենյանցն ու Մինաս Ավետիսյանը: Երկա՛ր կարելի է շարունակել այս հրաշք փաղանգը... Այդքան մշակույթ ունենալով հանդերձ` ուրիշների մշակույթը գողացանք: Օսլայած օծիքներով եվրոպացուն ծախեցինք մեր արժեքներն ու տեղը եվրոպական աղբը գնեցինք:
Միայն հայ ազգն է, որ երեխային օրորոցային երգելիս ասում է. «Զարթնի՜ր, Լաո, Զարթի՜ր որդյակ»: Որդուն ասում է, որ քնի, բայց արթուն մնա: Ու այսքանից հետո մենք այսօր զբաղված ենք օտարածին ձեռքբերումներով, դիտում եւ նկարահանում ենք սերիալներ, մինչդեռ այդ գումարով կարելի էր պատմական ֆիլմեր նկարել: Մենք անտեսում ենք մեր պատմությունը, թերանում ենք մեր գործի մեջ: Հետո էլ նոր սերունդին փնովում:
«Սասնա ծռեր» էպոսն աշխարհում ճանաչվել է ամենամարդասեր էպոսը, որովհետեւ այնտեղ չկա մարդակերություն: Մեր արժեքները թողած` մենք վերցրեցինք օտարի աղբը: Մենք աղբ շատ ունեինք, որը կկարողանայինք ինչ-որ չափով մաքրել, իսկ հիմա չգիտենք իրենց աղբը մաքրենք, թե մերը: 
Ամենգեղեցիկն ու արժեքավորն ինձ համար, որ երբեք չպիտի ցանկանամ կորցնել, դա հողն է, երկրի հողը, ցանկացած հող: Ես ուզում եմ, որ թեկուզ մեկ բուռ հողը մնա իր տեղում, որի վրա ես քայլում եմ, ու ինձ ամուր ու առավել զգում, որի հոտից ես բավականություն եմ ստանում: Ես երբեք գյուղում չեմ ապրել, հող մշակելու կարգն ու ձեւը չգիտեմ, բայց շատ եմ սիրում: Սիրում եմ նրա համար, որ դրանով զբաղվում են իմ հարեւանը, ընկերը, իմ երկրացին, իմ ցեղակիցը: 
Բնույթով Հայաստանի քաղաքացի եմ ու քրիստոնյա, բայց էությամբ հեթանոս եմ ու ազգայնական:
Այսինքն` ես գերադասում եմ հայկականը բոլորից ու ամեն ինչից, օտարամոլությունը չպետք է ներթափանցի Հայասատան: Ես դա չեմ ընդունում: 
Տարիներ առաջ Ավստրիայում էի: Հոգեւորականի ընտանիքում էի ապրում: Հիշում եմ, այդ տանը այնքան հայկական գրքեր կային, բայց հայեր չէին: Ուղղակի իմացել էին, որ իրենց մեծ մայրերից մեկը հայկական ծագում է ունեցել, ու սկսել էին ուսումնասիրել ազգի պատմությունը, ճակատագիրը: Հայալեզու այնպիսի գրականություն ունեին, որ ես Հայաստանում ոչ մեկի տանը չեմ տեսել: 
Այսօր մեր երեխաների մեջ հայրենիքի պակասը կա: 
Հայրենիքը սկսվում է այնտեղից, որտեղից դու ես սկսվում: Եթե դու ձեռքիդ մեջ ունեցած ավելորդությունը գցում ես փողոցում, դու չես կարող հայրենիքդ սիրել: Հայրենիք սիրելը, հայրենասիրություն ներարկելը միայն գրքերով չէ, դա սկսվում է տարրական կուլտուրայից. ծխախոտի մնացորդը չգցել գետնին, չթքել այնտեղ, որտեղ զոհվել է քո բարեկամը:
Նույնիսկ Վրաստանում ես այդ տարբերությունը տեսա: Եթե ծխախոտի մնացորդ են գցում գետնին, 200 լարի տուգանվում են, մոտ 40 հազար դրամ: Ա՜յ, սա մշակույթ է: Տանում է դեպի մշակույթ: Տուգանելն առաջին քայլն է: Օրինակ` մեզ մոտ, երբ սկսեցին տուգանել ամրագոտնիները չկիրառելու, կամ փողոցում նշված տեղից անցնելու համար, հիմա արդեն բոլորը կիրառում են` անկախ նրանից կտուգանվեն, թե` ոչ: 
Նույը տեղի ունեցավ 30-ականներին, երբ Բեռլին-Նյուրենբերգ գնացքը կանգնեցրեցին Հիտլերի զինվորները եւ հարցրեցին, թե ուղեւորներից ովքեր տոմսեր ունեն: Անտոմս ուղեւորներին գնացքի մոտ գնդակահարեցին: Ու մինչ այսօր այդ գնացքի եւ ոչ մի ուղեւրից տոմս չեն հարցնում, որովհետեւ գիտեն, որ բոլորը գնել են: 
Հայաստանի հային ի՞նչ է պետք այսօր: Պետք է բռնապետ: Մեկը, ով կկարողանա իրագործել այն, ինչ մենք երազել ենք տարիներ շարունակ: 
Մտորումներ…
Եթե ժամանակին մենք ունենայինք Գեւորգ Չաուշի, Մախլուտոյի պես շատ տղաներ, մենք այսօր չէինք ունենա 29 հազար քկմ տարածք: Կունենայինք ազգային մտածելակերպ, մշակութային քաղաքականություն: Մենք չենք սիրում մեր մշակույթը, մեր մեծերին, մեր հայրենիքը նրա համար, որ իշխանությունները լավը չեն: Եղբա՜յր, այդ իշխանություներին դու ես ընտրել, ինչու՞ ես բողոքում իշխանություններից: Մի՞թե դու 5 հազար դրամով քաղաքական «մարմնավաճառ» չդարձար: Եթե մեր վերցրած 5000 դրամը բաժանենք այն չորս տարիներին, որ կառավարում են, մենք երեւի օրական մեկ լումայի «անբարոյական» կլինենք: Երբ որ մենք սեփական մտածելակերպի բացակայության վախը կոտրենք մեր մեջ, կհաղթահարենք ամեն ինչ: Ես չեմ ասում, թե Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը վատն էին, որ պիտի գամ ես կամ իմ ընկերը, որ լավը լինենք: Արի օգնենք նախագահներին, որ իրենք էլ հաջողվեն: Սերժ Սարգսյանը բաժանեց 5 հազար դրամ, դարձավ նախագահ ու հիմա անում է այն, ինչ ուզում է: Դա ցույց է տալիս մեր ժողովրդի քաղաքական տհասությունը: Մեզ պետք է քաղաքական հասունություն: 
Այսօր մեզ դիկտատորներ են պետք, մենք ուրիշ տարբերակ չունենք: Բոլոր տարբերակներն արդեն սպառվել են, այսօր միայն մեկ տարբերակ կա: Ստիպելով` ամրացնել հողին: 
Բոլոր տեսակի քարոզչամեքենաները պետք է մի ուղղությամբ աշխատեն, միայն ազգայինի: Միայն այս դեպքում մենք կարող ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից: 
Այսօր ես պիտի կրկնեմ հասարակական-քաղաքական գործիչ Քրիստափոր Միքայելյանի խոսքերը. «Պատռել է հարկավոր քարտեզի վրա այս կամ այն ավազակապետի կամքով գծված սահմանները, ջնջել է հարկավոր աշխարհագրական այն ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից, եւ որոնք, առհասարակ, մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում»: 
Գարեգին Նժդեհ. «Տվե’ք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի սերունդ եւ ես կապահովեմ հայ ժողովրդի տեղն արեւի տակ»: Հիմա ես եմ ասում. տվե՜ք մեզ նման սերունդ, եւ կաճ ժամանակ անց մեր երիտասարդները կլինեն մաքուր, անաղարտ, սիրալիր, կունենան հիշողություն, հավատարմություն, հպարտություն, պատիվ: Քանի չունենք այդ սերունդը, չենք ունենա այն պետությունը, որը մեր նախնիները երազեցին:

4 комментария:

  1. Անժելա Բարսեղյան5 июля 2012 г., 0:12

    երանի մի հինգ հատ էլ երեխա ունենաիք...Սստծո կամքով...ուշ չի

    ОтветитьУдалить
  2. Դու հրաշալի մարդ ես ու իսկական հայ: Հայրենիքիդ զինվորն ես` ոտքը ամուր հողին ու միշտ պատրաստ հրամանի: Նվիրում...ահա գլխավորը, որ սիրում եմ քո մեջ: Դու գիտես ժամանակ հատկացնել մարդկանց, տալ հոգուդ կրակները ամենքին ու դա համարել քո կյանքի նպատակն ու քո գեղեցիկ ապրելու գրավականը: Կեցցես...քեզ առողջություն, որ միշտ լինես ու մնաս գաղափարիդ նվիրյալն ու հայրենիքի զինվորը: Դու իմ ընկերն ես և ինձ դա դուր է գալիս: Այնքան, որ երբ քեզ տեսնում եմ, միանգամից պայծառանում եմ...
    Արթուր Մկրտչյան

    ОтветитьУдалить
  3. Առողջություն քեզ,ուժ ու եռանդ.
    Արա ջան

    ОтветитьУдалить
  4. չգիտեմ ում սխալն է որ ձեզ պես մարդւն նոր ճանաչեցի պետության,իմ թե ձեր ամեն դեպքում ապրեք դուք;

    ОтветитьУдалить

Blogger Widgets