ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

«ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ» Հայոց արիական դիցարան

ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ հայոց արիական դիցարան
Հեղինակ՝ Արա Նախշքարյան 

Արեւն, ահա Վանա ծովից Ավախորիկ է ելնում, 
Ավախորիկն առնում ուսին՝ Վարագա ուսն է հանում, 
Վարագն առնում ու հանում է Ծովասարի վարդ ուսին, 
Ծովասարը ուսին առնում ու տալիս է Առնոսին, 
Առնոսն արեւն առնում ուսին, ուսն է հանում Մարաթուկի, 
Մարութա սարն ուսին առնում՝ ուսն է հանում Նեմրութի, 
Նեմրութա սարն ուսին առնում՝ ուսն է հանում Անդոկի, 
Անդոկն արեւն առնում ուսին՝ ուսն է հանում Թոնդուրեկի, 
Թոնդրակն առնում ու Գրգուռի ուսն է հանում ժպտալով, 
Գրգուռն արեւն առնում ուսին՝ այսպես ուսեուս տալով 
Սիփան սարի ուսն են հանում եւ արեւը Սիփանին 
Առավոտն է թագադրում, վերծանում հույսը հին... 
                                                                                                                         ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ 
«Սիամանթո եւ Խջեզարե» 
...Արեւն արդեն բարձրանում է Սիփանի գագաթից: Իսկ ադամամութը, որ արշալույսից առաջ տիրող դրություն է, լի էր փորձություններով: 
Վահագն - Արեւորդին գիշերով անցել էր Ասորաց աշխարհի սահմանը եւ գողացել Բարշամի հարդը: 
Հարդը թափվելով՝ մատնել էր գողի ճամփան: 
Բարշամն իր զորքերի հետ հարդի հետքերով գալիս եւ պաշարում է Երկիր Նաիրրին: 

Ա 

... - Համբուրիր ինձ, սիրո գեղանի աստվածուհիս, որ փորձանքը հեռու լինի ինձանից: 
-Վահա՜գն, ի՞նչ է պատահել, ի՞նչու ես անհանգիստ: 
-Օ՛, չգիտեմ, չգիտեմ, Աստղիկ: Մարաթուկը վկա, կսպանեմ այդ հրեշին: 
Եվ լուռ էր: 
Ու Աստղիկը ճեղքեց լռությունը: 
-Վահա՜գն, խոսի՜ր, խոսի՜ր սիրելիս: Դու ինձ վախեցնում ես: 
-Հանգստացի՛ր, թագուհի՜ս, ամեն ինչ բարի է: Կրակ կթափեմ Բարշամի եւ ասորաց զորքի վրա: Խավարով կպատեմ նրանց գլխին փայլատակող այդ հավերժական լուսատուն ու չե՜մ թողնի, չե՜մ թողնի, որ Նաիրիից անգամ մի բրոնզե դրամ տանեն: 
-Ի՛մ Ագնի, պատմի՜ր խնդրում եմ, այդ ինչպե՞ս եղավ, ի՞նչ պատահեց... չեմ հասկանում: Գիտեի, գիտեի, որ մի բան պատահելու էր: Ամբողջ գիշեր ծիծեռնակներն անհանգիստ էին: Երազներս լի էին մղձավանջերով: 
-Աստղի՛կ, սիրո պայծառափայլ տիրուհի՛ս, ես սիրում եմ քեզ... եւ գիտեմ, որ քո սերն էլ ինձ չի լքի, ու պատերազմից կվերադառնամ հաղթանակով: 

Բ 

...-Իսկ հիմա, Աստղիկ, խնդրում եմ, սիրելի՜ս, հաղորդիր սուրհանդակ Տիրին, թող լուր ուղարկի Հայր Արամազդին, Անգեղյա Տորքին ու Հսկա Հայկին: Ծովածին Սանասարն ու Բաղդասարը թող մնան երկրի ներսում եւ անթարթ հսկեն հյուսիսն ու արեւմուտքը: 

Գ 

...Լուսատուն արդեն երկրի կենտրոնում էր: 
Վիշապաքաղը բարձրացել էր Նեմրութն ի վեր ու... աղոթում էր: 
-Առաջնո՜րդ, չեմ թաքցնում, գողացել եմ, ճիշտ է, բայց խնդրում եմ, օգնի՜ր ինձ, որ այս պատերազմում հաղթող ճանաչվեմ: Ներիր, Հայր: Անփորձանք պահիր պաշտամունքիս: Ո՛վ Մեծ Մայր, խնամի՜ր նրան քո դողդողջուն, բայց աստվածային ձեռքերով: Խնդրում եմ, Մայր, Մե՜ծն Անահիտ: 
Ու Վահագնի հուրհեր հոգին դողաց սարսափից: Ճակատը կնճռոտվեց: Արցունքի երկարահոս կաթիլները սահեցին այտերն ի վար: 

Դ 

...-Վիշապաքա՛ղ, Ագնի՛: Բանակը պատրաստ է, -ասաց Ար - Արան ու շարունակեց, -կարող ենք շարժվել: 
-Քաջ ասպետ Ար, քիչ էլ, քիչ էլ սպասեք, կհասնեմ շուտով: Զոհս մատուցեմ ու կմիանամ այրուձիին: 

Ե 

...Ու Բարշամն արդեն վրան էր խփել Շատախից մինչ Մոկս: Դեռ նոր էին փորձում հանգստանալ, երբ երկինքը մթնեց: 
Դուման է իջել ասորաց գլխին: 
Հայր Արամազդը ներեց Վահագնին: 
Ու լսեց նրա աղերսը սրտի: 
Վահագնը հասա՜վ իր հսկաներին: 
Ու կոտորվեց զորքը Բարշամի: 
Կարմիրով ներկվեց ձյունն սպիտակափայլ: 
Հայկն ու Անգեղը՝ մեջք-մեջքի տվին: 
Մեկի արձակած նետն էր սլանում, իր զոհը ընտրած, 
Մյուսի արմատահան ժայռերը գնա՛ց... 
...Ու գնա՛ց, գնա՛ց... 
Ու մթնեց ամբողջ դաշտը Մոկաց: Եվ երկու կողմերի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին: Ասորաց բանակի ոչ սակավ հսկաներ, հանդիպելով քաջազունների փայլատակող սրերին, թավալգլոր ընկնում են գետին: 
Պատերազմը հաղթանակած էր: Ասորաց բանակը մատնվել էր փախուստի: Դեռ չէին անցել Ջերմ գետը, երբ լսվեց առյուծասիրտ Հայկի խրոխտ, վճռական ձայնը. 
-Բարշա՛մ... արյունարբո՜ւ շուն, դու իմ ձեռքով ես սատկելու: 
Բարշամը, որ մինչ այդ փախչում էր գլուխը բռնած, կանգ առավ ու շրջվեց ձայնի ուղղությամբ: 
Հսկան հայացքը հառել էր Բարշամին: 
-Բարշա՜մ, -շարունակեց Աղեղնավորը, -երբեւէ տեսե՞լ ես, թե ինչպես է ոռնում որսորդի նետով զարկված վագրը: Ժամհա՜ս է արդեն, հիմա ցույց կտամ: 
Ու Հայկն իր եռաթեւ նետն ուղղեց որսին: 
Այս անգամ զոհը որդին էր Բարշամ, ոչ թե Բելը հայր: Մինչեւ վերջ քաշեց լայնալիճ աղեղը: Ու երբ արձակեց, կարծես թե երկինքը կայծակեց: Շանթ խփեց Բարշամի շանթահար սրտին: Երեքթեւյան նետը դիպավ Տիտանյան հսկայի հետնորդի կրծքին, եւ սլաքը, շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին խրվեց: 
Ընկավ գետին ու շունչը փչեց: 
Ու ոռնաց Բարշամը, 
Բարշամը գետնեց. 
Արյան մեջ խեղդվեց... 
-Փա՛ռք Արամազդին... 
-Փա՛ռք Մայր Դիցուհուն... 

Զ 

...Երեք օր տեւած կենաց ու մահու պատերազմը հասավ իր վերջնական ավարտին: Փառաբանության ու գոհության աղոթքներով Նաիրյան այրուձին վերադարձավ Տարոն աշխարհ: 
Ու... Վահագնը կրկին բարձրացավ Նեմրութ լեռը: Նոր էր աղոթքը սկսել, երբ ծիծեռնակը նստեց թեւին, կտուցին՝ քառածալ մի թուղթ: 
Բացեց... 
Նամակ էր... Գրողն Աստղիկն էր: Փորձել էր կապ պաշտպանել իր երազների ասպետի հետ. 
«...Սե՜ր իմ, Բախտ աստվածուհին, երբ արագ պտտեցնում էր աշխարհի անիվը՝ Չարխի-Ֆալակը, զվարթ ուրախանում էր ու վստահ կրկնում, թե ողջ ես, իմ Կրակ, ողջ եւ առողջ ես, ու հաղթանակած եւ թե շատ շուտով կվերադառնաս Երկիր Նաիրի...»: 
Վահագնը մրմնջալով կարդաց իր պաշտամունքի աստվածային մտքերն ու փորձեց շարադրել պատասխան երկտողը. 
Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած 
Ու բառերի մեջ սիրտդ եմ որոնում, 
Ինչպե՛ս տանջված ես, ա՛խ ինչպե՛ս հոգնած, 
Եվ ինձ ես փնտրում քո ամեն քայլում: 
Բայց ես անուրջ չեմ, ես կամ, ես կգամ, 
Կոչի՜ր ինձ միայն, եւ ես կդառնամ, 
Կգամ վանելու քո բյուր ցավերը, 
Հեքիաթ դարձնելու քո ապրումները: 
Կգամ իմ հոգու ալ - լավ վարդերով 
Հոգուդ դրախտը նազան զուգելու, 
Իմ երազների հուր բույր թեւերով 
Անուրջ - պատրանքի գիրկը տանելու: 
Միայն թե ծածկիր այդ բացված վիհը 
Աշնան տերեւով, անդարձ մահերով, 
Ու վերածնիր, անցիր անդունդը, 
Հոգուդ անդունդը անվախ, անխռով: 
                                            ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 
Եվ վերջում ավելացրեց. 
-Կհանդիպենք Արտամետում, Նավասարդյան տոնի ժամանակ: Ես պաշտում եւ համբուրում եմ քեզ: 
Քո՝ Կրակ: 
Իսկ տոնին մնացել էր մեկ օր միայն: 
Նամակը պատրաստ էր: Վիշապաքաղն այն կապեց ծիծեռնակի ոտքից եւ կրկին բաց թողեց բերդը՝ Աստղիկի, բերդ Ծիծեռնակա: 
Այնուհետեւ, իջնելով լեռից, քայլերն ուղղեց Վանա ծով: 

Է 

...Գիշեր է: 
Ասպետը մենակ է բաց ծովում՝ հեռավոր աստղերի հետ: 
Ամբողջ գիշեր նավարկեց՝ առավոտյան Արտամետ հասնելու նպատակով: Լուսաբացը մոտ է: Ու նավակն արդեն մոտենում է ափին: 

Ը 

...Ահա եւ Արտամետը: 
Ափից ոչ այնքան հեռու կարմիրին է տալիս աշխարհին հայտնի արտամետյան ադամանդափայլ խնձորը: 
Վիշապաքաղը ցամաք դուրս գալով՝ ծնկեց Արեգ աստծո առաջ ու գոհություն մատուցելով Արային՝ քայլերն ուղղեց Արտամետի խորքը: 

Թ 

...Տոթ Նավասարդի Արեգ օրն էր: 
Վահագն - Արեւորդին մտավ Վանատուր - Ամանորի Մեհյան - սենյակը: Վանատուրն ընդառաջ գալով՝ ընդունեց Վահագնին ու հրավիրեց ներս: 
Աստվածներն ու աստվածուհիները խնջույք են կազմակերպել եւ ըմպում են Ամանորի լավագույն գինին: Ամենավերեւում նստած է Հայր Արամազդը, Մայր Դիցուհի Անահիտի հետ: Վահագնը մոտեցավ Մեծն ու Արին-Արամազդին: Խոնարհվեց Արարչի առջեւ ու ստանալով հայրական օրհնությունը՝ նստեց իր սիրուհու աջ կողմում: 
Ամենքը հիշելով պատմում են իրենց գլխով անցած ինչ-որ զվարճալի պատմություններ եւ ծիծաղում: 
-Հա՜յր, -դիմելով Արամազդին խոսեց Աստղիկը, -ես երեկ մշուշով պատեցի Տարոնի ամբողջ դաշտը: 
-Ինչո՞ւ, Աստղի՜կ, ի՞նչ էր պատահել: 
-Գիշեր էր: Իջել էի Մեղրագետը լողանալու, Անդո՜կը վկա: Մեկ էլ տեսնեմ Դաղոնաց բլրակի վրա ինչ-որ կտրիճներ կրակ էին վառել եւ ուշադիր զննում էին Աստղիկիս: Ես էլ, մերկությունս քողարկելու համար, մշուշով պատեցի Տարոնի ողջ տարածքը: 
-Հա՛, հա՛, հա՛... -ծիծաղեց Արին - Արամազդը: 
-Հա՛, հա՛, հա՛... -ծիծաղեցին բոլոր ներկաները՝ բարձր ու զվարթ: 
-Ես, երկնի ու երկրի ստեղծողս՝ Ամանորյա իմ տոնի առթիվ հրամայում եմ, այսօրվանից Տարոնի դաշտն անվանել սիրո եւ զգացմունքներիս աստվածուհու գործածի համաձայն՝ Մշո դաշտ: Այդպե՞ս է Անահի՜տ: 
-Այո՜, Տե՛ր իմ: 
-Փա՛ռք Արամազդին, փա՛ռք Տիրակալին, -լսվեց Արձագանք աստվածուհու զանգերգուն ձայնը: 
-Փա՛ռք Արամազդին, փա՛ռք Տիրակալին, -կրկնեցին աստվածներն անմահ ու սկսեցին մեծարել նրան՝ ասելով. 
-Մեծն Արին - Արամազդ, Արարիչն երկնի ու երկրի, լիություն պարարտության, Արարիչ աստվածներիս, ամպրոպային պատկերն Արամազդի: 
Այնուհետեւ խոսք ասաց դպրության, գիտության, իմաստության, գրչության աստված, իմաստախոս Տիրը. 
-Աստվածնե՜ր, ձեր թույլտվությամբ ուզում եմ կարդալ բոլորովին վերջերս գրչած նավասարդյան տոնին ու Մեծին նվիրված տողերս, -ասաց դպիրն ու սկսեց. 
Ո տայր ինձ զծուխ ծխանի 
Եւ զառաւօտն Նաւասարդի 
Զվազելն եղանց 
Եւ զվարգելն եղջերուաց. 
Մէք փող հարուք 
Եւ թմբկի հարկանէաք, 
Որպէս օրէն է թագաւորաց: 
                              ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Ժպտաց Մեծն Արին ու ծափահարեց: Եվ ծափահարեց ողջն աստվածային: 
-Ողջախոհ Նանե, ի՞նչ կասես հապա: 
-Գերազանց է, Հա՜յր, եւ ամեն ինչ ճիշտ: 
Գեղեցիկն Արան Տիրակալին ասաց, թե Շամիրամն իրեն է առաջարկել իր սերն ու երկիրը: 
Արամազդը հոնքերը կիտեց: 
-Դու գիտես Արա՜, բայց Նուարդը, Նուարդն հայուհի է եւ առավել հաստատ, քան Շամիրամը, եւ քո երկիր Նաիրին վսեմաշուք է, քան Նինվեն Ասորաց: 
-Սիրելիներս, ես ուզում եմ մի դեպք պատմել իմ կյանքից, -ասաց Միհր - Մհերն ու շարունակեց: -Տակավին տասնհինգ տարեկան պատանի էի, երբ Սասունում սով ու թանկություն ընկավ: Հետո պարզվեց, որ Սասնա լեռներում մի անմեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող-դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ ապրանք մտնիՍասուն: Իմացա հացի պակասության եւ թանկության պատճառը: Հաջորդ իսկ օրը գնացի առյուծի դեմ կռվելու: Առյուծը, որ տեսավ, գազազած ընդառաջ ելավ ինձ, պոչը գետին էր խփում, փոշու զարհուրելի ամպեր բարձրացնում: Ճիշտը, որ ասեմ, ամենեւին անզեն էի եւ գոտեմարտի բռնվեցի առյուծի հետ: Բարձր հավատով, խրոխտ կանչեցի պապական իմ երդումը՝ ՙՀացն ու գինին, տերկենդանին՚: Մի ձեռքս գցեցի առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշեցի եւ ճղեցի առյուծին, արի երկու կես: Կեսը դրեցի ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը ու վերադարձա Սասուն: Երբ մտա քաղաք, բոլորն առույգ ու զվարթ գոռում-գոչում էին Առյուծաձեւ, Առյուծաձեւ Միհր - Մհեր, լույս ու ջրմություն: 
-Երկնային լույսի եւ արեգակի լուսաճաճանչ Միհր այդ ամենը ճիշտ է եւ իրավացի: Մենք վկայում ենք քաջագործությունդ: -Գրեթե միանգամից ասացին Սանասարն ու Բաղդասարը: 
-Առյո՜ւծ Միհր-Մհեր, խորհուրդ եմ տալիս քեզ գնալ Աղջաղլա Յալերի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու եւ նրա հետ ամուսնանալու, -ավելացրեց Հայկը: 
-Ու այսպես երկարատեւ խոսք ու զրույցից հետո, խնջույքը մոտեցավ իր ավարտին: 

Ժ 

...Երեկո էր: 
Եվ մութը մոտենում էր: Բոլորը վերադարձան իրենց Մեհյանները: Աստղիկը Վահագնին հրավիրեց Ծիծեռնակաբերդ: 

ԺԱ 

...Գիշերվա թանձր խավարը, որ լի էր լռությունով, հանկարծ պատռվեց Աստղիկի՝ Վահագնին ուղղված սիրո խոսքերով: Խոսքեր, որ խառնվում են կարոտին եւ բաց անում զսպված արտասուքի դռները: Խոսքեր, որոնք լաց են լինում, լաց, որ խոսում է: 
-Ագնի՛, սիրելի՛ս, չես պատկերացնում, թե ինչ զարհուրելի վախով էի լցվել, երբ մարտադաշտում էիր: Վախենում էի, որ էլ չեմ տեսնի քո բոց աչքերը, ու չեմ լսի քո հուր սրտի մշտարթուն բաբախը: Տիվ ու գիշեր աղոթք էի մրմնջում: Աստվածներից խնդրում, որ ուժ ու կորով պարգեւեն քո բազուկներին: Եվ... այո... կարող եմ ասել, որ Հայրը լսեց: Թե լսեցին նրանք, որովհետեւ դու ողջ եսեւ առողջ: 
Եվ դողաց ձայնը Աստղիկ դիցուհու: Արցունքները թրթռացին մարող ձայնի մեջ: 
Եվ սկսեց լաց լինել: 
Լացեց... 
Ու լաց եղավ: 
-Աստղի՛կ, -գեղուհու աչքերից սրբելով այտերն ի վար գլորվող արցունքները, կրծքին սեղմելով շշնջաց Վահագնը: -Աստվածուհի՛ս, ես սիրում եմ քեզ: Դու ամենալավն ես: Խոնարհվում եմ գեղեցկությանդ առաջ: 
Եվ գիշերվա համատարած խավարի մեջ սիրահար շուրթերը հպվելով՝ ձուլվեցին միմյանց ու խառնվեցին մթությանը: 
-Իմ Սե՛ր - Կրակ: Ես ուզում եմ ունենալ քեզ հետ իմ կյանքի երջանկությունը: Ես ուզում եմ սուզվել քո սպիտակ ու բոց ջրերում, ուզում եմ լսել քո սրտի նրբազգաց թրթիռը: Ագնի՛, սիրելի՜ս... սրտիս եւ ուղեղիս մեջ դժոխք կա... Ես վախենում եմ, վախենում եմ սիրելիս, որ կկորցնեմ քեզ... Մեզ շրջապատողը սերն է: Հարատեւ սերը, որն ընդունելն այնքան հաճելի է... 
-Ցնորքներիս երկինք, -ընդհատեց Ագնին: -Դու իմ գրկում ես ու չպիտի, չպիտի վախենաս: Քունս տալով անքնությանը՝ ուզում եմ, այո՜, այո՜... ուզում եմ անվերջ համբուրել: Համբուրել վարդահամ շուրթերդ: Ու համբուրել վարդամատն ձեռքերդ: Եվ խորհրդավոր շշունջով արտասանել՝ կյանք, կյանք, կյանք: Սեր իմ, ճանապարհ երկնային տերության, իմ սիրո երազ: Քիչ է այս ամենը,ինչ էլ քեզ ասեմ: Քիչ է սիրելի՜ս, համբույրիդ առաջ, հայացքիդ դիմաց: 
-Վահագն: Ի՛մ Ագնի: Ահա իմ մարմինը, իմ ջերմությունը, իմ քնքշությունը, դրանք բոլորովին հարկավոր չե՜ն ինձ, բայց քո՜ ձեռքերում... 
-Աստղի՜կ, ի՛մ հրաշք... համբուրի՜ր ինձ, աստվածուհի՜ս: Ես պաշտում եմ քեզ: 

ԺԲ 

...Վերջապես Փայլածուն իր տեղը զիջեց Այգին: Իսկ Վահագնը՝ կարծես մեղու, նեկտար էր քաշում Աստղիկի վարդաբույր շուրթերից ու չէին նկատել, որ արդեն Ծայգ է: 
Ապա... 
Վահագնը մոտեցավ պատուհանին եւ ուշադիր հետեւեց ծիծեռնակների ճկուն սլացքին: 

ԺԳ 

...-Տիրուհի՛...Աստղի՜կ..., -ներքեւից ձայն էին տալիս բերդի քրմուհիները: 
Աստղիկը մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: 
-Տիրուհի՜, Նանեն Աստղիկիդ ու Վիշապաքաղին հրավիրել է Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահտագահ: Վաղը լուսաբացին մեծ շուքով նշելու են Մեծ Մորը նվիրված հռչկավոր տոնը: 
-Շատ լավ, ընդունեցի հրավերքը: Հրակաթին կլինենք այնտեղ: 

ԺԴ 

...Շառավիղյալն էր: Եվ Հրակաթը մոտենում էր: Դիցն ու դիցուհին անցել էին Մասիսներն ու հասել Ծաղկանց լեռնաշղթայի Թոնդուրեկ գագաթը: 
Քամիները փչում էին հյուսիսից - հարավ, այնպես, որ կարծես Հողմաշունչ ամիսն էր: Աստղիկը արդեն կորցրել էր ժամանակի ու տարածության զգացումը, ցրտահար մարմինը հրաժարվում էր ենթարկվել հոգու պահանջին: Նա, հազիվ քարշ տալով իր սառած մարմինը, մոտեցավ Վահագնին, բռնեց Վիշապաքաղի ձեռքն ու խնդրեց, որ մի քիչ հանգստանա ու ապա շարժվեն: Ագնինհամաձայնվեց Աստղիկի առաջարկին: Նրան առավ իր գիրկն ու շարունակեցին ճամփան: Արագ իջնելով Թոնդուրեկից, հանգստացան, շունչ քաշեցին, եւ ապա շարունակեցին ճանապարհը: 

ԺԵ 

Օրն է Կորդուիք, մոտ է Ծմակ, ամիսն է Գոհության-Նավասարդ, ժամն է Շանթակող, մոտ է Հրակաթ: Իսկ դիցն ու դիցուհին անցել էին Նպատն ու հասել Այծպտունք: Քիչ էր մնացել մինչեւ Երիզա, հասել էին արդեն Եփրատն անմահ: Անցան Եփրատն ու հասան Եկեղյաց: Ավանի դարպասների մոտ, ինչպես միշտ, աստվածներին դիմավորեց հյուրընկալ Վանատուրը: Այստեղ ենհավաքվել եւ երկրի չորս կողմերից եկած դից ու դիցուհիք: Նանեն իր քրմուհիների հետ Տարոն աշխարհից բերել է երկրի ամենալավ բերքն ու դրել Մեծն Տիկնոջ զոհասեղանին: Նար-Ծովինարի սափորը լի է Վանա ծովի կապուտաչյա, կենարար ջրով: Գիսանեն, իր ծամերից մի փունջ պոկելով, դրեց Անահիտի զոհասեղանին: Քանի որ նա Անահիտի տաճարում աղոթել եւ ուխտ էր արել, երբ իրեղբայր Դեմետրեն պատերազմից ողջ եւ առողջ վերադառնա, իր մազերը սիրով նվիրելու է Անահտագահ տաճարին ու Մայր աստվածուհուն: Ապա ծնկեց ու աչքերից երկու կաթիլ ադամանդափայլ արցունք գլորվեցին թուխ այտերն ի վար: Վահագնն իր կրակից մատուցեց Մայր դիցուհուն, որպես խորհրդանիշ ջերմության: 
Ու այսպես, ամենքն իրենց արժանին մատուցելով Անբիծ-Անահիտին, մտան պալատ եւ խմբվեցին սեղանի շուրջ: Այստեղ Գեղեցիկ Արան աստվածների ուշադրությանն ու դատին արժանացրեց ՙշամբշոտաշուրթ՚, վավաշոտ ու անառակ թագուհու՝ Շամիրամի նամակը: 
Ու կարդաց Արան նամակը գրչած. 
-«Ես քեզ եմ ասում, ով գեղատեսիլ Արա, թեպետ դու չհամաձայնեցիր դառնալ իմ ամուսինը եւ թագավորել Նինվեի եւ աշխարհի վրա, թեպետ սիրտդ Արարատի հավերժական սառույցներից կարծր է, թեպետ դու չիմացար սերը սիրով գնահատել եւ սառնասրտությամբդ այրեցիր ինձ, բայց իմացի՜ր ես դարձյալ սիրում եմ քեզ եւ տենչալով տենչում: Աստվածներիս կամքով ես վճիռսփոխեցի: Եթե քեզ համար այդքան սարսափելի է իմ սիրատենչ հարստությունը եւ ասուրիների գահը, ապա խոհեմաբար թագավորենք՝ դու քո Հայոց երկնագահ բարձունքներում, ես՝ Թիգլատի արեւակեզ ափին... Սակայն՝ հանուն սիրո եւ բարեկամության եւ մեր աշխարհների երջանկության, ով այրդ անբասիր, առաջարկում եմ քեզ՝ գալ վեհանձնաբար ինձ հետ հանդիպելու: Մեր սուրբդաշինքը երդմամբ արմատացնելու, ապա խաղաղությամբ վերադարձիր: Քեզ չեմ հրավիրում Ասորեստան, որպեսզի անհնար դավադրության մտապատկերը քեզ չվախեցնի: Դու ինքդ որոշիր անունը ոստանի Հայոց եւ Ասորաց սահմանների վրա, ուր դու նշում ես բաղձալի տեսակցությունը: Ինչքան ուզում ես զորագնդեր վերցրու քեզ հետ եւ զգուշության համար ինչ որ հարկ է արա: Ինչպայման էլ, որ առաջարկես, ես այդ իսկ պայմանով էլ քեզ ընդառաջ կգամ»: 
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ 
Նամակի բովանդակությունը մինչեւ վերջ լսելուց հետո Մեծն-Արին ասաց Արային. 
-Գեղեցիկդ Արա, ի՞նչ պատասխանեցիր, քո պատասխանն ի՞նչ է: Ասա՜ իմանանք: 
-Անմահ տիրակալ, պատասխանս այս է: Այսպես եմ ասել իր դեսպաններին ու ետ ուղարկել. 
-«Վերադարձեք Նինվե եւ աշխարհակալ արեգակին պատասխան տարեք, ասեք, ով նինվեյան արմավ, ես քեզ դաշնակից եմ, բայց իմ սրտում, ինչպես իմ արեւակեզ լեռներում, խորունկ արմատ է արձակել Արմավիրի բարդին: Եվ եթե փոխարենն անգամ անմահություն առաջարկես՝ ես չեմ նվաստացնի իմ Նուարդին»: 
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ 
Սիրում եմ հողն իմ արեւից պոկված, 
ուր արեւակեզ խաղողն է հասնում, 
Ուր նուռն է ճեղքում իր կուրծքը արբած, 
Եվ ուր խնձորն է ամոթխած շիկնում, 
Սիրում եմ հողն իմ՝ Արեգը գրկած: 
-Այո՜, -հազիվ լսելի ձայնով ասաց Արամազդն ու ժպտաց, նայեց բոլորտիք: Մտածե՛ց, մտածե՛ց ու... այսպես խոսեց անմահներին նստած. 
-Աստվածնե՜ր, ես ուշադիր լսում էի Արային ու իր պատասխան երկը: Մտածում եմ ինչո՞ւ չտալ Գեղեցիկին կոչումն աստվածային: Գարուն է Արան: 
-Ինչպես կամենաս Մեծդ - Արարիչ, Հզորդ - Արամազդ, -ասաց Մայր դիցուհին: 
-Ինչպես կամենաս Արիդ - Տիրակալ, -ձայնեցին աստվածներն հայոց: 
-Այնուհետեւ, Արամազդն իր Հայրական օրհնությունը տվեց Արային: Ճակատին դրոշմեց աստվածային կնիքն ու քաջալերեց. 
-Եվ թե մեռնե՜ս, Արա՜, հարություն պիտի առնես, -իր խռպոտ ու վճռական ձայնով ասաց Արարիչը Մեծ: 
Գեղեցիկի աչքերը սկսեցին ուրախությունից բոցավառվել: Նա իր շնորհակալությունը հայտնեց Արարչին եւ համբուրելով Արամազդի աջը՝ դուրս եկավ տաճարից ու մի զույգ աղավնի, որպես խորհրդանիշ խաղաղության, բաց թողեց պայծառաշող արեւի ու ազատ երկնքի տակ: Ապա՝ Ոսկեծին, Ոսկեմայր Անահիտ Տիկինը, որ բարերարն է մարդկային բնության, ամենայն զգաստության,որպես շունչ ու կեցուցիչ հայոց աշխարհի եւ խորհրդանիշը համեստության ու լրջության, եւ ի հարկե՝ մայրության, իր մայրական օրհնությունը տալու համար Արային կանչեց տարավ իր Բագին, Զոհասեղանի դիմաց կանգնեցնելով, օրհնեց քաջին, իր Սուրբ Ջրով մաքրեց նրա մարդկային էությունը: 
Աստվածներն աստվածացրին Արին: 
-Մեկ անգամ նորից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ շահեցի ձեր վստահությունը: Խոստանում եմ բոլորիդ ու հատկապես Աստղիկին: Խոստանում եմ ու երդվում, որ չեմ դավաճանի ես իմ Նուարդին ու չեմ գնա գիրկն անառակի: Խոստանում եմ, Հա՜յր, երկնքի ու երկրի Արարիչ, Մեծն ու Արին-Արամազդ: Երդվում եմ հավատարիմ մնալ աստվածային Սուրբ Օրենքներին:Այսպեսխոսեց Արան աստվածներին նստած: Ապա, վերցնելով այծագլուխ գավաթը, խմեց գինին արմավիրյան, իբրեւ ուխտ վստահության: 
Ապա այստեղ նորից արվեստագետ Տիրը, աստվածների ուշադրությանն արժանացրեց մի բյուրեղյա մաքրությամբ գրված իր վերջին երկը՝ նվիրված Կուսածին Տիրուհուն. 
-Հիանալի ու թրթռուն 
երկ է հյուսվել կույսի մասին, որպես մի վեհ խորհուրդ մարդկանց: Նոճի է նա, բողբոջուն, սափոր եղեգնյա, մատներն՝ ինչպես ճյուղ դալարուն: Նուրբ հոնքերը՝ կից կամարներ, աչքերն վառ են որպես աստղեր ու տաք ինչպես արեւը բարկ: 
-Հրաշալի է, Տի՜ր, շնորհակալ եմ մաքրությանդ ու պարզությանդ համար: 
- Ասաց Էածին Տիրուհին: 
-Աստվածնե՜ր, -շարունակեց Արամազդը, -Ինչպես գիտեք, Նավասարդը լի է տոնակատարություններով եւ ուղեկցվում է երգ - երաժշտությամբ, պարերով, թատերական ու կրկեսային ներկայացումներով, ցուցքերով, զինախաղերով ու մարզական մրցումներով: Եվ այդ ամենը շարունակվելու է մինչեւ Նավասարդի վերջը: Մի քանի օրից կտոնենք նաեւ Վարդավառը, որն, ինչպես գիտեք,նվիրված է սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկիս: Աստղիկը, -շարունակեց Մեծն Արին, -Աստղիկն իր իսկ ծննդյան օրվանից շահեց իմ սիրտն իր առաքինի եւ աղջկական պահվածքով: Դրա համար էլ նա այսօր իր գանգրահեր վարսերի մեջ կրում է Սոսյաց տերեւներով հյուսված այս ոսկեթույր պսակը: 
...Հիշում եմ: Տարիներ առաջ, Մարերի ամսին, ես սպանեցի իմ երկվորյակ եղբորն ու գցեցի Վանը: Նրա արյամբ ծովը ալիքվեց ու փրփրեց: Եվ այդ սպիտակաթույր փոթորկադեզ ալիքների միջից ո՛վ հրաշք, դուրս եկավ Աստղիկը, եւ որտեղից որ քայլում էր, պատկերացնո՞ւմ եք, ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բացվում: 
-Վարդածղի-վարդամատն Աստղիկ, առաջակում եմ Վարդավառը նշել Անձեւաց գավառի Պաղատ լեռան վրա: 
-Մայր - Ծովի - Նար - Խաթուն, -ընդհատեց Միհր - Մհերը, -ավելի ճիշտ ու նպատակարամար չէ՞ տոնն անցկացնել Աշտիշատի Աստղկան Տաճարում՝ ՙՎահագնի Սենյակում՚, որովհետեւ տոնը նվիրված է նաեւ Վահագնին՝ սիրո խորհրդանիշ զույգին. 
-Կարելի է, պնդեց Նանեն, -նույնիսկ կարելի է տոնն անցկացնել Զանգեզուր՝ Խուստուփի փեշերին: Բայց ինչ - որ տեղ Միհրը ճիշտ է: 

ԺԶ 

...Խավարուկը մոտենում էր, եւ աստվածները պատրաստվում էին գնալ: 
-Սիրելինե՜րս, -գոհունակ ձայնով աստվածներին դիմեց Մեծ Մայրը: 
-Չափազանց ուրախ եմ, որ ընդունեցիք հրավերս ու եկաք ինձ ուրախացնելու: Մեր միասնությունը աստվածներիս հաղթանակի գրավականն է: Գնա՜ք բարյավ: Գնացե՜ք խաղաղությամբ: Եվ թող Անահիտիս Մայրական օրհնությունը իջնի ու թագավորի բոլորիդ վրա ու ամենքիդ հոգիներում: Հույսով եմ՝ ո՜չ, վստա՜հ եմ, որ կհանդիպենք Վարդավառին: ...Եվ աստվածները դուրս գալովՏաճարից՝ ամեն մեկն իր զույգ աղավնիներն արձակեց, որպես ազատության ու մաքրության խորհրդանիշ: 
Ցրոն օրվա Ճառագայթյալ ժամն էր: Միհրը ոտքով հաղթահարել էր մի ամբողջ ճանապարհ եւ վերջապես հասել Աղջաղլա Յայլերի թագավորի քաղաքը: Տեսավ, որ քաղաքի բոլոր բնակիչները սեւ են հագել եւ լաց են լինում: Երկար պարզաբանումներից հետո վերջապես Առյուծ Մհերը իմանում է սգո պատճառը: Պարզվում է, որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղիցքաղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը եւ կտրել ջուրը: Եվ ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա, վիշապը մի աղջիկ է ուզում: Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է: Այդ օրը թագավորի աղջկա հերթն էր, նրան պետք է տան վիշապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել: Միհրը գնում է այդ քարանձավը եւ պատվիրում քաղաքացիներին թագավորի աղջկան բերել այնտեղ:Միհրը գնում, կանգնում է քարանձավի մոտ. այնտեղ են բերում սեւ հագած թագավորի աղջկան: Երբ վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից, որպեսզի աղջկան կուլ տա: Մհերը քաշում է թուրը, վիշապի յոթ գլուխն էլ թռցնում: Գլուխներից թանձր կրակ ու ծուխ է բարձրանում: Միհրը սպանված վիշապին քարայրից գլորում է ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր էհորդում ներքեւ, ապա աստիճանաբար սկսում է զուլալվել: Մարդիկ ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում: 
Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թաթախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում պալատ: Թագավորը, աղջկան տեսնելով, շատ է ուրախանում, հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել: Աղջիկը ոչինչ չի պատասխանում: Թագավորը կարգադրում է գտնել վիշապ սպանողին՝ խոստանալով աղջկան կնության տալ նրան: 
Շատերն եկան ու ներկայացան թագավորին, ասելով, որ իրենք են վիշապին սպանել: Արմաղանը բոլորին հետ է դարձնում, բացահայտում նրանց սուտը: Ահա եկավ Մհերը: Թագավորը հարցնում է. -Դո՞ւ ես իմ աղջկան ազատել: 
-Ես եմ ազատել, -ասում է Միհրը: -Իմ սրով վիշապի յոթ գլուխն եմ թռցրել: 
Թագավորը նրան էլ չի հավատում: Երբ Մհերը շրջվում է գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռքի արյունահետքը, մոտենում է Միհրին, բռնում թեւից, ներկայացնում հորը: 
-Հա՜յր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա հետ ամուսնանամ: 
Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Միհրն էլ առնում է Արմաղանին ու բերում Սասուն եւ նրա հետ ամուսնանում: 

ԺԷ 

...Գիշերվա Խոթափյալ ժամն է: 
Քնած է երկինքն ու երկիրը: Միայն Արան է, գլուխն ափերի մեջ առած, պտտվում իր Արա - Գահի շուրջը: Նրան մի կասկած էր անընդհատ տանջում: 
-Եթե գնամ... Իսկ եթե չգնամ... 
Դեռ այդ միտքն էր տանջում Արային, երբ արագասլաց քայլերով նրան են մոտենում Սանասարն ու Բաղդասարը, եւ հաղորդում, որ Շամիրամի զգլխիչ ցանկասիրությունը դեռ չի հանդարտվել, եւ նա կրկին Արարատա աշխարհ է ուղարկել իր դեսպաններին. 
-Ներս կանչե՜ք դրանց, -հրամայեց արքան: Նինվեյան դեսպանները մտան պալատ ու Արային մեկնեցին թագուհու զմռսված նամակը: 
Բացեց: 
Արան, որ մինչ կարդալը մտածում էր, թե նորից հանդիպելու է վավաշոտ թագուհու սիրո հրավերի խնդրանքին, հանկարծ անակնկալի եկավ. 
«-Կարդացի նամակդ եւ սաստիկ զայրացա ու հիմա սպառնում եմ քեզ ոչնչացնել, հիմնահատակ կործանել երկիրդ, եթե հրաժարվես կատարել սիրահարիս կամքը, եւ չգաս տեսության: Արա՜, եթե ապառաժված գոռոզությամբ դեռ չկամենաս ընդառաջել իմ բարի եւ հույժ ներողամիտ առաջարկին, ապա դու ինձ կհանդիպես կռվի դաշտում եւ իմ դեմքի վրա կտեսնես ոչ թե սիրո ժպիտ, այլ՝պատերազմական կնճիռ: Ես կփշրեմ ոգիդ, թեպետ պաղ երկաթ է նա: Բաբաներիս թափով քինախնդիր կխորտակեմ բերդերդ, փղերով կտրորեմ քո բարձրաքիթ լեռների ծաղիկը: Քանի որ դու խոհեմ չեղար իմ կողքին բազմելու, պիտի կանգնես իմ դեմ իբրեւ շղթայակապ գերի...» 
(արխիվ) 
Նամակը ավարտելուց հետո այսպես ասաց ասորաց դեսպաններին եւ ետ ուղարկեց. 
-Դյութական մշուշը փարատվեց, այդ նենգությունը մերկությամբ կանգնած է մեր դեմ: Շամիրամն ազատ բարեկամից գերադասում է կամակատար բարեկամին... Վերադարձե՜ք Նինվե եւ բարբառեք Շամիրամին, թե Արան սիրում է իր Նուարդին, պատրաստ է նրա անեղծ պատիվը պահպանել: Եվ բարբառեք, որ Արան սովորություն չունի գոռոզ ոճի խոնարհության ոճովպատասխանել: 
(արխիվ) 
Շամիրամը կրկին ու կրկին պատգամավորներ ուղարկեց Արայի երկիր: Երբ պատգամավորները շատ անգամ երթեւեկություն կատարեցին, եւ Արան չհամաձայնեց, ապա Շամիրամը, սաստիկ չարանալով, պատգամավորությունը դադարեցնելուց հետո վճռական որոշում է մեծաքանակ զորքի բազմություն հավաքել եւ շտապել, գնալ-հասնել երկիր Նաիրի՝ Արայի վրա: 
Գիշերավար օրվա Արագոտ ժամն էր եւ Արփողն արդեն մոտենում էր: Խորհրդավոր լռության միջից հանդարտ քայլերով արքային է մոտենում թագուհին եւ շշունջով խոսում Արային. 
-Սիրելի՛ս, գիտեմ, թե դժվար է այն, ինչի մասին, որ խորհում ես: Ես ամենեւին էլ արգելք չեմ լինի, չեմ դառնա արգելք: կարող ես ուղարկել քո դեսպաններին եւ Զորացյալին հանդիպման հրավիրել Ասորաց թագուհուն: Ինձ համար միեւնույնն է, ես վստահ եմ, որ չես դավաճանի թագուհուս հայոց ու չես նվիրվի Նինվեյան պոռնիկին: 

ԺԸ 

...Ու Արան արեց այնպես, ինչպես ցանկացել էր իր սիրասուն Տիկինը հայոց: 
Հանդիպումը նշանակվեց Վանա ծովի ափերից դեպի երկինք խոյացող Արտոս լեռան սպիտակափայլ գագաթի կանաչազարդ փեշերին: 

ԺԹ 

...Զորացյալը մոտենում էր: 
Մոտենում էր եւ ժամը հանդիպման: 
Արան մինչեւ ատամները զինված իր ասպարազեն հեծելազորի հետ հանգստանալու պատրվակով հանգրվանեց Մոկս գետի ափին: Ու նա, որ չէր ուզում տարբերվել իր զինակից ընկերներից, հագնվել էր ճիշտ այնպես, ինչպես իր կոփված ռազմիկները, որպեսզի Շամիրամին փորձի, թե արդյո՞ք սիրում է իրեն, թե՞ պարզապես ցանկանում է իր միջոցով, բռնի ուժով տիրանալ Նաիրյանաշխարհին: 
Արան բարձրացավ Արտոսն ու հայացքն ակնապիշ հառեց Սղերտին: 

Ի 

...Բացվող օրվա հետ սպիտակում է հորիզոնը: 
Հեռվում ուրվագծվում է Ասորեստանի վավաշոտ թագուհու գայթակղիչ մարմինը: Եվ Արան տեսավ, որ նա մենակ է ու հրամայեց իր զորքերին ետ քաշվել, որպեսզի Շամիրամի բաղձալի տեսակցությունը կայանա խաղաղ միջավայրում: 
Մինչ Արան այդ հրամանն էր իրագործում, Միհր-Մհերը հանկարծ նկատեց, որ Սղերտի հարավ-արեւելյան դարպասների մոտ հավաքվել են ասորաց բանակի ոչ սակավ զորագնդեր ու սպասում են թագուհու հերթական հրամանին: 
-Արքա՜, Շամիրամը խաբեց մեզ: Ապա նայի՜ր արեւելք, Սղերտի դարպասների մոտ: Արքա՜, անառակը խաբել է: 
-Հանգստացի՜ր, Մի՜հր: Զինավարժ որդինե՜ր Նաիրյան, առա՛ջ... արա՛գ... Նաիրյան քաջեր: Անառակը խաբեց մեզ: 
Ու այրուձին սրընթաց առաջ սուրաց դեպ Սղերտ: Շամիրամը չհասցրեց նույնիսկ ողջունել իր երազների անկրկնելի հերոսին եւ ասել, թե. ՙՍիրո՜ւմ եմ Արա, սիրո՜ւմ եմ քեզ՚: 
Քաջորդիները, հասնելով ասորիներին, մտան սարսափելի գոտեմարտի մեջ: 
Բազմազանգված էր ասորաց բանակը: Այն կազմված էր հիսուն ցեղերից, որոնք եկել էին իրենց արքաներով ու զորավարներով. նրանց թիվն անցնում էր հինգ հարյուր հազարից: Նրանք զինված էին տեգերով ու պարսատիկներով, սրով, աղեղներով եւ բազմաքանակ նետերով: Ունեին անթիվ ռազմակառքեր, բաբան եւ աշտարակ՝ Ինդուսից բերված հիսուն մեծամարմին փղեր: Բայցորքան Շամիրամի դեմքից կարելի էր գուշակել, նա իր բազմամբոխ բանակով շտապում էր ոչ այնքան Արային սպանել կամ հալածել, որքան նվաճել կամ իր ձեռքը գցել, որպեսզի իր ցանկությունը կատարի, որովհետեւ մոլեգին կիրքը նա տռփանքով սիրահարվել էր Արային: Եվ դա ոչ միայն Նինոսի հետ ամուսնանալուց եւ, մանավանդ, նրան գահընկեց անելուց հետո, այլեւ շատ ու շատտարիներ առաջ, երբ դեռ ինքն աղջիկ էր: Նա երբեք չի սիրել Նինոսին, նրա սիրո առարկան ուրիշ անձ է եղել եւ գտնվել է Հայոց բարձրադիր աշխարհում: Եվ եթե նա հետեւել է Նինոսի Նաիրի երկիր կատարած արշավանքներին, ապա անհանգստացել է ոչ թե Նինոսի ճակատագրով, այլ Արայով, նրա ուշքն ու միտքը Արան է եղել: Իսկ այժմ ասորական զորագնդերով փութով եկել է հասելԱրայի երկիր, որ նրա անունով կոչվեց նաեւ երկիր Այրարատա եւ կանգնել է զորքի դեմ դիմաց: 
Հայոց բանակի կայծակնային հարվածներից ասորական զորքը բաժանվում է հատվածների: Ճակատամարտը ծանր էր: Ինքը՝ մոլեգնած արքան, իբրեւ ահռելի պտուտահողմ, ռազմակառքով, կռվի խորքերը մխրճվելով, թրով հնձում է աջ ու ձախ: Զորքի աջ թեւը փախչում է հուսալքված: Այդ պահին ասորիները մարտի են նետում փղերին: Հայոց զորքն ու Արան նեղվում են: Շամիրամըտեսնում է այդ եւ մահվան սպառնալիքով հրամայում զորականներին, չսպանել Արային, այլ բռնել ու կենդանի բերել իր մոտ: 
Հայկական զորագնդերը քաջաբար հարձակվում են փղերի վրա: Փղերը սոսկահար փախչում են: Արան իր երկսայր սրով մեջտեղից կտրում է տուրտանական փղի կնճիթը եւ ապա սուրը նրա որովայնը մխրճում: Այն պահին, երբ նա զբաղված էր սուրը կենդանու որովայնից դուրս քաշելով՝ վրա են հասնում Շամիրամի զորականները եւ նետահարում: 
-Արային չսպանե՜լ, նա ինձ կենդանի է պետք: Ինչքան հնարավոր է զգո՛ւյշ: Աղաչո՛ւմ եմ, -աղեկտուր ձայնով զորքին դիմեց Շամիրամը հարբած: 
Բայց արդեն ուշ էր: Արան ընկել էր արյունահեղ մարտում: Չկար Ար - Արան, ու կարծես երկինքը փլվեց Շամիրամի անառակ աշխարհի ապականված գլխին: Մթնեց աչքերն ու սարսափից գոռաց. 
-Վե՛րջ... Կա՜նգ առեք... Հերի՜ք է... Չե՜մ ուզում տեսնել ձեզ: Հեռացե՜ք: Հեռացե՜ք Նինվե... 
Հաղթությունից հետո տիկինը դիակապուտներ է ուղարկում ճակատամարտի դաշտ՝ փնտրելու իր ցանկալի տարփածուին: Արային հոգեվարքի մեջ հասցնում են Շամիրամին ու դնում նրա առաջ: 

ԻԱ 

...Մշուշը պատել էր, գրկել բովանդակ աշխարհ: Ծուխն համբառնել էր, պատել Արեգակ: 
Այլայլված քայլերով մոլոր Արային մոտեցավ թագուհի Շամիրամն ու շվարած ընկավ Գեղեցիկի դիակի վրա: Գրկեց նրա արյունածոր գլուխն ու խնդրեց նրան. 
-Արա՛, Գեղեցի՛կս, բացիր աչքերդ, սիրելի՛ս: Քեզ պաղատում է Շամիրամդ Մեծ: Ես կխելագարվեմ լռությանդ պատճառով: Խոսի՜ր Արա: Ապրի՜ր, դու իրավունք չունես մահանալու, երբ ես այդ չեմ ուզում, երբ ես դեռ կամ: Աչքերդ բա՜ց, նայի՜ր, այս ես եմ, քո Աստրադը... խոսի՜ր, գոնե միայն մի խոսք: Արան, մի կերպ բացելով աչքերը, հազիվ շշնջում է. 
-Մնաս բարով, Նուա՜րդ: Եվ ապա հանգչում: 
-Աստվածնե՜ր, փրկեք սիրելիիս: Կխելագարվեմ, այո... այո... Կնետեմ ինձ Վանը: Էլ ում եմ պետք առանց Արայի: Ապրում էի նրանով, երազում ու սպասում էի նրան, թե մի պայծառ օր կգրկեմ ու կողողեմ բյուրավոր համբյուրներով ու կայրվեմ նրա մարմնի ջերմությամբ: Եվ հիմա, հիմա հակառակն է: Աստվածնե՜ր, աղաչո՛ւմ եմ, օգնեք Արայիս հարություն առնելու: 

ԻԲ 

...Գիզակն արդեն մոտենում էր, բայց Շամիամը դեռ չէր ավարտել իր մենախոսությունը: Լուսաբացին, ՙշամբշոտաշուրթ՚ թագուհին հրամայեց իր պալատականներին, որ Արայի դին տանեն թագավորանիստ Նինվե եւ դնեն ապարանքի վերնատանը: Ապա կանչեց Առլեզներին եւ խնդրեց նրանց, որ լիզեն Արայի արյունաքամ վերքերն ու հարություն տան նրա գեղատեսիլ շինվածքին:Առլեզները շատ ջանացին, Գեղեցիկին հարություն տալու համար: Բայց փրկելն անհնար էր, նեխել էր մարմինը Հայոց Արքայի: Ու Շամիրամը սպասում էր, դեռ չէր հուսահատվել: Գիտեր թե... 

ԻԳ 

...Արայի մահվան բոթն արդեն ցնցել էր երկիր Նաիրին: 
Աստվածներն ու աստվածուհիները խմբվել էին Դերջան գավառի Արամազդանիստ պալատում: Հայրը լուռ էր: Չգիտեր ի՞նչ, ի՞նչպես... 
Ապա բարձրացնելով գլուխը՝ տխուր հայացքը հառեց Վահագնին, հետո՝ շրջվելով իրեն շրջապատող քաջերի կողմը, այսպես խոսեց. 
-Հիշեցե՜ք Հայկին, որ բուռն քաջերով դեմ կեցավ Բելին հոգին անխռով: Վիշապաքա՜ղ, կրակ թափիր Նինվեի վրա: Քաջքե՜ր, հալածեք անառակին, գցե՜ք Սանդարամետն անդնդոց: Թող գնա՜, կորչի՜: Ձեզ կմիանան նաեւ Տորքը Անգեղյա եւ այրուձին Հայկյան: Եվ ահա գոտիս, որպես ծիածան, ձեր մեջքին թող սուրբ վահան լինի: Գնացե՜ք ավերով ու վերադարձե՜ք խաղաղությամբ: 

ԻԴ 

...Զորագունդը պատրաստ է եւ սպասում է Վահագնին: Վիշապաքաղ - Արեւորդին Աստղիկի հետ առանձնացել էր Եփրատի ափերին: 
...Կարծես էլ չէին հանդիպելու հավիտեանս: Վիշապաքաղը անվերջ համբուրում էր Աստղիկի մեղրածոր շուրթերն ու խնդրում, որ աղոթի առ փրկություն: 
-Ամենաչքնա՜ղ Աստղիկս, աղոթք արա, աղոթի՜ր, աղոթի՜ր, որ փորձանքը շրջանցի մեզ: Միայն աղոթքով կարող ենք փրկվել ամենածանր վիճակներից: 
-Կաղոթե՛մ սիրելի՜ս, կաղոթեմ հրափայլ հոգուդ համար, որ փրկվի, չկորչի, ապրի դարերում: 
-Աստղի՜կ, ճակատագի՛րս: Առանց քեզ ի՞նչ է անմահությունը: Հավիտենական պաշտամունքս: Սիրում եմ, Սիրո՛ւմ եմ սիրելի՜ս: 
-Իմ սիրառատ հոգին քեզ անպայման, անպայման կօգնի, որ վերադառնաս հաղթական եւ մենք կրկին միասին լինենք: 
-Աստվածուհի՛ս... Համբուրելով Աստղիկի մետաքսանման շուրթերը՝ խոսեց Վահագնը, -Ինչ անո՛ւշ է սոխակ լեզուդ: Ինչ գեղեցիկ են ծիծաղախիտ աչքերդ: Թո՜ղ սիրելիս, թող աչքերիդ նայելով մոռանամ ինձ, մոռանամ ամեն-ամեն ինչ: Մոռանամ ամբողջը՝ աչքերիդ նայելով: Գիտեմ, որ նրանք միշտ հետեւում են Արեւորդուս ու հարկի դեպքում համոզված եմ, որ օգնության կգան եւ չենլքի, չեն թողնի մենակ: 
-Այո՜, սիրելի՜ս: Նրանք միշտ քոնն են, քեզ են պատկանում, Վիշապաքաղիդ: Եվ միշտ քո հետ կլինեն, միշտ քո կողքին, նույնիսկ կյանքիդ ամենածանր ակնթարթներին: Օ՛, Տե՜ր: Տե՜ր, մի արասցե... 
-Աստղի՜կ, հոգյակս, ուշ է, բանակը սպասում է ինձ: Ինձ է սպասում նաեւ Շամիրամի մահը: 
-Գնա՜, գնա հավիտենական սերս, գնա խաղաղությամբ: 
-Մնաս բարյա՛վ, գեղեցիկ Աստղիկս: 
Ապա կարոտի հայացք գցեց աստվածուհու արցունքակոխ աչքերին, ուր կարծես խոստումներ կային, եւ որոնք լուռ հետեւում էին Վահագնի հեռացող ստվերին ու գնաս բարով մաղթում Վիշապաքաղին: 

ԻԵ 

Ու թամբեց Կրակը Քուռկիկ Ջալալին: Հրեղեն սուրը զարկեց ժայռ- ապառաժին: Բյուր կտոր եղավ ապառաժը հսկա ու թռավ երկինք: Գնաց, գնում է ու դեռ կգնա... 
Ապա լեռնանման հսկաներին առաջնորդեց Ասորեստանի սիրտ Նինվե: 
Երբ հսկայաբար քաջազունքն անցան Ասորաց սահմանը, սկսեցին ավերել այն ամենը, ինչ պատկանում էր անառակին: 
Լաց ու կոծն ընկավ ասորաց մեջ: Խառնաշփոթ էր եւ պալատում: Գույժը հասել էր Շամիրամ թագուհուն: 
-Տե՜ր աստվածներ, ինչ անեմ հիմա: 
Էլ ճար չկար: Թագուհին ինքը որոշեց դուրս գալ եւ կասեցնել ավերը: 
-Հսկա դյուցազունք, -խոսեց Շամիրամ, -դադարե՜ք, խնդրում եմ, դադարե՜ք ավերն ու ականջալուր եղե՜ք թագուհուս խոսքին: Ես՝ Ասորաց աշխարհիս Շամիրամ թագուհին հրամայեցի իմ աստվածներ Առլեզներին, որ փրկեն Արայիս արդեն նեխած դին: Հարություն տան նրան, լիզեն վերքերն ու փրկեն երազս: Բայց զուր էր: Ամեն ինչ իզուր: Ու անմխիթար մնալով նրա կորստի համարաստվածներիս հրամայեցի, որ Արքաս Գեղեցիկ փոխադրեն երկինք, որ մաքուր մնա: Մնա անաղարտ: Որ չպղծի նրան հողը պղծված: Արան երկինքն է, եւ ողջ է Արան: 
-Պոռնի՜կ թագուհի, էլ բա՜վ է ստես: 
-Մի՜հր: Բնության բիրտ ուժ, խնդրում եմ մի քանդիր արդեն իսկ քանդված հոգիս: Խողխողում է խոսքդ եւ հիմնահատակ ավերում: 
-Դե ե՜կ, անառա՜կ: Իջի՜ր պալատից, թե չէ կքանդեմ բերդդ անառիկ: 
-Ի՞նչ կանես, Անգեղ: Հա՛, հա՛, հա՛,հա՛... ծիծաղեց թագուհին, -բերդս կքանդի՛... ապա մի պահ դադար առավ ու նորից շարունակեց. 
-Դե փորձի՜ր, Անգե՜ղ, թե որ հաջողվի ինքնակամ կգամ, թող Քաջքերն ինձ շղթայակապ տանեն ու նետեն սանդարամետը Սպանդարամետի: Ու ներս ընկավ ասորաց պոռնիկ թագուհին: Մտավ պալատն ու կողպեց դուռ, երդիկ, դարպաս, պատուհան: Զայրացավ Անգեղը: Վեր ելավ մի քարի, որ կանգներ ամուր: Ծանրությունից պողպատ ոտքերը քարի մեջ խրվեցին: Հսկան հենց որժայռին ձեռք գցեց, որձաքարն անգամ տեղից վեր պոկվեց: Եվ ահագին կորովով սարը տեղից շարժեց ու ծանր, ամուր քարերը բերդն ի կողմ նետեց: Խարխլվեց ասորաց բերդն անառիկ: Թնդաց երկինքն ու հողը: Ու հողը դողաց, դղրդյունն ընկավ բովանդակ աշխարհ: 
Միհրը, որ դեռ հեծած էր Հրեղեն ձին, փորձեց իջնել: Ու երբ ոտքերը գետնին հպվեցին, խրվեց հողի մեջ: Հազիվ բռնվեց ապառաժ ժայռից՝ դուրս քաշեց հողից մարմինը խրված: Դուրս եկավ, տեսավ, Տեսե՜ք, ի՞նչ տեսավ: Երկու ձեռքերն են դաջվել ժայռաքարի ապառաժ սրտին: Այս տեսան նաեւ ասորաց զորքեր: Տեսավ Շամիրամ, դող անցավ մարմնով, լեղաճաք եղավ: Ապրեցհավիտենական սարսափն ահազդու: Եկավ ու ընկավ ոտքը Վահագնի: Թողություն խնդրեց, խնդրեց, որ ներեն: Էլ չուներ փրկություն անառակ Շամիրամ: Քաջքերն անմիջապես շղթայակապ արին: Քարշ տվին, տարան երկիր Նաիրի: Տարան, որ նետեն սանդարամետն անդնդոց ու խորտակեն... Այրուձին ավերեց ողջն ու Նինվեն: 
Ապա իրենց հետ վերցնելով Արայի դին՝ հետապնդեցին Քաջքերի ճկուն սլացքին: 
Վերադարձան Նաիրի: 
Բազմաթիվ հալածանքներից հետո չարանենգ ոգիները Շամիրամի պարանոցից կապեցին ջրաղացի քարն ու նետեցին վիհը սանդարամետ եւ ուլունքներն էլ դեպ ի Վան նետին: Ծովը փրփրեց ու ալեկոծվեց անառակի կախարդանքից: Երկիրը ցնցվեց ու երկրաշարժ եղավ: Պատռվեց գետինն ու կործանվեց Նինվեն: 

ԻԶ 

...Մայրամուտն իջավ, գրկեց սար ու ձոր: Նստած էր հայրը պալատում՝ գահին: Դիակը ձեռքին այլայլ քայլերով, տխուր ներս մտավ քաջ Արեւորդին: Վեր ելավ տեղից Մեծն - Արարիչ: Վիշապաքաղը, դին ձեռքից ցած դնելով, խոնարհվեց Արարչին ու ստանալով օրհնություն՝ հուզված ձայնով այսպես խոսեց. 
-Տիրակա՜լ, ամեն ինչ արեցինք Գեղեցիկին փրկելու համար, բայց արդեն ուշ էր: Ու՜շ էր, Արարիչ: Նույնիսկ ասորաց Առլեզներն արդեն անուժ էին դարձել, որ լիզեն Արան ու փրկեն արքան: Բայց... 
-Լա՛վ... -Ընդհատեց Արամազդը: Երկար խորհեց Մեծն-Տիրակալ: Սկսեց հուզված տրորել կնճռոտված ճակատը: Կարծես թե ցանկանում էր ելք փնտրել հարության: Արամազդ - Արարչի ուժն էլ էր կորել: Դիակն էր նեխել, էլ հնար չկար: Ելք չկար արդեն: Ժամերն անցնում էին վայրկյանի նման: Բայց դեռ Արարչին մի միտք էր տանջում, թե ի՞նչ... եւ ինչպե՞ս... ծնկի եկավ Մեծն - Արին,աջը դրեց արյունաքամ Արայի գլխին ու. 
-Վե՜ր կաց, Արա՜, ել ու կանգնի... 
Ձայն չկա, լուռ է Արամազդը: Տխուր է Ագնին... 
Հանկարծ շնչահեղձ ներս ընկավ Նարն ու ճեղքեց պալատում տիրող անդորրը: 
-Հա՜յր, քեզ լուր եմ բերել երկրիս հեռվից: 
-Հանգստացի՜ր Նար, ինչ է պատահել... 
-Տիրակա՜լ, այն ժամից, ինչ Շամիրամի ուլունքները նետեցին ծիծաղախիտ Վանը, դեռ չի հանդարտվել ծովն ալեկոծված: Փոթորկվում է դեռ, ընդերքից ցնցվում: Շամիրամն ու Արան երկնքից-երկիր իրար հետ զրուցում, իրար են կանչում, տենչում են միմյանց: 
-Ի՞նչ ասացի՜ր, Նար, կենդանի՞ է Արան: Ագնի, լսեցի՞ր: Ուրեմն ճիշտ էր անառակ թագուհին, թե երկինքն է Արան, -ժպտադեմ հայացքն ուղղելով Արամազդին ասաց Հուր - Ագնին: 
-Կենդանի եւ ողջ է մեր Տեր արքա Արան: Արան երկնքում է: Շամիրամն անվերջ Սանդարամետից Արա է կանչում: Անվերջ զրուցում: Շուտ, շու՜տ հասնենք Վան, Վահագն ու Ծովինար: Ողջունենք Արա Գեղեցիկին անմահ: 
Եվ նրանք արագ դուրս գալով պալատից՝ շտապեցին Մայր Ծովակ: Եթերն ամպել էր: Լուսինը մնացել էր մշուշի ետեւում: Դղրդում էր երկիրը: Ծովն ալեկոծվում, քամիներն անցում էին հյուսիսից-հարավ: Գոռում էր երկինքը, անձրեւ տեղում... 
Ու լուռ էին աստվածները: Ապշած լսում էին Արա - Շամիրամ երկխոսությունը: 
-Չեմ դավաճանի ես իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ՛ Շամիրա՛մ: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 
-Արա՜, ների՜ր ինձ, իմ կամքից վեր էր: Չէ՞, որ սիրում էի, հիմա էլ Արա՜, սիրում եմ, սիրում: Ա՛խ, աստվածնե՜ր, այս ինչ փորձանք էր: Ինչ հիմա՛րն էի: Ինչո՛ւ... Ինչո՛ւ... Ինչո՛ւ... Չգիտեմ, չէ, չգիտեմ, օգնե՛ք, օգնե՜ք թագուհուս հասնեմ արքայիս: Ա՛խ սիրելի՜ս, չգիտես, թե առանց քեզ որքան անտանելի է ինձ համար... 
-Ես աչք չունեմ քո հող-թագին, եկ, Շամիրամ, այս գիշեր, 
Ա՛՝խ, սիրել եմ ուզում կրկին, եկ, Շամիրամ, այս գիշեր, 
Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ, 
Թե դեռ վարդ կա քո շրթունքին, եկ, անթառամ, այս գիշեր, 
Ես կարոտ եմ քո գգվանքին, եկ, տարփանամ այս գիշեր, 
Մարմին կուզե իմ խենթ հոգին, եկ, խենթանամ այս գիշեր, 
Հրաբորբոք այնպես գրկեմ, որ Արային մոռանաս, 
Մի գառ դառնաս դու իմ գրկին, եկ՝ գայլանամ այս գիշեր: 
Քո շուրթերից ծծեմ գինին ասուրական դաշտերի, - 
Հարբած ընկնեմ քո բաց կրծքին՝ եկ՝ մեղրանամ այս գիշեր: 
Շամբշոտանալ կուզե հոգիս ըմբոստաշատ մի գրկում, 
Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ, ցոփանամ այս գիշեր: 
Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով,- 
Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին՝ եկ, վագրանամ այս գիշեր: 
Ձյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ, 
Եկ, ծովանամ քո տարփանքին, եկ, հովանամ այս գիշեր: 
Ես Արան եմ... Եկ Նուարդիս գեթ մի անգամ ես դավեմ,- 
Որ ներըմպեմ դարիս ոգին, եկ, շնանամ այս գիշեր: 
Արեւ կրքով հասիր, ցրիր արցունքներս աստղացած, 
Որ նման բորբ այս լուսնակին՝ որբ չմնամ այս գիշեր: 
Բեր Վանա ծովն աչքերովդ, ծով գիրկն ընկնեմ, հովանամ, 
Գեթ պատկերը բեր իմ աչքին, եկ, ծովանամ այս գիշեր: 
                                                                                ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ 
                                                                   «Շամիրամ» կրճատումներով 
-Այո՛, -կամացուկ ձայնով ասաց Արամազդը, -գնանք, Վիշապաքաղ: Գնանք չխանգարենք: Չխանգարենք նրանց: 
...Գիշերվա թանձր խավարն անձրեւային հորդ եղանակով էր պատել Վասպուրական աշխարհը: 
Հեռավոր մշուշի միջից հազիվ ուրվագծվում էր երկնաբերձ Սիփանը: Խավարը համառորեն չէր զիջում լույսին: Ամպրոպ ու մառախլապատ լեռան բարձր գագաթից վերջապես հաղթական ծագեց Արուսյակը: Մշուշը շատ էր, եւ արեւը թաց ու սառը աչքերով էր նայում երկրին: Արան երկինքն է, Շամիրամն՝ ընդերքում: 

ԻԷ 

...Արեւի ժպտադեմ ճառագայթներից սպիտակում է եւ Ծովք լիճը: 
Լճի կանաչազարդ ու ծաղկախիտ ափերին նստել է Աստղիկը: Նստել է մենակ, սոսենու ճյուղը ձեռքին ու երգում է լուռ: 
Մարգարիտի պես գունատ է դեմքը Աստղիկ դիցուհու: Հանդարտ քայլերով նրան է մոտենում Վահագնը ու անվերջ կրկնում. 
-Գեղուհիներու էն գեղունին քու քղանցքիդ առջեւ 
իր խունկը եւ իր ծաղիկը պիտի թափե, 
Եվ կեղծիքին Տաճարները պիտի քանդենք՝ 
քու Տաճարդ կերտելու համար 
Ժպտե այրի ցեղը վերջապես կանաչ պիտի հագնի, 
եւ դառնասիրտ թշնամին՝ սեւ... 
                                                                          ՍԻԱՄԱՆԹՈ 
-Աստղի՛կ, սիրելիս: Ինչ գեղեցիկն ես: Ես սիրում եմ քեզ: 
Աստվածուհին երգն ընդհատելով՝ սոսու ճյուղը դեն նետեց, անհագիստ կերպով վեր թռավ տեղից: 
-Փա՛ռք աստվածներին, անսահման ու հավիտեան փառք անմահներին: Գիտեի, Արեւորդի, գիտեի, որ գալու ես: Սպասում էի, սիրելիս: Գիտեի, որ կգտնես ինձ: Ով քա՜ջ իմ Վահագն, աստվածահայր քաջ զորության: 
-Ա՛խ, Աստղիկ, Աստղիկ: Աստղի՜կ, աստվածուհիս: 
Կարոտալի գրկելով Աստղիկի սլացիկ մեջքը՝ իր հոգու ամբողջ ուժով սեղմեց աստվածուհուն իր կարոտած կրծքին: 
-Իմ միակ մխիթարանք: Սիրո իմ նոր մագաղաթ: Իմ սուրբ հավատամք, իմ կյանք: Իմ լույս ու ջերմություն: 
-Ինչ եմ առանց քեզ, սեր իմ սիրառատ: Քնած թե արթուն, երազներս միայն քեզանով են լցված: Սիրելի՜ս, Աստղիկ, չգիտեմ ինչեր եւ ինչպես ասեմ: Շուրթերիս անվերջ անունդ է փայլում: Աչքերիս անհունը քեզնով է լցված: Ինչպես եւ ինչպես կարող եմ չսիրել քեզ, աստվածուհիս, դու չքնաղ ես, հրաշք ես, Աստղի՜կ: 
-Ինչ լավն ես, սեր իմ: Սուրբ սիրտն իմ գիտեր, որ կգաս: Սպասում էի գիտե՞ս... 
-Այո, Աստղի՜կ, չէի կարող չգալ, ինչպես կարող էի: Ում է պետք իմ կյանքն առանց քեզ, սիրելի՜ս: Իմ աշխարհի միակ բնակիչ: Դու ապրում ես սրտիս ու աչքերիս մեջ: 
-Սե՜ր իմ, ի՜մ Ագնի, ուզում եմ օծել քեզ, ողողել բյուրավոր համբույրներով: Ուզում եմ այրվել քո ջերմությամբ, ինչպես այրում են հասարակածի ճառագայթները Արեգի մայրամուտից ակնթարթներ առաջ: 
-Աստղի՜կ, չքնաղ գեղուհիս, հալվել եմ ուզում ոտքերիդ տակ. ուզում եմ համբուրել կոխածդ հողը, ուզում եմ արեւը որպես պսակ դնել լուսաշող գլխիդ վրա: Ուզում եմ աստղեր ցանել ճանապարհներիդ: Ուզում եմ ծնկել ոտքերիդ առաջ ու վերջանալ, պարպել, հատնել ու հալվել լռության մեջ: 
-Վահագն, իմ կյանք, իմ հոգի, ես սիրում եմ, սիրում եմ քեզ, բոցավառ աչքերդ, ուր հազար ու բյուր արեւներ են հրդեհվում, հազար ու բյուր, բյուր ու հազար արեւներով բոցավառ աչքերդ հրդեհում են հոգիս, հոգիս այրում: 
-Պաշտելի՛ս, պաշտամունքս... մոռացե՞լ ես, ինչ է: Այսօր քո տոնն է, սուրբ օրն այս քոնն է, քե՜զ է պատկանում: 
-Ո՜չ, սիրելի՜ս, -ցուրտ ձայնով խոսեց Վարդածղին: -Չեմ մոռացել: Ուղղակի գիտե՞ս ներսս փոթորկվում է: Հոգիս փլատակվել է: Նուարդը, Ագնի՜: Նուարդը, Նուարդ... Ա՛խ, Արա, Արա, Ա՛խ արքա Արա: 
-Ի՞նչ սիրելիս, Աստղի՜կ, ի՞նչ: Նուարդը ի՞նչ, -անհամբեր բռնելով գեղուհու վարդամատն ձեռքերը՝ բոցավառ հայացքն ուղղեց նրա թախծոտ աչքերին: 
-Իմ կրակ ասպետ, Նուարդը գժվել է... Արքայի մահը շատ ցավացրեց թագուհուս հոգին: 
-Սիր՜լիս Աստղիկ, եկ, արի գնանք, գնանք թագուհու մոտ: Օգնենք նրան, փորձենք... Ով գիտե, եւ ով գիտի միգուցե... Մեկ էլ տեսար... 

ԻԸ 

...Մազդեղ օրվա Հուրթափայլ ժամն է: 
Աստղիկն ու Վահագնը հասան Եփրատի ձախ ափին փռված ծաղկաշատ Դութաղի դաշտ: Արածանու զանգերգուն ձայնը տարածվել է Կոտեւանից մինչեւ Նպատ: Աստվածն ու աստվածուհին բարձրացան Ծաղկանց լեռները եւ ապշած դիտում էին փափկասուն թագուհու արդեն իսկ մոլեգնած բիրտ ու խելագար շարժն ու ձեւը: 
Հուսահատ թագուհին վարսերն էր պոկում, աչքերն էր հանում, թքում էր հողին, կուրծքն էր ծեծում, լազուրն անիծում, մերթ համրանում էր, մերթընդմերթ... 
-Դե խոսե՜ք, լեռնե՜ր, լեռներ հայրենի, 
Ալեհեր Մասիս քո Սիս եղբոր հետ, 
Նաիրյան Բինգյոլ՝ լեռ իմ ծերացած: 
Ձե՞զ ինչ պատահեց: Ձեր ուժն ուր կորավ: 
Ա՛խ, ուր ես, Արա: Ա՛խ, Արա, Արա... 
Նեմրո՛ւթ իմ ոսկյա, դե խոսի՜ր, օգնի՜ր, աղաչում եմ... 
Խոսի՛ր Սիփանա հսկա լեռ իմ հնօրյա, 
Ձայնի՛ր Մարութա սար իմ Սասնա: 
Հո՛ղ, երկինք ու ծով... Հառաչեք: Շառաչեք հողմեր, 
Թագավորն ընկել է, էլ չկա արքան: 
Ա՛խ, ուր ես Արա՜: Ա՛խ, Արա, Արա: 
Մուսա լեռ, Մռավ, Դաղոնք եւ Սիմասր, 
Տավրոսի սպիտակափայլ լեռներ վիթխարի: 
Ինձ չե՞ք ճանաչում, ի՞նչ է: 
Ես եմ, ձեր Նուարդ, Նուարդ թագուհին: 
Էլ Արան չկա, թագավոր չունեք: 
Ա՛խ, ուր ես, արքա: Ա՛խ, Արա, արքա: 
Դու էլ Վանա լիճ: Դու ի՞նչ կասես ապա... 
Եփրատ ու Տիգրիս, ինչո՞ւ եք լռում... 
Ալեկոծվիր, իմ Արածանի, փրփրադեզ Երասխ... 
Դե՜... 
Դե մի բան ասեք, գժվում եմ ահա: 
Ա՛խ, Արա, Արա: Ա՛խ, ուր ես արքա՜: 
Եվ դու Մեծ Զաբ, Զագրոշի արյուն, 
Քո ջրերո՞վ հոսեց արյունն Արայիս 
Գուցե դու՞ օգնես, 
Գուցե դու՞ խոսես... 
Դու՞ ասես գուցե... 
Ում եմ պետք այսպես մենակ ու լքված: 
Առանց թագավոր թագուհին ո՞ւմ է պետք: 
Ա՛խ, ո՞ւր ես, սե՜ր իմ: Ա՛խ, արքա Արա: 
Առնոս ու Անդոկ, Թոնդուրեկ հանգած, 
Արտոս, Սրմանց լեռ, Այծպտունք, Արագած, 
Ծաղկավետ, Սուկավետ, Կապուտաջիղ, Խուստուփ, 
Միհրավան, Աժդահակ... զորավիգ եղեք ինձ՝ թագուհուս: 
Սիրտս ջուր դառավ, երկինքս փլվեց երկրիս գխին: 
Արքաս ընկել է զինվորի մահով: Արդեն չեմ կարող: 
Հանգել եմ արդեն: Արդեն ինձ համար հոգնատանջ է, անտանելի: 
Սանդարամետ է ողջ կյանքս դարձել: Դադար եմ ապրում: Հոգիս մարում է ձեր լռությունից: Ո՞ւմ սրով ընկավ, ասե՜ք, այդ ինչպե՞ս... 
-Արեւը պաղ աղբյուրին 
Ընկել, կդողա, 
Ծարավ եմ քո համբույրին, 
Աչքի լույս տղա: 
Տղա, դու ո՞ւր ես, չկաս, 
Եկել եմ, արի՜, 
Իմ սիրտը ծարավ մի թաս, 
Դու աղբյուր սարի: 
Իմ սիրո հավքն ես, ազի՜զ, 
Ուրիշն է բռնում, 
Երազիս մեջ ես գալիս, 
Ու երազ դառնում... 
                            ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ 
                    «Սիամանթո եւ Խջեզարե»
Եվ լուռ էր Նուարդը՝ թագուհին երկրիս... 
Հանկարծ սպառվեց ուժը Նուարդի... ու... ուշաթափ ընկավ, ձուլվեց Մայր Հողին: Արագավազ քայլերով թագուհուն մոտեցան Վահն ու Վարդածղին: Վահագնը գրկեց թագուհու գլուխն ու թախծոտ նայեց աչքերի մարող երկնքին: 
-Նուա՜րդ, թագուհիս, դե բա՜ց աչքերդ: Դե վե՜ր կաց, Նուա՜րդ: 
Թագուհու արցունքաթաթախ կոպերը մի կերպ պոկվեցին կարմրաթուխ այտերից, ապշած նայեց Վահագնին: 
Բռնեց նրա ձեռքը եւ... 
-Ո՜վ Արեւորդի, -խոսի՜ր, գոնե դու խոսիր: Դե մի բան ասա: Ու՞ր է Ագնի, ասա, Ի՞նչ եղավ, ինչ եղավ Արան: Այդ ինչպե՞ս... Արան... 
-Խավարը զարհուրելի խրվել էր մեր լեռների սիրտը: Վկա է երկինքը: - Ոգեւորված սկսեց Վիշապաքաղը: 
-Դեւը կործանվեց: Տապալվեց անառակը, -Վիշապաքաղին ընդհատելով կնքեց ավետիսը Վարդածղի աստվածուհին: 
-Աստղի՛կ, երանի քո շուրթերին, որ ավետեց լուրն աստվածային՝ -շրջվելով Աստղիկին հազիվ լսելի ձայնով ասաց թագուհին: 
-Խենթության պահ էր... -շարունակեց Վահագնը: Սրով զարկված ընկնում էին զինվորները՝ վիրավոր,արյունաքամ: Ու մեկ էլ տեսնեմ, ի՞նչ ասեմ, Նուա՜րդ: Արան էլ ընկավ... ապշելու բան էր: Ասես շանթազեն ամպեր բախվեցին: Շա՛տ քաջեր ընկան... ո՞ր մեկին, որի՞ն թվարկել: Ո՞ր մեկին ասեմ... արքան էլ ընկավ... Բայց Նուարդ, ասեմ, անմահ է Արան... Երկինքն է արքան: 
-Վահագն-Վիշապաքաղ, Աստղիկ-Վարդածղի, շուտո՛վ, շատ շուտով ես էլ կգնամ, կգնամ երկինք, կհասնեմ Արայիս, կսեղմեմ արքաս կարոտավառ սրտիս ու անվերջ-անվերջ կհամբուրեմ ու կհարբեմ շուրթերի գինուց: Ա՛խ, սիրելիս, ընդունիր հոգիս: Ա՛խ, Արա, Արա... Ա՛ր - րա՛... 
Ու խոնարհեց թագուհին գլուխը հոգնած: Արա կանչելով հոգին ավանդեց: 
-Թագուհի՛...Նուա՛րդ... - գոռաց Վահագնը: 
-Հայուհի՛... թագուհի՛... Նուա՛րդ: Հայուհի՛, -ճչաց Աստղիկը: Դե շուտ, շուտ վե՜ր կաց, ե՜լ: Ե՜լ ու կանգնի՜ր, բա՜ց արա աչքերդ... 

ԻԹ 

Նուարդ թագուհին էլ աչքերը փակեց: Աչքերը փակեց, հոգին ավանդեց: Գնաց, գնաց ու հասավ Արա արքային: 
Վահագնը գրկեց թագուհու դին: Ապա հարմար դրեց սայլը բարձած դեզի վրա: Համբուրեց Նուարդի սառած ճակատն ու խնդրեց Աստղիկին, որ բարձրանա եւ նստի թագուհու դիակի մոտ: 
Ու Ագնին քշեց եզները հոգնած: Դուրս եկան Դութաղի դաշտից ու ճանապարհն ուղղեցին դեպի Աշտիշատ: Եվ երբ հասան Մնձուր-Բյուրակնյա Բինգյոլյան լեռնաշղթայի Սրմանց գագաթը, նրանց ընդառաջ ելան աստվածուհի Գիսանեն ու դից Դեմետրը: Նրանք Վահագնին ու աստվածուհուն հայտնեցին իրենց ցավակցությունը՝ Նուարդ թագուհու մահվան պատճառով: 
-Վարդամատն-Աստղիկ, -ասաց Գիսանեն: -Երկրիս աստվածները հավաքվել են բարձրագահ Արագածի երկնահաս գագաթին ու պատրաստվում են տոնել Վարդավառը: 
-Արամազդն ասաց, որ Արան աստվածն է Հարության եւ կկենդանանա ու չարժե Գեղուհու տոնն անցկացնել տխուր սգի մեջ, -ավելացրեց Դեմետրը: 
-Առավոտյան Ճառագայթյալն էր, -շարունակեց Գիսանեն: Ես ու Դեմետրը դեռ Քարքե լեռան գագաթին էինք: Մեկ էլ նկատեցինք, որ մեզ են մոտենում Վանատուրն ու Նանեն, Տիրն ու Ծովինարը: Նրանք հաղորդեցին, որ Արագոտին լինենք Արագած՝ Աստղիկիդ տոնը նշելու համար: 
-Վիշապաքա՜ղ, -խոսեց Աստղիկը: -Գնանք Աշտիշատ, դիցուհուս Մեհյան: Մի քիչ շունչ կքաշենք, վարդերով ու վարդաջրով կպատենք թագուհու դին: Ապա կբարձրանանք Ծովասարն ի վեր ու Նուարդին կամփոփենք, կհանձնենք Սեղանասարին եւ հետո ճանապարհ կնկնենք Արագած: 

Լ 

...Թաղանթյալին փոխարինելու եկավ Արագոտնը: 
Դիցերը հասան Արագած: Լեռան ստորոտում աստվածներին դիմավորեց հյուրընկալ Վանատուրը: Նա Գիսանեին ու Դեմետրեին ուղեկցեց մինչեւ գագաթ: Իսկ Աստղիկին ու Վահագնին հրավիրեց Արագածի լանջին գտնվող Իջեւանատուն: Այնտեղ էին գտնվում Միհրն ու Նանեն, Ծովինարն ու Արեգը: Ամեն մեկն իր աստվածային տուրքը մատուցեց դիցերին՝ նրանց վրա շաղ տալովվարդաջուր եւ ծաղիկներ, որպես հավիտենական սիրո եւ երջանկության խորհրդանիշ: Նրանք Աստղիկին փառաբանում էին, վարդե պսակներ նվիրում, հավերժական սեր ցանկանում՝ ի փառս Հայոց աստվածների ու Նաիրյան աշխարհի: 
Ապա Վարդածղին գուշակում է նրանց սիրո ծաղկունքը՝ վարդաջուր ցանելով աստվածների աչքերին: Հետո աստվածները զոհ մատուցեցին Աստղիկին՝ ձոներգերով, օրհնություններով: 
Այնուհետեւ նրանք իրենց աստվածային սիրո երգերով Աստղիկին ուղեկցում են քառանիստ Արագածի երկնաձիգ գագաթը: Այնտեղ նրանց էին սպասում Արամազդն ու Անահիտը, Ամանորն ու Գիսանեն, Հայկն ու Տիրը, Տորք - Անգեղն ու Դեմետրը: Երբ արդեն գագաթն էին, Աստղիկը օրհնեց կարմաթուխ խնձորներն ու բաժանեց բոլորին: Եվ թույլատրեց, որ այդուհետեւ ուտեն պտուղն օրհնած: 
Այստեղ Մեծն-Արին, վերցնելով գինով լի թասը, իր Հայրական օրհնությունը տվեց Աստղիկին՝ ասելով. -դիցե՜ր, սերը արիական աստվածների ու Արի ցեղի Արարիչ Հոր՝ Արայի էությունն է եւ Արայի աստվածային սերը մարմնավորում է Աստղիկը: Աստվածային սերն է, աստվածային զորության ուժը: Եվ Աստղիկն է իր այդ սիրով անընդհատ ոգեւորում ու զորացնում Վահագնին: Աստղիկն է աստվածային սեր պարգեւում Հայոց երկնքին ու Նաիրյան երկրին: Նա է սեր վառում աստվածների ու դյուցազունների, ժողովրդի հոգիներում, օգնում նրանց գտնելու մեկմեկու: Նա է ապահովում Հայոց երկրի նկատմամբ Նաիրյան երկնքի սերն ու գորովանքը: Եվ երբ նույնիսկ մենք՝ աստվածներս, միմյանց հետ գժտվում էինք, Վարդածղին էր մեզ հաշտեցնում: Հիշո՞ւմ ես, Հայկ: 
-Ինչպե՞ս չէ, Արարի՜չ: 
Այս Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վարվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ եւ երեւելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների եւ դյուցազունների վրա տիրապետելու: 
-Աստղիկի սիրով է հայոց եթերն ու հայոց աշխարհը երջանիկ: -Կրկին շարունակեց Մեծն-Արին: -Ահա թե ինչու ենք աստվածներս հավաքվել եւ տոնում Աստղիկի Սերը: Ահա թե ինչու ենք Գեղուհուն փառաբանում եւ վարդե պսակներ նվիրում: Հավերժական սեր ցանկանում ի փառս մեզ... ու Նաիրյան երկրի: Այսօր, չնայած տխուր ենք բոլորս, որ մեզ հետ չեն, մեր կողքին չեն Նուարդ թագուհին ու արքան Արա: Բայց այսօր հայոց աշխարհում Աստղիկիս աստվածային Սերն է թեւածում: 
Ապա մոտենալով Աստղիկին՝ գրկեց Գեղուհու նրբասլաց մեջքն ու սեղմեց կրծքին: Համբուրեց աստվածուհու մութ աչքերն ու շարունակեց. 
-Աչքերիդ երկնքի հեռուներում ծիրկաթիններ եմ տեսնում, որտեղ արեւներ են մեռնում: Վարդամա՜տն, ըմպում եմ գեղեցկությանդ ու անհուն սիրո կենացը, -ասաց Արարիչն ու նրան միացան աստվածներն անմահ: 
Խմեցին... 
Խմում են Աստղիկի ու Սիրո կենացը: 
Վահագնը մտամոլոր էր: Վեր բարձրանալով նստած տեղից, տխուր նայելով աստվածներին՝ շրջվեց Աստղիկին: Նրա թախծոտ դեմքին ժպտավառ լույս դողաց: Լացախառն ուրախությունը հազիվ էր ծորում Արեւորդու դեմքից: 
-Այսուհետեւ, -աստվածներին նայելով խոսեց Ագնին: Ապա շրջվելով Գեղուհուն՝ շարունակեց. -Ես ու դու Աստղիկ, հիմա ավելի հզոր ենք, ավելի վճռական, ավելի... Աստղի՛կ: Մոտենալով աստվածուհուն գրկեց նրա սլացիկ իրանը եւ համբուրեց գեղուհու սիրաբոց շուրթերն ու նայելով աչքերի կապտաբոց երկնքին, շարունակեց. 
-Երկնային գահիդ շուրջն են բոլորել 
Պերճանք, վայելում, խնդություն ու լույս, 
-Արդյոք կա՞ մեկը, որին չի գերել 
Քո գեղեցկության կախարդանքը կույս... 
Ամեն կողմերում լուսնոտների պես 
Քեզ են որոնում կարոտով անմար, 
-Արդյոք կա՞ մեկը, որ չտենչա քեզ 
Եվ չտառապի հայացքիդ համար: 
Լռում է կոչը մարտական փողի, 
Մեռնում է տխուր ամեն մի փափագ, 
-Դո՜ւ, իշխանուհին երկնի ու հողի, 
Բոլոր սրտերի աստվածը միակ... 
                                                   ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 
-Վահագն, իմ լեռ, ես անհունորեն սիրում եմ քեզ: Ես պաշտում եմ քեզ ոչ միայն նրա համար, որ դու գեղեցիկ մասնիկն ես իմ սիրո աշխարհի, այլ նաեւ սիրում եմ նրա համար, որ դու հրաշք լեգենդներ ես ծնել իմ մանուկ հոգում ու հիմա, հիմա էլ դեռ շարունակում ես երկնել: Իմ սիրո աղբուրները քեզանից են ակունք առել: Դե, ուրեմն, ինքդ ասա, էլ ինչպե՞ս, ինչպես չսիրեմ, ինչպես չպաշտեմ քեզ, սիրելիս Վահագն: -Նայելով Վահագնի հրաբոց աչքերին՝ դողդողջուն ձայնով ասաց Վարդածղին: 
-Աստվածնե՜ր, ես ու Վահագնը շատ ջանացինք Նուարդ թագուհուն փրկել, բայց ավա՛ղ, սպառվել էր նրա ուժը: Նա էլ փակեց փայլփլուն աչքերն ու բարձրացավ երկինք: Գնաց իր սիրելի արքայի մոտ: Գնաց, որ սիրո ջերմով լցնի Արայի սիրտը, համբույր տա նրա սառած շուրթերին: Տաքացնի նրա մրսած հոգին: ես գոհություն եմ մատուցում Արամազդ - Արարչին, որ ինձ նվիրված այս սիրո Վարդավառը դիմավորեց ուրախությամբ, որովհետեւ գիտեք, թե որքան դժվար է այս օրերին նմանատիպ միջոցառումներ կազմակերպելը... 
-Շնորհակալ են Հայր, Մեծդ Արարիչ, -մոտենալով Արամազդին, այսպես խոսեց Վարդածղին ու համբուրեց Տիրակալի աջը: Ապա, նայելով Վահագնին, շարունակեց. 
-Շնորհակալ եմ եւ իմ սիրելիից, որ դժվար պահերին չլքեց Աստղիկիս: Եթե չլիներ Վահագնը, միգուցե ես այսպես... 
Գոհություն քեզ, օրհնություն Վիշապաքաղիդ: 
-Արամա՜զդ, հիշո՞ւմ ես Վահագնի ծնունդը: Տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ երկինքը, երկիրն ու ծովը բռնվեցին երկունքի ցավերով: Եվ երկնքից շառագունած Ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով դուրս եկավ պատանի Վահագնը: Հիշո՞ւմ ես, ծնվելուն պես ինչպես կռվի բռնվեց սեւ ու անմեհի վիշապների դեմ: Ինչպես սպանեց դրանց: Հիշո՞ւմ ես, Տիրակա՜լ, թե ինչպես ազատեց տիեզերքը կործանման սպառնալիքից, հիշո՞ւմ ես, այո՞: 
-Հիշում եմ, Անահի՜տ, ինչպես չէ: եվ դրա համար էլ նա՜ տիրեց, նա՜ իշխեց ամպրոպներին ու կայծակներին: Նա եղավ աստվածը ամպրոպ - կայծակի: 
-Տի՜ր - գուսան - դպիր, դե մի բան երգիր, Վահագնի քաջության համբավը գովիր: Երգ ասա Վահագնի ու նրա ծննդյան մասին: 
Արվեստագետը հայացք գցելով իր չորս կողմը նստածներին՝ տոնական բարեմաղթանք ասաց ու այսպես սկսեց. 
-Երկնէր երկին, երկնէր երկիր, 
Երկնէր եւ ծովն ծիրանի, 
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ. 
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, 
Ընդ եղեգան փող բոց ելաներ, 
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. 
Նա հուր հէր ունէր, 
Բոց ունէր մօրուս, 
Եւ աչքունքն էին արեգակունք: 
                                                          ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ 
-Վահագնը եկավ, աստղերից հյուսված թագն իր գլխին, բոցե թիկնոցն իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ Պատերազմին՝ ձուլված Արեւից, աջ ձեռքին բռնած հազար ու հազար Արեւով կռած իր Թուր - Կեծակին: 
«Արորդիների ուխտ»  ՍԼԱՔ ԿԱԿՈՍՅԱՆ 
-Ապա Շարունակեց. 
Ի՞նչ մայր է ըզքեզ բերեր, 
Ի՞նչ դայեկ ՝ ըզքեզ սնուցեր: 
Քեզ եղն ի սարին՝ բերեր 
Ու շահին բազան սնուցեր. 
Լուսինն՝ քեզ ծիծ տվեր. 
Արեգակն է դադրեցուցեր. 
Քամին՝ տարուբեր արեր: 
                       ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Ծափահարեց Նանեն: Ծափահարեցին Հայկն ու Անգեղը: Լուռ էր Անահիտը: Մտախոհ էր Միհրը: Աստղիկի թախծոտ բիբերը փայլեցին սիրո հրով: Ժպտաց Վահագնը: Վարվռուն հայացքը խոհուն հառել էր Աստղիկին: Կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց... 
-Արեգակի բոցակեզ ջերմություն, այրող ու կորստաբեր տապի հզոր աստված, մեր սիրաշող սրտերը կօգնի, անպայման կօգնի, որ նրանք պայծառակերպվեն: 

ԼԱ 

...Լուռ էր Արամազդը: Լուռ էին աստվածները: Հանդարտ էր Աստղիկը: Ավելի շատ մտախոհ, քան երբեւէ: 
Հանկարծ... 
Վեր բարձրացավ նստած տեղից, մոտեցավ Տիրակալին ու համբուրեց նրա ստեղծագործ աջը: Եվ խնդրեց, որ իր հետ միասին աղոթեն: Հետո հանդարտ քայլերով բարձրացավ Արագածի ամենասլացիկ գագաթն ու ծնկի եկավ մի ապառաժի դիմաց: Ձեռքերն ուղղեց կապտաթաթախ եթերին ու անլսելի ձայնով շշնջաց... մանուշակագույն, մանուշակաբույր աղոթք մրմնջաց: 
-Իջե՜ք երկնքից, իջե՜ք մեր մեջ: Ուժ տվե՜ք հողիս՝ սոսիներին սնելու համար: Սիրով ողողեք երկինք ու երկիր: Ժպտացե՜ք ծաղիկների հետ ու հպարտ եղեք, անխորտակ, ապառաժասիրտ լեռներիս նման... Իջե՛ք... Իջե՛ք երկնքից... 
Ու բարձրանալով՝ կանգնեց երկնասլաց գագաթների արանքում եւ կրկին աղոթեց: Մերթընդմերթ ընդհատելով՝ նայում երկնքին, ինչ-որ բան էր ճշտում եւ նորից շարունակում: 
Հանկարծ փոթորկվեց երկինքը: Հողմեր փչեցին: Եթերը շանթեց: Ու անձրեւ տեղաց: Ամպերն իջան ու գրկեցին Աստղիկին: Ապա առասպելներով ոսկեզօծված՝ կապտակամար երկնքից զորության ահռելի ուժով երկիր պոկվեցին թագավոր Արան ու թագուհի Նուարդը: 
Նրանք կանգնեցին աստվածուհու ձախ ու աջ կողմերում: 
Սեւ-մութ ամպերի ետեւից ժպտալով դուրս եկավ Արեգը: Աստվածները խոնարհվում են Սիրո Երրորդության առաջ ու փառաբանում, գովերգում, ցնծում: Մշուշը ցրվեց, հողին թողնելով թագավորին ու թագուհուն: 
Արամազդն ապշած էր ու հիացած: Սակայն զարմանքն ավելի զորեղ էր: 
Ապա Աստղիկը համբուրեց նախ՝ թագուհուն, ապա՝ Արային: Նրա գլխին սոսապսակ դրեց եւ տվեց արտամետյան կարմրավառ խնձոր՝ իբրեւ ուխտ սիրո եւ հավատարմության: Հանկարծ պատռվեց երկինքն ու երկու սպիտակաթույր աղավնիներ գեղասուն թռիչքով իջան, նստեցին Գեղեցիկի ու Հայուհու ուսերին: 
-Աստղի՛կ, դու հրաշք ես, աստվածուհիս, -ասաց Արարիչը խորհրդավոր շշունջով: 
-Սիրո՜ աստվածուհի: -Խոսեց թագուհին: -Ջուր տուր ինձ մի քիչ, ծարավս հագենա, հովանա հոգիս: 
Աստղիկը վերցրեց վարդաջրով լի սափորն ու տվեց Նուարդին: 
-Խնդրեմ թագուհի՜, խմի՜ր Սուրբ Ջրից, ծարավ չկենաս: 
Ու խմեց թագուհին ջուրն անմահական: Խմեց, հագեցավ ծարավն անասական: 
-Կարոտել էի ջրին Բինգյոլյան: -Ասաց թագուհին ու ժպտաց մեղմիկ: 
Ու ժպտաց նաեւ Աստղիկ դիցուհին: 
Աստվածները զարմանքից ու զմայլանքից շունչները պահած, լսում էին նրանց զրույցը: Արան խոնարհվեց աստվածների առաջ ու այսպես խոսեց. 
-Իմ սիրելիներ, հոգիս ցավում է, որ ձեզ հետ չեմ այլեւս: Ձեր կողքին չկա Արաս ու Նուարդ, բայց իմացե՜ք, միշտ Հայոց երկնակամարից հավիտյան կհսկենք Երկիրս Հայոց, թե որ անգամ մի բան պատահի, իսկույն հրեշտակած բանակը կիջնի: Միշտ խաղա՜ղ եղեք, ապրե՜ք միշտ հանգիստ եւ թող բարին երկրին տիրի: 
Եվ ուրախությունից հրճված՝ շարունակեցին աստվածները հայոց իրենց խնջույքը՝ նվիրված գեղեցկությանն ու սիրուն: Ապա Տիրը, որ իմաստությունների, Արամազդի գրիչն ու Աշտիշատի գիտությունների ուսուցման Մեհյան - Դիվանի տերն ու երազահան գուշակն է, կրկին անգամ բամբիռն առնում ձեռքերի մեջ ու այսպես սկսում. 
-Աղջիկս, եկո՜ւր քեզ տանիմ... 
Վըճիտ աղբյուրն Հըրաշքին... 
Ո՛րքան մարգրիտ ակին մեջ. 
Եվ գուռին մեջ ո՛րքան լույս... 
Երգ մըն է ան՝ մենության մեջ գըլգըլուն՝ 
Որուն ի լուր մայր բնությունը շուրջի 
Գիշերվան մեջ կþ ավշավետի, կը մեղմե 
Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր... 
Ըմպե՜, աղջի՜կս ըմպե՜... 
Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով 
է քաղցրացած, -թախիծդ ընդհուպ կբուժե, 
Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված 
Շուշանի պես՝ պիտ՜ բուրեն 
Գեղ եւ առույգ թարմություն... 
Եվ աղբյուրին ձոնելու 
Նըվերդ ահա, կը տըրոփե ափիս մեջ,- 
Տատրա՛կն է այս Աստղիկին, 
Վարդ կտուցով, փետուրներով ձյունաթույր... 
                                                                ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ 
                                                                       «Հրաշքին Աղբյուր»
-Շնորհակալ եմ Տիր, գրչության աստված: 
-Աստղիկ, տիրուհի, երբ իմաստունն աստված Տիրն երգն այսպես կազմեց քո մասին, ակամայից վերհիշեցի իմ Սասնա Ծռեր որդիների ծննդյան հրաշքը: 
Ասպես էր ահա: 
-Ասաց Ծովյալ Խանումն ու պատմեց դեպքը հրաշքի վերացած: 
-Էդ են ժամանակն էր, երբ ես դուրս էի եկել զբոսանքի եւ հանկարծ շատ ծարավեցի ու ջուր չկար խմելու: 
Խնդրեցի Բարձրյալից, որ մի աղբուր բուսըցնե, որ խմեմ ծարավս հագենա: 
Նայեցի տեսա՝ մեկ ջոջ քար կա ծովու պռունկ, 
Սպիտակ աղբուր մի էդ քարից կը թալի... 
Ես իմ շորեր էհան, գնացի էդ աղբուր, 
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ, 
Մի բուռ լիքը ջուր խմեցի, 
Մեկ էլ մի բուռ կիսատ: 
Էդ երկու բուռ ջրից հղացա... 
Ժամանակը լըմընցավ, 
Էրկու տղա բերեցի. 
Մեկըն թամամ, մեկըն կիսատ: 
Ջոջ տղիս անունն դրեցի Սանասար, 
Պստիկինն էլ՝ Բաղդասար: 
                                        ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Եվ ահա հիմա տեսնում եք, թե՜ Սանասարին եւ թե՜ Բաղդասարին: Հսկաներիս ջրածին, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրել հայրենիքի փրկությանը: 
-Այո, Ծովահարս Փերին, Ալենույշ Ծովյան, Ծովինար Խանում: Իսկապես դու ճիշտ ես: Իրոք, որ նրանք իսկական նվիրյալներ են: Եվ երբեք չեն երկնչում իրենց վճռի առաջ: -Ասաց Լեզվանի Արձագանք Հավերժահարսը: 
Արեւոտ օր էր, բայց միգապատվեց: 
-Աստվածնե՜ր հայոց, մենք կգանք նորից: Նորից միասին կլինենք շուտով: 
-Մեզ մի մոռացեք, աստվածնե՛ր հայոց: 
Այսպես խոսեցին երկրիս պայծառակերպված թագն ու թագուհին: Ու հողից պոկվելով՝ ելա՛ն, բարձրացան ի վերն երկինք: Ձուլվեցին կապույտի սպիտակ ամպերին: Գնացին, որ վերից նայեն Մայր Հողին: 

ԼԲ 

...Խավարած ժամն էր: 
Մութը փորձում էր պատել սարին ու ձորին, հողին ու ջրին, դիցուհիներին ու աստվածներին: 
Ամպերը վերացան երկինք՝ իրենց հետ տանելով Նուարդին ու արքային: 
Աղջամուղջը մոտենում էր: Աստվածները պատրաստվում էին հրաժեշտ տալ միմյանց: 
Թաց լուսինը կրկին հայտնվեց թխպոտ երկնքում: 
Արամազդն ու Անահիտը մնալու էին Արագածի փեշին՝ Իջեւանատանը: 
Գիսանեն, Դեմետրը, Միհրը եւ Ծովինար-Նուրին հեռացան Տարոն աշխարհ: Գիսանեն ու Դեմետրը բարձրացան Քարքե լեռը, որի գագաթը ընդարձակ որսատեղ էր զովասուն բուսականությամբ առատ: 
Տորք Անգեղն ու Տիրը, Հայկն ու Նանեն գնացին դեպ Նաիրիի հարավային կողմը՝ Անգեղատուն: Ամանորն ու Վանատուրը գիշերն անցկացրին Ճորոխ գետի ափերից երկինք խոյացող Խախտյաց լեռնաշղթայի փեշերին: 
Եվ Միհրն ու Ծովինար-Նուրին՝ դեպ Սիփանն ի վեր: Վիշապաքաղն ու Վարդածղին գիշերը հանգրվանեցին Աշտիշատի Աստըղկան Տաճարի Վահագնի Սենյակում: 
Լուսնկա գիշեր էր: Բավականն իջել է, պատել Նաիրին: Եվ Գիզակն հազիվ է իր տեղը զիջում Լուսաճեմին: Մեղմ զեփյուռը, հեռուներից փչելով, հասնում է Աստըղկան Տաճար եւ հանդարտ շոյում Սիրո Թագուհու ոսկեծամերը, որն անհամբեր նեկտար է քաղում Վիշապաքաղի բոցավառ շուրթերից: 
Գիշերավերջի գունատ լուսինը խնկահոտ ցոլք էր թափում համբուրվող զույգի վրա: 
Լիալուսնի հազիվ թրթռացող լույսը գծագրում է Հայկական Տավրոս լեռնապարը: Անդոկի սպիտակաթույր գագաթը փայլփլում է լուսնի հանգչող ճառագայթներից: 

ԼԳ 

...Իսկ այս գիշեր մի զարհուրելի հողմ ու շառաչող անձրեւ տեղաց լեռնաշխարհի գլխին: 
Անահիտի Մեհյանի վրա երկինքը ջարդուփշուր էր լինում: Թնդում էր ու վայրի մոլուցքով Հրաչք խփում Վահագնի արդեն կիսափուլ Սենյակի ճակատին: 
Դերիկի գլխին կործանման մռայլ ամպեր էին կուտակվել: Քանդվել էր եւ Արամազդի Տաճարը: Փլվել էր նաեւ Աստղիկ աստվածուհու Ծիծեռնակաբերդը: 
Երկնքից թափվող հորդ անձրեւը ծեծում էր երկրի հողե կուրծքը: Փայլածուի եւ Այգի բախման ամենաթեժ պահին, երբ աշխարհի վրա բացվելու էր եւս մեկ օր՝ Աստղիկի օրը, խավարը համառորեն պայքարում էր, չէր զիջում լույսին: 
Անձրեւը չէր դադարում: Մեղրագետը վարարել էր: Հեռուներից լսվում էր նրա ալիքների ծփանքը: Նրանք, մեկը մյուսի ետեւից գալիս, խփում էին սարահարթի ափերին, շառաչում, աղմկում... 
Երբ դեռ արեւ չկար ու երկնքի սարսուռը նոր - նոր էր փոխվում ամպագոլ թրթիռի, նոր-նոր էր ջերմանում հորիզոնը, Կոտոր լեռների հետեւից հաղթական տեսքով երկինք է ձգվում ճաճանչափայլ Արեգն ու ոսկեգույն ներկում Նեմրութի արծաթազօծ գագաթը: 
Զորացյալի գունատ ցոլքերով, հազարամյա ձյուներով ծածկված այս վսեմաշուք լեռը, շքեղ հրավառվում է լուսաբացի մեջ: Ու այդ ամենից բազմապատկվում է նրա հմայքը եւ նա դառնում է առավել գեղեցիկ ու հմայիչ... 

ԼԴ 

...Սարալանջին նստել էր Նանեն: Նստել էր մեն-մենակ: Շվար ու խոհուն հայացքը հառել Ծովասարին եւ լո՛ւռ շշուկով վարդագույն, մանուշակաբույր երգ էր մրմնջում վաղորդայնի ու բնության զարթոնքի մասին: 
Երգում էր: Ու լռեց, ինչպես երկինքն է լռում անձրեւելուց հետո: Խավար աչքերը բոցավառվեցին: Դողալով վեր կացավ՝ ձեռքերը երկինք կարկառեց, հրացայտ հայացքը մխեց փարատվող խավարից արդեն նշմարված լեռների աղոտ եզրագծերին: Ապա, շրջվելով Ծովասարին, ինքն իր մտքում եւ հետո բարձրաձայն կրկնեց. 
-Դու հավերժական ես, լե՜ռ: Քո շքեղությամբ դու միշտ մնալու ես աշխարհում: 
Հետո... 
Այնուհետեւ հիշեց անցած գիշերվա աղետաբեր կայծակն ու խեղդամահ փոթորիկը: 
-Երկնքից թափվող հորդ անրեւը ծեծում էր երկրի հողե կուրծքը: Երեւի... Երեւի դառն աշխարհի քնած խիղճն էր ուզում արթնացնել... Օ՛, խիղճ իմ... 
Իսկ ահա Մհերը-Միհր, 
Զձին առավ, քաշեց էկավ, 
Հասավ Վանա մոտ սարի մի տակ: 
Մեկ քար մի պատահավ էդոր: 
Էդ քարին Վանա քար կ՜ասեն: 
Ագռավաքար կ՜ասեն էդ ժայռին: 
Ասաց. ՙԿանգնի, իմ թուր զարնեմ էդ 
քարին, թե կտրեց, ես չեմ մեղավորցեր. 
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ՚: 
Թուր որ էզար քարին, Քար երկու կողմեն փեղկվավ, 
Ինք, իր ձին գնացին մեջ. 
Քար էկավ, իրար կպավ: 
                                                      ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի եւ մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի: Երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ: 
Անիծված Ծկակ թռչունն էլ ահա երկրորդ անգամն էր ծարավը հագեցնում: Թույն դարձավ ջուրը, թարախ դարձավ խմածը: Թռավ ու գնաց: Գնաց դեպ հեռո՛ւ անհայտություն: 

ԼԵ 

Կեսօր էր: Արեւն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ: 
Մեղմ զեփյուռը փչելով՝ հասնում էր Մայր գետի փրփրադեզ ափերն ու ողողում ուռենուն թիկն տված քանդակագործ - քարակոփ վարպետի՝ Տորք Անգեղի երանելի խաղաղություն ապրող դեմքը: 
...Արեւն արդեն իջել է սարի ետեւը: 
Հորիզոնը ծածկվեց մութ ամպերով: Իրիկնամշուշը գրկեց լիալուսնի թխալույս մարմինը: Քարակոփը սուզվեց սեւաթույր, խորհրդավոր գիշերվա մեջ: Մտասույզ նայեց խավարին, որի միջից դուրս էր լողում տխուր ու գեղեցիկ Վարագա լեռը: Խոշաբի զրնգուն ձայնը տարածվել էր ամբողջ մթում: Քարակոփը ոտքի կանգնեց, բարձրացավ ժեյռոտ լեռան կատարին, հայացքն ուղղեց Արտամետի փլված ու կիսափուլ Տաճարներին ու գետի կարկաչուն ձայնին խառնեց իր խռպոտ ասելիքը. 
-Դուք կրկին պիտի հառնեք: Դուք նորից պիտի բարձրանաք: Ես հարություն եմ տալու ձեզ, իմ Սուրբ Տաճարներ: Իմ եղունգները ձեր քարերի վրա են մաշվելու: Իմ շուրթերը կրկին համբուրելու են ձեր սրբալույս ճակատները: Դուք նորից պիտի երկինք խոյանաք: Ձեր խորաններում կրկին լսվելու է Տիր աստծո Նավասարդյան մեղեդին: Ձեր Զոհասեղաններին նորից է մատուցվելու ցուլն ու ոչխարը, միրգն ու գինին: Դուք կրկին կանգնելու եք Մայր Հողի վրա ու ազատ երկնքի առաջ: Փա՛ռք ձեր խոնարհված քարերին: Հավիտյանս փա՛ռք: 
...Սպառնալի՞ք էր, թե՞ երդում, որ բարձրադիր լեռան կատարից իր խռպոտ ձայնով մռնչաց վարպետը: 

ԼԶ 

...Գիշերային այս համատարած խավարի մեջ պա՛րզ ու միապաղաղ տարածվում էր Տորք Անգեղի մուրճի հաստատուն թրխկոցը: 
Շինում է... 
Կառուցում է խոնարհվածը: Օր - օրի, քար - քարի բարձրանում են Արամազդի ու Անահիտի, Վահագնի ու Աստղիկի ավերված Տաճարները: Նանեի ու Տիրի, Հայկի ու Ծովինարի կիսափուլ Մեհյանները: 
...Տաճար են, մարմարե ճերմակ տաճար, ուր ներսում կրկին լույս ու մեղեդի են տարածվելու: Թխակապույտ խորաններից մեղեդի ու լույս են բխելու... 
...Իսկ այն գիշեր երկինքը զայրացած ծեծում էր երկրի հողե կուրծքը: Տաճարների գլխին կախվել էին մթագնած ամպերը: 
...Բայց Տորք Անգեղը շինում էր ավերվածը, Տաճար ու Մեհյան, Բագին- Զոհասեղան: 

ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԸ 
ՆԱՎԱՍԱՐԴ. Հայոց հին տոմարի առաջին ամիսն է, կազմված է ՆԱՎ (նոր) եւ ՍԱՐԴ (տարի) բառերից եւ նշանակում է նոր տարի: Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի 11-ին եւ վերջացել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար այս ամսվա 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն: 
ՀՈՌԻ. Ամիսը սկսվել է սեպտեմբերի 10-ին եւ վերջացել հոկտեմբերի 9-ին: Այս ամսանունը, ըստ պատմագիր ու տոմարագետ Վանական վարդապետի (1181-1251թթ.), առնչվում է ՀՈՐ բառի հետ: Դա հավանաբար կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ մարդիկ իրենց հավաքած բերքը՝ ցորենը, գարին, գինին, եւ այլն... ամբարում էին հորերում: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, ՀՈՌ-ի նշանակում է Ուռի ամիս, այսինքն՝ որթատունկի, այգեստանի ամիս: 
ՍԱՀՄԻ. Ամիսը սկսվել է հոկտեմբերի 8-ին, վերջացելնոյեմբերի 8-ին: Ըստ Վանական վարդապետի, ՍԱՀՄԻ անունը առնչվում է Սահմանել բայի հետ, որովհետեւ իբր այդ ամսում էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, ՍԱՀՄԻ նշանակում է սերմանց ամիս: 
ՏՐԵ. Հայոց տոմարի չորրորդ ամիսն է սկսվել է նոյեմբերի 9-ին եւ վերջացել դեկտեմբերի 8-ին: Այս ամսանվա ծագումը կապում են հայոց դպրության աստված ՏԻՐԻ անվան հետ: 
ՔԱՂՈՑ. Ամիսը սկսվել է դեկտեմբերի 9-ին եւ վերջացել հունվարի 7-ին: Այս անունը կապում են ՔԱՂԵԼ բայի հետ: 
Հր. Աճառյանը գտնում է, որ ՔԱՂՈՑԸ կազմած է ՙանասնոց խառքն՚ բառերից (քաղ նշանակում է նոխազ, արու այծ) եւ կապված է անասունների զույգավորման ամսի հետ: 
ԱՐԱՑ. Հայոց տոմարի վեցերորդ ամիսն է, սկսվել է հունվարի 8-ին եւ վերջացել փետրվարի 6-ին: Վանական վարդապետը այս անունը գրում է ԱՐԱՆՑ, որովհետեւ սա այն ամիսն է, երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով միայն արանց (տղամարդիկ) կարող են ճանապարհ գնալ: 
ՄԵՀԵԿԱՆ (ՄԵՀԵԿԻ). Սկսվել է փետրվարի 7-ին եւ վերջացել մարտի 8-ին: Վանական վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռեւս մեռյալ, ձյունաթաղ վիճակում: 
ԱՐԵԳ. Հայոց տոմարի ութերորդ ամիսն է, սկսվել է մարտի 9-ին եւ վերջացել ապրիլի 7-ին: Ամսանունն առաջացել է ԱՐԵԳԱԿ բառից: Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում է բնությունը: Խոր անցյալում, երբ հայերն իրենց տարեգլուխը՝ նոր տարին սկսում էին բնության զարթոնքին՝ գարնան առաջին ամսին, ԱՐԵԳԸ եղել է հայոց տոմարի առաջին ամիսը: 
ԱՀԵԿԱՆ. Ամիսն սկսվել է ապրիլի 8-ին եւ վերջացել մայիսի 7-ին: Ամսանունը առնչվում է ԿՐԱԿ, ՀՈՒՐ բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ: 
ՄԱՐԵՐԻ. Ամիսն սկսվել է մայիսի 8-ին եւ վերջացել հունիսի 6-ին: Ըստ Վանական վարդապետի, դա այն ժամանակն է, երբ ՄԱՅՐԻՔ (ծառերը) կանաչում են ու տերեւակալում: 
ՄԱՐԳԱՑ. Ամիսն սկսվել է հունիսի 7-ին եւ վերջացել հուլիսի 6-ին: Անունը կապում են ՄԱՐԳ բառի, այսինքն՝ խոտհնձի, խոտհարքի հետ: 
ՀՐՈՏԻՑ. Հայոց տոմարի տասներկուերորդ ամիսն է, սկսվել է հուլիսի 7-ին եւ վերջացել օգոստոսի 5-ին: Անունն առաջացել է ՀՈՐ բառից, որովհետեւ ամիսը համնկնում է տարվա ամենաշոգ ժամանակին: 
ԱՎԵԼՅԱՑ. Հայոց տոմարի տասներեքերորդ (լրացուցիչ) ամիսն է, ունեցել է հինգ օր՝ հասարակ տարիներին, վեց օր՝ նահանջ տարիներին: Սկսվել է օգոստոսի 6-ին եւ վերջացել օգոստոսի 10-ին: ԱՎԵԼՅԱՑ նշանակում է ավելացած՝ տարվա 12 ամիսներից ավելացած օրերը: Ենթադրվում է նաեւ, որ հայոց ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարագետներ գտնում են, որ հայոց տոմարի ամսանունները կոչվել են Հայկ աղեղնավորի 12 ուստրերի եւ դուստրերի անուններով: 

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ 
Հին հայերը առաջնորդվել են Բուն Հայկա թվականով, որի տարին ուներ 12 ամիս (յուրաքանչյուրը՝ 30 օրով) եւ 13 - րդ (լրացուցիչ) մեկ ամիս (5 օրով): 
Ահավասիկ Բուն Հայկա օրացույցը. 

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ 
Անուններ են ունեցել նաեւ հայկական ամսվա բոլոր 30 օրերը եւ Ավելյաց ամսվա 5 օրերը: Ահա դրանք. 
1. ԱՐԵԳ                                     16. ՄԱՆԻ 
2. ՀՐԱՆԴ                                   17. ԱՍԱԿ /ԱՍԱԴ/ 
3. ԱՐԱՄ                                    18. ՄԱՍԻՍ 
4. ՄԱՐԳԱՐ                               19. ԱՆԱՀԻՏ 
5. ԱՀՐԱՆՔ                                 20. ԱՐԱԳԱԾ 
6. ՄԱԶԴԵՂ                                21. ԳՐԳՈՒՌ /ԳՐԳՈՌ/ 
7. ԱՍՏՂԻԿ                                 22. ԿՈՐԴՈՒԻՔ /ԿՈՐԴԻ/ 
8. ՄԻՀՐ                                        23. ԾՄԱԿ 
9. ՁՈՊԱԲԵՐ                               24. ԼՈՒՍՆԱԿ 
10. ՄՈՒՐՑ                                   25. ՑՐՈՆ /ՍՓԻւՌ/ 
11. ԵՐԵԶԿԱՆ                              26. ՆՊԱՏ 
12. ԱՆԻ                                         27. ՎԱՀԱԳՆ 
13. ՊԱԽԱՐ /ՊԱՐԽԱՐ/              28. ՍԻՄ 
14. ՎԱՆԱՏՈՒՐ                           29. ՎԱՐԱԳ 
15. ԱՐԱՄԱԶԴ                            30. ԳԻՇԵՐԱՎԱՐ 

ԱՎԵԼՅԱՑ ԱՄՍՎԱ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ 
Ավելյաց ամսվա 5 օրերին տրվել են անզեն աչքով տեսանելի 5 մոլորակների անունները. 
1. ՓԱՅԼԱԾՈՒ /ԼՈՒԾ/                            4. ԼՈՒՍՆԹԱԳ /ՓԱՌԱԶՆՈՏ/ 
2. ԱՐՈՒՍՅԱԿ /ԵՂՋԵՐՈՒ/                   5. ԵՐԵՎԱԿ /ԱՐՏԱԽՈՒՐ/ 
3. ՀՐԱՏ /ԾԿՐԱՎՈՐԻ/ 

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ 
Հայերը ունեցել են ոչ միայն իրենց ազգային ամսանուններն ու ժամանունները, այլեւ՝ (գիշերն ու ցերեկը) բաժանել են 24 հավասար մասերի (ժամերի) եւ դրանց տվել հետեւյալ անունները. 

ՑԵՐԵԿՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ 
1. ԱՅԳ 
2. ԾԱՅԳ /ՑԱՅԳ/ 
3. ԶՈՐԱՑՅԱԼ /ԶԱՅՐԱՑՅԱԼ/ 
4. ՃԱՌԱԳԱՅԹՅԱԼ 
5. ՇԱՌԱՎԻՂՅԱԼ 
6. ԵՐԿԱՐԱՏԵՍ /ԵՐԿՐԱՏԵՍ/ 
7. ՇԱՆԹԱԿՈՂ 
8. ՀՐԱԿԱԹ 
9. ՀՈՒՐԹԱՓՅԱԼ /ՀՈՒՐՓԱՅԼԱՅԼ/ 
10. ԹԱՂԱՆԹՅԱԼ 
11. ԱՐԱԳՈՏ /ԱՐԱԳՈՏՆ/ 
12. ԱՐՓՈՂ 

ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ 
13. ԽԱՎԱՐԱԾ /ԽԱՎԱՐՈՒԿ, ԽԱՎԱՐԱԿ/ 
14. ԱՂՋԱՄՈՒՂՋ 
15. ՄԹՆԱՑՅԱԼ /ՄԹԱՑՅԱԼ/ 
16. ՇԱՂԱՎՈՏ /ՇԱՂՈՏ, ՇԱՂՎՈՏ/ 
17. ԿԱՄԱՎՈՏ /ԿԱՄՎՈՏ, ԿԱՄԱՎՈՐ/ 
18. ԲԱՎԱԿԱՆ 
19. ԽՈԹԱՓՅԱԼ /ՀԱՎԱՏԱՓԱՅԼ/ 
20. ԳԻԶԱԿ /ԳՆԶԱԿ, ԳԵՂԱԿ/ 
21. ԼՈՒՍԱԿՆ /ԼՈՒՍԱՃԵՄ/ 
22. ԱՌԱՎՈՏ 
23. ԼՈՒՍԱՓԱՅԼ 
24. ՓԱՅԼԱԾՈՒ 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆ 
Վերը նշված 72 (ամսանունները, օրանունները, ժամանունները) եւս կապված են հեթանոս աստվածների հետ: Դրանց գերակշիռ մասը մաքուր հայկական ազգային ծակում ունեն: 
Ասվածին եթե ավելացնենք ՙՄՀԵՐԻ ԴՌԱՆ՚ արձանագրության բովանդակությունը ուր թվարկված են Վանի, Արարատյան թագավորության դիքերն ու դիցերը՝ թվով 68 աստվածություն Սարդուրի եւ Մենուա արքաների կողմից, հայոց հնագույն շրջանի հեթանոս աստվածների պանթեոնը ամբողջական կդառնա: Հայկական հարստության շրջանի աստվածների ցուցակին զուգակշիռ՝ բերենք Վանի, Արարատյան շրջանի աստվածների ցուցակը. 
ԴԻՑԵՐ. 
ՀԱՅԿ ԽԱԼԴԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԹԵՅՇԵԲԱ ԻՆՈՒԱՆԻ 
ՇԻՎԱՆԻ /ՇԻՎԻՆԻ/ ԻՆՈՒԱՆԻ 
ԽՈՒՏՈՒԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՏՈՏԱԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՈՒԱ ԻՆՈՒԱՆԻ 
ՆԱԶԱԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՇԵԲԻԹՈՒ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՐՍԻՄԵԼԱ ԻՆՈՒԱՆԻ 
ՈՒԱՆԱՊՇՍ ԻՆՈՒԱՆԻ 
ԴԻԴՈՒԱՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՇԻԵԼԱՐԴԻ /ՄԵԼԱՐԴԻ/ ԽԱՐՍ 
ԱԹԲՅՈՒՆԻ ԱՐԱԾԱՆ 
ԿՈՒԵՌԱՆ ԶԻՈՒԿՈՒՆԻ 
ԷԼԻՊՈՒՐԻՆ ՈՒՐԱ 
ԹԱՐԱԻՆԻՆ ԱՌՆԻ 
ԱԴԱՐՈՒԹԱ ՇՈՒԲԱՆ 
ՀՐՄՈՒՇԻՆԻ ԷԼԱՈՒԱ 
ԱՍՏՎԱԾ ԹԱԼՊՈՒՐԱՆ 
ԱԼԱՓԹՈՒՇԻՆԻ ԿԻԼԻԲԱՆ 
ԱՐԻԱՆԻ ԱՐՑԻ 
ԷՐԻՆԱ ԱԻԱ 
ՈՒՐՈՒԲԱՅՆՈՒ ՍԱՐԴԻՆ 
ՈՒՆԻՆԱ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՐՈՒՅԻ ԻԽՊՈՒՐԻ 
ԽՈԻԲԱ ԲԱՐԾԻԱ 
ՏՈՒՇՊՈԻԵՅԱ ՍԻԼԻԱ 
ԶՈՒԶՈՒՄԱՐՈ ԱԲՈՒԱ 
ԱՆԻՆԻ ԱԴԻԱ 
ԱՆԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՆԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՆԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԾԻՆՈՒԻԱՐԴԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԻՆՈՒԱՆԻ ԱՐԾԻԲԻԴԻՆ 

ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ 
ԱՐԱՄԱԶԴ. Հայոց հեթանոսական դիցարանի գերագույն աստվածը, բոլոր աստվածների հայրը: Հայաստանում պաշտվում էր որպես երկնքի ու երկրի ստեղծողը, մարդկանց բարօրություն եւ արիություն շնորհող, երկրին լիություն ու պարարտություն պարգեւող: Նրան անվանել են ՙՄեծն ու Արին Արամազդ՚: Նա բնավորությամբ բարի է: Արամազդի անունից պարզ երեւում է, որ նա համապատասխանում է իրանական ԱՀՈՒՐԱՄԱԶԴԱՅԻՆ (ՕՐՄԻԶԴԻՆ), առանց, սակայն, նույնանալու վերջինիս հետ, քանի որ իրանական Ահուրամազդայի հակոտնյա՝ չարի աստված ԱՀՐԻՄԱՆԸ (կամ նրա զուգահեռը) գոյություն չուներ հայկական դիցարանում:Հետագայում, հելլենիզմի ազդեցության տակ, Արամազդը հաճախ նույնացվել է հունական ԶԵՎՍԻ եւ հռոմեական ՅՈՒՊԻՏԵՐԻ հետ: Արամազդի գլխավոր տաճարը կառուցված է եղել Եփրատի ափին, Դարանաղյաց գավառի Անի - Կամախ ամրոցում, որը, հավանաբար, նաեւ հայոց քրմապետի նստավայրն էր: Այստեղ դրված է եղել Արամազդի արձանը: Այս ամրոցում էին գտնվում նաեւ հայ թագավորների դամբարանը: Արամազդին նվիրված տաճարները եղել են նաեւ Վասպուրականի Անձեւացյաց գավառում եւ այլուր: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին, երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդին է նվիրվել եւ կոչվել հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15 - րդ օրը: 
ԱՄԱՆՈՐ. Նոր տարվա հին հայկական աստվածություն, որին նվիրված էին ամենաբեր նոր պտղոց տոները: 
ԱՆԱՀԻՏ. Արգասավորող ջրերի պարսկական աստվածություն: Լիդիայում նույնացվում էր ՄԵԾ ՄՈՐ կամ ԱՐՏԵՄԻՍԻ հետ: Մ.Թ.Ա. IVդ. Անահիտի պաշտամունքը տարածվել էր Փոքր Ասիայում, Հունաստանում, հետագայում նաեւ Հռոմում: Անահիտին նվիրաբերում էին ցուլեր: Ցուլը աստվածուհուն զոհ մատուցելուց հետո, նրա արյունը ցայում էին մարդկանց վրա (համեմատվում է մկրտության հետ), խմում էին այդ արյունը (այդ ծեսը կոչվում էր տավրոբոլիա): Անահիտի պաշտամունքը առանձնապես տարածված է եղել հին Հայաստանում (Ստրաբոն): 
Հայկական դիցարանում Անահիտը համարվել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ շրջանում՝ նաեւ ռազմի աստվածուհի:Հնում Անահիտին անվանել են ՙսնուցող մայր՚, ՙոսկեմայր՚, ՙոսկեհատ՚, ՙոսկեծղի՚ եւ նման անուններով: Հելլենիստական ժամանակաշրջանում Անահիտը նույնացվում է հունական Արտեմիսի եւ հռոմեական Դիանայի հետ: Անահիտը միաժամանակ համարվում էր լուսնի աստվածություն: Մ.Թ.Ա. Iդ. Անահիտը դառնում է Հայաստանի գլխավոր աստվածուհին, Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը: Նրա գլխավոր տաճարը գտնվել է Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որը Անահիտի անունով կոչվել է նաեւ Անահտական: Այդ տաճարում կանգնեցված է եղել Անահիտի ոսկեձույլ արձանը, որը Մ.Թ.Ա. 34թ. ջարդուկտոր են արել եւ ոսկին բաժանել իրար միջեւ հռոմեացի զորավար Անտոնիոսը եւ նրա զինվորները: Անահիտի մեհյաններ կային նաեւ ուրիշ վայրերում (Արտաշատ, Արմավիր, Աշտիշատ, Բագարան, Անահտաձոր եւ այլն): Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) հայերը մեծ շուքով նշում էին Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքահավաքի հետ: Ծիսակատարություններն ուղեկցվում էին աղոթքներով, երգերով եւ խնջույքներով: Անահիտին զոհաբերում էին առաջին բերքը, դիցուհու արձանը պատում ծառերի դալար շիվերով ու պսակներով: Նրան նվիրաբերում էին սպիտակաթույր սրբազան ցուլեր: Անահիտի անունն էր կրում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը: Երիզայի շրջանում, Սատաղի մոտ, 19-րդ դարի վերջին, հայտնաբերել են Անահիտին վերագրվող մի պղնձաձույլ գլուխ, որը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: 
ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ. Դժոխքի աստվածը հայկական հեթանոսական դիցարանում: ՍԱՆԴԱՐԱՄԵՏ էր կոչվում նրա գործելավայրը, այսինքն՝ դժոխքը: 
ԱՍՏՂԻԿ. Հայկական դիցարանի սիրո եւ գեղեցկության, ինչպես նաեւ երկնային լույսի (աստղ) աստվածուհին. ուստի եւ անվանվել է ՙՈսկեծղի՚. ՙՎարդամատն՚: Համապատասխանում է հունական Ափրոդիտեին եւ Աստրադեին: Աստղիկին նվիրված մեհյանները գտնվում էին Աշտիշատում, Վանի մոտ` Արտամետում եւ այլուր: Աստղիկը եղել է քաջության աստված` Վահագնի սիրուհին կամ ամուսինը. ուստի Աշտիշատում գտնված Աստղիկի մեհյանը կոչվում էր ՙՎԱՀԱԳՆԻ ՍԵՆՅԱԿ՚: Աստղիկին նվիրված տոնը կոչվում էր վարդավառ եւ մեծ հանդիսությամբ նշվում էր Նավասարդի ¥հուլիսի¤ կեսին: Աստղիկին համարել են նաեւ ջրի աստվածություն: Ենթադրում են, որ Հայաստանի տարբեր վայրերում հայտնաբերված ՙվիշապներ՚ կոչված ձկնակերպ կոթողները Աստղիկ դիցուհու արձաններն են: 
ՎԱՀԱԳՆ. Ամպրոպի, անձրեւի, ամպի, կրակի հայկական աստվածություն, որի իրանական զուգահեռն ու նախատիպը համարվել է Վերեթրանգան: Առավել հավանական է, որ Վահագն անունը կազմած լինի ՎԱՀ ¥աստված¤ եւ ԱԳՆԵ ¥կրակ¤ բառերից եւ նշանակում է` կրակի աստված: Վահագնը միաժամանակ համարվել է քաջության, ուժի, հերոսության, ռազմի աստված: Հետագայում, հելլենիզմի ազդեցության տակ, Հայաստանում Վահագնը նույնացվել է Հեփեստոսի հետ: Վահագնի Վահեվանյան կոչված նշանավոր տաճարը գտնվել է Տարոն գավառի Աշտիշատ ավանում: 
ՎԱՆԱՏՈՒՐ. Բառացի նշանակում է` հյուրընկալ, օթեւան տվող: Հին հայկական դիցարանի հյուրասիրության աստվածը: Համարվել է հատուկ մակդիրը Արամազդի, որի մեհյանին կից կար իջեւան, եկվոր ուխտավորների համար: Հաճախ նույնացվել է Ամանորի հետ: Վանատուր-Ամանորին նվիրված ամենամյա բերքի տոնը կատարվում էր հայոց տոմարի առաջին` Նավասարդի մեկից մինչեւ վեցը: 
ԾԿԱԿ. Անիծված թռչուն, որ տարին մեկ անգամ էր ջուր խմում, իսկ եթե ավել խմեր, խմածը թույն ու թարախ կդառնար: 
ԱՐՁԱԳԱՆԳ. Հայոց դիցարանի մեջ շատ լեզվանի հավերժահարս: 
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ. Հեթանոսական Հայաստանի հնագույն աստվածներից մեկը, որի անունը սերտորեն կապված է Շամիրամի հետ: Սկզբնապես Արայի կերպարը արտահայտել է գարնան բուսականությունը, երկրագործությունը, ցանքը եւ ջուրը: Այդ են վկայում հայկական առասպելում պահպանված Արայի շրջապատի բուսականություն հիշեցնող անունները ¥Նվարդ, Անուշավան, Սոսանվեր¤: Արայի բուսական հին բովանդակության դրսեւորումն է նաեւ նրա հարություն առնելու հանգամանքը: Արայի, որպես մեռնող եւ հարություն առնող աստվածության, պաշտամունքը լայն տարածում է ունեցել Հայաստանում: Հին արեւելյան հավատալիքների ազդեցության տակ Արան սկսում է առնչվել Շամիրամի անվան հետ: 
ԱՐԱԼԵԶՆԵՐ /ՀԱՐԱԼԵԶՆԵՐ/. Ոգիներ, որոնք Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի եւ Շամիրամի հետ միասին: Հայերը հավատում էին, որ Արալեզները լիզում էին պատերազմում ընկած հերոսների վերքերը եւ հարություն տալիս նրանց: Հայերը Արալեզներին համարում էին շներից սերված ոգիներ: 
ՆԱՆԵ. Իմաստության, ողջախոհության աստվածուհին, մայրության եւ տան օջախի պահապանը: Հայաստանում հելլենիզմի շրջանում նույնացվել է հունական Աթենասի հետ, բայց իր ընդհանուր դերով զիջել է վերջինիս: Նանեի մեհյանը գտնվել է Եփրատի աջ ափին, Դարանաղյաց գավառի Թիլ ավանում: 
ԱՐԵԳ. Հին հայերի մոտ արեւի պաշտամունքը անձնավորող աստված: Հրային լուսափայլ ճաճանչներով, ամեն գիշեր հանգստանում էր Վանա ծովակի մեջ, որի հատակի վրա դրված էր նրա ոսկեղեն անկողինը: Սկզբնապես Արեգը պաշտվել է իր բնական տեսքով, որպես կենսատու նախապայման, լույսի եւ ջերմության աղբյուր: Հետագայում, երբ բոլոր լուսատուներին անձնավորում տրվեց, Արեգը եւս դիտվեց որպես անձնավորված աստված: Արեգը Հայաստանում եղել է սիրված աստվածներից մեկը եւ նրա պաշտամունքը ունեցել է համահայկական բնույթ: Հելլենիզմի ազդեցությամբ Արեգը նույնացվել է հունական Հելիոսի հետ, իսկ հետագայում` Տիրի եւ Միհրի, երբեմն նույնիսկ Վահագնի հետ: Արեգի եւ Լուսնի արձանները կանգնեցված են եղել Արմավիրում: Հայերը Արեգ կոչել են իրենց հեթանոսական տոմարի 8-րդ ամիսը, ինչպես նաեւ բոլոր ամիսների առաջին օրը: 
ԳԻՍԱՆԵ. Հին Հայաստանի հեթանոսական աստվածություն, որին վերագրվել է հնդկական ծագում: Գիսանե անունը բացատրում են Գես ¥ծամ, մազ¤ բառով` իբր ինքը եւ իր տաճարի քրմերը ունեցել են երկար մազեր: Գիսանեի պաշտամունքի մասին հստակ տեղեկություններ չկան: Ըստ ավանդության, Գիսանեն եւ նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոնում հաստատված արքայորդիներ են: Հետագայում նրանք պաշտվել ու աստվածացել են, նրանց պատվին տաճարներ են կառուցել եւ արձաններ կանգնեցրել: 
ՀԱՅԿ. Հայոց հնագույն կրոնական դիցարանի գլխավոր աստվածը, որը հակադրվում է Ասորեստանի գլխավոր աստված Բելին: Հետագայում Հայկը մարդկայնացվել է եւ համարվել հայերի նախահայրը եւ անվանադիրը: Հայկը քաջ աղեղնավոր է, հսկա, հմուտ որսորդ: Նա հայոց երկրին կյանք եւ ազատություն պարգեւող աստվածն է, որը Հայաստանը պաշտպանում է արտաքին թշնամիներից: Հնում նրա անունով է կոչվել երկնքի առավել պայծառ աստղերից մեկը` Օրիոն-Երեւակի աստղը: 
ԾՈՎԻՆԱՐ /ՆԱՐ/. Հայոց դիցարանում ջրի, ծովի, անձրեւի աստվածուհին: Ժողովրդական հավատալիքներում` ամպրոպային ոգի, փայլակի իգական անձնավորում: Ծովինարը հրեղեն էակ է, որը ամպրոպի ժամանակ կարող է աղետաբեր կարկուտ թափել կամ կենարար անձրեւ պարգեւել: Հայկական առասպելներում ջրային տարերքի հետ կապված ոգի կամ ծովից հղիացած երկվորյակների` Սանասարի ու Բաղդասարի մայրը: 
ՔԱՋՔԵՐ. Առասպելական ոգիներ, երբեմն բարի, երբեմն չար հատկություններով: Քաջքերն ընդհանրապես ապրելիս են եղել քարանձավներում, լեռներում. նրանք համարվել են պատժող ուժեր: Հավատացել են, որ Քաջքերը երբեմն էլ մտնում էին մարդկանց մեջ, նրանց չարչարում: 
ՏՈՐՔ ԱՆԳԵՂ. Հին հայերի դիցարանում ուժի, քաջության, արհեստների աստված: Սկզբնական շրջանում Տորքը եւ Անգեղը եղել են առանձին աստվածություններ: Տերք Անգեղին վերագրվում է մարմնական աներեւակայելի ուժ: Նա ջարդում ու փշրում է հսկա քարեր, եղունգներով հղկում դրանք եւ դրանց վրա փորագրում: Տորք Անգեղի պաշտամունքը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմտյան շրջաններում: 
ՏԻՐ. Հայոց հնագույն եւ սիրելի աստվածներից: Սկզբնապես եղել է Արեւի պաշտամունքի հետ կապված աստվածություն, բայց հետագայում, իբրեւ արեւի աստվածություն իր տեղը զիջելով Միհրին, ձեռք է բերում նոր դեր: Հայկական դիցաբանությունը նրան դարձնում է Արամազդի դպիրը, գրի, գրականության, գիտության եւ արվեստի հովանավորը: Առանձին վայրերում Տիրի պաշտամունքը միաձուլվել է Արա Գեղեցիկի` որպես բերիության եւ բնության զարթոնքի աստծո հետ: Տիրը համարվում էր երազացույց-երազահան: Նա իբրեւ ՙգրող՚ հաշվի էր առնում մարդկանց բարի ու չար գործերը, մեկնում էր երազները: Նրա մեհյանը կառուցված է եղել մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու, ճանապարհի եզրին, ՙԵրազամույն՚ կոչված վայրում: Տիր աստծո անունով է կոչվել հայկական հին տոմարի Տրէ ամիսը: 
ՄԻՀՐ. Լույսի եւ բարու աստվածություն, հետագայում արեւի աստվածություն: Միհրը ծնվել է ժայռից, եւ նրան խնամել են հովիվները: Միհրին նվիրված տաճարը գտնվել է պատմական Հայաստանի Դերջան գավառի Բագառիճ գյուղում: Ենթադրվում է, որ հնագույն մայրաքաղաք Արմավիրում եւս գտնվել է Միհրին ձոնված տաճար: Միհրի պաշտամունքը սկսում է վերանալ Մ.Թ.Ա. IV դարում: 

ԿԱՐԾԻՔՆԵՐ «ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ» ԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 
Ո՞վ կարող է իմանալ, թե ի՞նչ կա մարդու հոգում: Եկեղեցում ծնրադրում է Հիսուս Քրիստոսի առջեւ, ջերմեռանդորեն աղոթում եւ ցուցանում ամենքին, թե աստվածապաշտ է: Բայց նա մտովի Հիսուսին դարձնում է Հայոց Արամազդ, Մարիամին` Անահիտ, ոսկեմայր, ոսկեծղի Անահիտ: Հավանաբար բոլոր մարդիկ հեթանոս եղել են, հեթանոս էլ կմեռնեն՚: 
Գիրքը կարծես գալիս է մեկ անգամ եւս հաստատելու գրող-պատմաբանի այս խոսքը: 
Մեկ անգամ եւս վերազարթնում են Հայոց աստվածները, կանգնում մեր առջեւ իրենց վեհությամբ, հմայքով, գեղեցկությամբ, աստվածային ազնվությամբ, իրենց դարավոր իմաստնությամբ ու խոհեմությամբ: Ու իրար հետեւից մարգարտի պես շարվում են Հայոց ավանդությունները` ոսկեմայր ու ոսկեծղի Անահիտի, Հայր Արամազդի, Վիշապաքաղ Վահագնի, Տիրի ու Միհրի, գեղեցկուհի Աստղիկի, Վանատուրի մասին պատմող: Հառնում է Հայոց Աշխարհը իր սրբազան մասունքներով` իր վահեվահյան տաճարներով, իր Մուշով, Վանով, Դարանաղյաց գավառով, Արարատով, Արագածով ու պատմում է գեղեցիկ ապրած, գեղեցիկ մեռած իր աստվածներից: 
Գիրքն հարց է տալիս հինավուրց Նաիրիին եւ մեզ` որտե՞ղ են իր զորավոր աստվածները, որոնք վեհ էին հոգով ու ստրկություն չէին հանդուրժում, եւ եթե նրանք հաղթանակել են, անցել անվերադարձ, մի՞թե նրանց փառքը ոչ մի բան չի պարտավորեցնում: 
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՆԱՐԻՆԵ 
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ 

Երիտասարդ մի հեղինակ, որ ստանձնել է դժվարին ու պատասխանատու աշխատանք: Վերնագիրն արդեն խոսուն է ու բազմաբովանդակ: Գիրքը զարդարող նկարը խորհրդանիշն է այն մուտքի, որն ունենալու ենք հեթանոս աստվածների կացարան մտնելիս: 
Հեթանոս բագիններն ու մեհյանները կործանվեցին, բայց մինչեւ օրս մնում են նրանց շուրջ հյուսված առասպելներն ու պատումները: Բայց մի գրքում, նորովի ու ինքնատիպ ձեւով ներկայացնելու գործն է ստանձնելհեղինակը: Կարդում ես գիրքը ու թվում է, թե առաջին անգամ ես լսում այդ պատմությունը, որովհետեւ աստվածային խրախճանքը ներկայացված է ամբողջական ու յուրովի, որը միաժամանակ ե՜ւ նման է, ե՜ւ տարբեր քո լսած, կարդացած տարբերակից: 
Հեղինակն էլ է դեգերումների մեջ: Փորձում է հակիրճ ձեւով շատ բան ասել: 
Հեղինակը ընթերցողին հիշեցնում ու սովորեցնում է արդեն մոռացության մատնված ամսանունները, օրերի եւ ժամերի հին հայկական անունները, հեթանոս աստվածների անուններն ու նրանց շուրջ հյուսված առասպելները: Լեզուն ճոխ է, առինքնող ու խոսուն: Ամեն մի բառի ու նախադասության տակ պարփակված մի ողջ աշխարհ կա... 
ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ 

«Աստվածադուռ» պատումը կարդալիս՝ ընթերցողը առաջին հայացքից չի կանխագուշակում ստեղծագործության գաղափարական բովանդակությունը, որը հայրենի հողի՝ Նաիրիի փրկության հարցն է: 
Հեթանոս աստվածների, ժողովրդական ստեղծագործությունների մասին անտեղյակ մարդն իր պատկերացմամբ տեսնում է հեթանոս աստվածներին, որոնք փոխարինում են հայ ժողովրդի ավանդույթ դարձած հերոս - կերպարներին: 
Հեթանոս աստվածների մուտքով հառնում են Արան ու Նուարդը իրենց աստվածային էությամբ, որ հատուկ է միայն երկնային մտացածին էակներին: Ջրային ծնունդ Սանասարն ու Բաղդասարը երկրի վրա իրենց մարդասիրական բնավորություններով ետ չեն մնում աստվածներից: 
Պատահական չէ նկարագրված Արայի ու Շամիրամի սիրո պատմությունը. սա միջոց է, որպեսզի հաստատուն կերպով բացահայտվի հայոց աշխարհի անկախությունը: Բնության գեղեցիկ պատկերները գալիս են լրացնելու Վահագնի ու Աստղիկի մաքուր ու անաղարտ սերը, որը վկայակոչում է սիրո հավերժության գաղափարը: 
Մասիսների առկայությունը հնարովի ՙԱգռավաքարը՚ հայ ժողովրդի հաղթանակի գրավականն է, որ ստեղծագործության առաջին տողերից երեւում է մինչեւ վերջին տողը, որ հայ ժողովրդի մնայության միտումն է: 
Ստեղծագործությունը շնչում է կԵՆՍափիլիսոփայական գաղափարով, որը կապվում է բուն նյութին, նյութ, որ միայն հայոց աշխարհի անմահությունն է: 
Գիրքը բովանդակային առումով հերոսական է, իմաստային առումով ուսուցողական - ճանաչողական: 
ՌՈԶԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ 

...Եվ ահա ընթերցողի սեղանին է դրվում մի ինքնատիպ գիրք` Հայոց հեթանոսական դիցարանը հանդիսացող ՙԱստվածադուռ՚ յուրատեսակ այս գիրքը հեղինակի բարձրաճաշակ ձևավորմամբ ու հոգու աստեղային թռիչքով, բանաստեղծական և վիպական նոր կերտումների վկայություն է` բազմատանջ աշխատանքի արդյունք: Այն դեռ ձեռագիր, արժանացել է մանկավարժների ու գրականության մի խումբ սիրահարների բարձր գնահատանքին իմաստասիրական ու իմացական իր խոկումներով: 
Դժվար է որոշել, թե ի՞նչ ժանրի գործ է սա արձակ բանաստեղծությո՞ւն, տեղ-տեղ վիպական-դրամատիկական միջարկություն: Կարևորն այնքան ժանրը չէ, որքան մտահաղացման հաջող իրացնելու պարագան: 
Մեզ այցի են գալիս հեթանոսական Հայաստան դիցարանի ծանոթ և անծանոթ աստվածները` անցքերն ու առասպելները. Հայկի և Բելի ծանոթ առասպելի առավել լիարյուն ու հանգամանալից տարբերակն է սա` գեղարվեստական նոր մանրամասներով ու դրվագներով հագեցած: Շղթայական ռեակցիայով այն իր մեջ ներառում է առասպելական այլ կոհակներ, ներկայացնում նոր գուներգերով ու դրվագներով, շոշափում հայկական ժողովրդական այլ վիպասքեր: 
Ուշագրավն այն է, որ գրողը զուգահեռաբար օգտագործում է հեթանոս աստվածների ոչ միայն հայկական, այլև օտար անուններ, որ սեփականը մտապահելու բանալի ծառայեն: 
Մեր աչքերի առջև հառնում է վաղնջական ժամանակներից եկող զորավոր մեր վիպասքներից մի քանիսը, դրանց արձագանքները Հայոց պատմության ու բանաստեղծության մեջ` բերելով նմուշներ: Հեղինակային խոսքն էլ միջավայրին հար ու նման է, օգտագործված են ժամային և այլ հնագույն անվանումները, բազմաթիվ նոր բառակերտումներ: 
Աշխարհագրական քարտեզը առջևը պարզած հեղինակը պեղել է տեղավայրեր իր վիպասքի համար: Եվ առհասարակ զգացվում է, որ հեղինակը մանրակրկիտ աշխատանք է տարել` ուսումնասիրելով բազմաթիվ պատմական աղբյուրներ: 
Անձնավորված են հեթանոս աստվածները այս գործում` ներկայացված են իրենց իմաստուն գծերով: Եվ որքան իմացական նյութ կա այստեղ, հանրագիտարանային արժեք, որ կարող են ըմպել ընթերցողները և հատկապես դպրոցականները: Մեր սերնդին արգելված էր առնչվել այն ամենի հետ, ինչ կապված էր հեթանոսությանը: Եվ հիմա, փառք Աստծո, զուլալ աղբյուրների նման ակունքներից դեպի վարար գետեր տանող: 
Հեղինակը, չնայած երիտասարդ տարիքին, հետևում է թողել ծանրակշիռ կենսագրություն, հայրենասեր մանկավարժի ու գրողի դրոշմակնիքով` այդ ամենը կրելով իր արմատներում: 
Մեկուկես տասնամյակ առաջ ճանաչված լրագրող Լենա Ղուկասյանը ՙԿումայրի՚ թերթի երեք համարներում տպագրեց մի հոդված ՙՀայրենի երկրի փորձության այս պահին՚ խորագրով, ուր ներկայացված էին Արան ու նրա հայրենասեր մի խումբ զինակիցներ` իրենց ուսանելի գծերով: Լավ է ասել մանկավարժ Ռոզա Ամիրխանյանը. ՙ...Գիրքը բովանդակային առումով հերոսական է, իմաստային առումով` ուսուցողական՚: Ավելի սեղմ ու տարողունակ չէիր բնութագրի վեհացնող ու առինքնող այս վիպասքը: ՙԱստվածադուռ՚ գրքի հեղինակից ակնկալում ենք շքեղաշուք նոր գործեր, քանզի նա երիտասարդ է և ավյունով այնքան լեցուն: 
ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ 
բանասեր – լրագրող

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets