ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ


Արտաշիսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: 
Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189թ. –մոտ 160թ.) անունով: 

Արտաշիսյաններն ամենայն հավանականությամբ սերել են հայկական նախորդ՝ Երվանդունիների արքայատոհմից (Արտաշես Ա-ն արամեական արձանագրություններում իրեն անվանում է «Երվանդական»): Արտաշես Ա-ն մ. թ. ա. II դարի սկզբին Հայաստանից անջատված ծայրամասային երկրամասերը վերամիավորել է և ստեղծել միասնական, համազգային պետություն, իրականացրել է մի շարք բարենորոգումներ, հիմնադրել նոր մայրաքաղաք՝ Արտաշատը (Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում), կառուցել է նաև այլ քաղաքներ, որոնցից հինգը, ի պատիվ հոր՝ Զարեհի, անվանել է Զարեհավան ու Զարիշատ: 
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտաշես Ա-ն ունեցել է վեց որդի (Արտավազդ, Վրույր, Մաժան, Զարեհ, Տիրան, Տիգրան). Արտավազդը և Տիրանը թագավորել են իրենց հոր մահից հետո: Արտավազդ Ա-ի և Տիրանի (Տիգրան Ա) թագավորության տարիները համեմատաբար խաղաղ էին: Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Բ Մեծը, դարձել է Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Նրա գահակալման 40 տարիները նշանավորվել են Հայաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ու մշակութային աննախադեպ վերելքով, հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: Տիգրան Բ Մեծից սկսած` Արտաշիսյանները կրել են մեծ արքա, արքայից արքա տիտղոսները: Տիգրան Բ Մեծին հաջորդել է որդին՝ Արտավազդ Բ-ն: 
Արտաշիսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը Արտաշես Բ-ն էր՝ Արտավազդ Բ-ի թագաժառանգ որդին: Նա, գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց թագավոր Հրահատ IV Արշակունու հետ, մինչև մ.թ.ա. 31 թ. ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց հետ գործակցող Ատրպատականի թագավոր Մար Արտավազդին ու նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը: Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը վճռել է տապալել Արտաշես Բ-ին, և մ.թ.ա. 20 թ-ին հռոմեացիները կազմակերպել են Հայոց թագավորի սպանությունը: Հաջորդ Արտաշիսյանները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը՝ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն: 
Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներեն մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը, Վերգիլիոսը գրել են ներբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ էլ գահ բարձրացրել իր դրածոյին՝ Մար Արտավազդի որդի Արիոբարզանին: Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը. 
մ.թ.ա. 10թ-ին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն: 
Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը՝ Տիգրան Դ-ն: Անհանգստացած` Օգոստոս կայսրը գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը՝ Արտավազդ Գ-ին: Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմեական լեգեոններին արտաքսել Հայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ: 1 թ-ին Տիգրան Դ-ն զոհվել է Հայաստան ներխուժած կովկասյան հրոսակ ցեղերի դեմ պայքարում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Այդպես վերացել է Արտաշիսյան հարստությունը, որին նպաստել է նաև արքայատոհմի արական ճյուղի ընդհատումը: 

Արտաշիսյանների արքայացանկը 

1. Արտաշես Ա (մ. թ. ա. 189 թ. – մոտ 160 թ.), 

2. Արտավազդ Ա (մ. թ. ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.), 

3. Տիրան (Տիգրան Ա, մ. թ. ա. մոտ 115 թ. – 95 թ.), 

4. Տիգրան Բ Մեծ (մ. թ. ա. 95 – 55 թթ.), 

5. Արտավազդ Բ (մ. թ. ա. 55 – 34 թթ.), 

6. Արտաշես Բ (մ. թ. ա. 30 – 20 թթ.), 

7. Տիգրան Գ (մ. թ. ա. 20 թ. – մոտ 8 թ.), 

8. Տիգրան Դ (մ. թ. ա. մոտ 8 – 5 թթ. և մ. թ. ա. 2 – 1 թթ.), 

9. Արտավազդ Գ (մ. թ.ա. 5 – 2 թթ.), 

10. Տիգրան Դ և Էրատո (մ. թ. ա. 2 – մ. թ. 1 թթ.)

_________________________________________________________________________________

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա.189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադիր՝Արտաշես Ա–ի անունով։ Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա.IIIդ. վերջին կամ IIդ. սկզբին Երվանդունիներիպետությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Արտաշես Ա ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Բ Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի հետ պատերազմներում Տիգրան Բ կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։ 

Արտաշեսյանների արքայացանկը 

1. Արտաշես Ա  մ.թ.ա.189-մոտ մ.թ.ա. 160 

2. Արտավազդ Ա  մոտ մ.թ.ա.160 - մոտ մ.թ.ա.115 

3. Տիգրան Ա  մոտ մ.թ.ա.115 - մ.թ.ա.95 

4. Տիգրան Բ  մ.թ.ա.95 - մ.թ.ա. 55 

5. Արտավազդ Բ  մ.թ.ա.55 - մ.թ.ա.34 

6. Արտաշես Բ  մ.թ.ա.30 - մ.թ.ա.20, 

7. Տիգրան Գ  մ.թ.ա.20 - մոտ մ.թ.ա.8 

8. Տիգրան Դ և Էրատո  մոտ մ.թ.ա.8 - մ.թ.ա.5 և մ.թ.ա.2 - մ.թ.1

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets