ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ

Հայ Արշակունիների արքայատոհմը սերել է պարթև Արշակունիների արքայատնից, թագավորել է Մեծ Հայքում 66–428 թթ-ին:

Արտաշիսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար պայքարել են Հռոմն ու Պարթևստանը, երկրում թագավորել են օտարազգի դրածո արքաները: 52 թ-ին հայ-պարթևական զորքերը գահ են բարձրացրել Պարթևաց արքա Վաղարշ I-ի կրտսեր եղբորը՝ Տրդատին: Հռոմի պատերազմը Հայաստանի և նրա դաշնակից Պարթևստանի դեմ ավարտվել է Հռանդեայի (Եռանդի) ճակատամարտում (62 թ.) հռոմեական զորքերի ծանր պարտությամբ: 66 թ-ին Հռոմը պաշտոնապես ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, և Ներոն կայսրը Հռոմում թագադրել է Տրդատին. դրանով սկզբնավորվել է Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղը: 
Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը (76 թ.) և հեթանոսական տաճարը: Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկը. նա 91 թ-ին Մեծ Հայքին է միացրել Եդեսիայի թագավորությունը, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը: Սանատրուկին անվանել են «Մեծ թագավոր Հայոց Մեծաց և Եդեսիո»: 
Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II արքայի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը: Հռոմեական կայսր Տրայանոսը 114 թ-ին գահընկեց է արել Պարթամասիրին և Հայաստանը հայտարարել Հռոմեական պրովինցիա: Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձախողումից (116 թ.) հետո Մեծ Հայքի թագավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն, որն արքունիքը հաստատել է նորակերտ Վաղարշապատում: Հռոմեական Անտոնիոս Պիոս կայսրը 144 թ-ին տապալել է Վաղարշ Ա-ին և գահը հանձնել Ասորիքի Եմեսա (Հոմս) քաղաքի թագավոր Սոհեմոսին (Կոմմագենի Երվանդունիների արքայատնից), որի կառավարումն ընդմիջվել է Բակուրի գահակալմամբ: 
186 թ-ին Սոհեմոսին հաջորդել է Վաղարշ Բ-ն, ով սկզբնավորել է հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը: Վաղարշ Բ-ին հաջորդած որդին՝ Խոսրով Ա Մեծը, գահակալման սկզբնական տարիներին պայքարել է կովկասյան հրոսակ ցեղերի դեմ ու ամրապնդել երկրի հյուսիսային սահմանները: Իրանում պարթև Արշակունիների անկումից և Սասանյանների արքայատան հաստատումից (226 թ.) հետո, գլխավորելով հակասասանյան ուժերը, Խոսրով Ա-ն համառ կռիվներ է մղել Մեծ Հայքի ինքնուրույնության և սահմանների անխախտության համար: Զոհվել է 259 թ-ի պարսկական արքունիքի կազմակերպած դավադրության հետևանքով: Սասանյանների դեմ անհաշտ թշնամության պայմաններում հայ Արշակունիներն այնուհետև հաճախ դաշնակցել են Հռոմեական կայսրության հետ: 261 թ-ին Շապուհ I-ը ռազմակալել է Մեծ Հայքը և նրա գահը հանձնել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին, որին հաջորդել է եղբայրը՝ Ներսեհը: 287 թ-ին հայ-հռոմեական զորքերը Բասենում պարտության են մատնել պարսիկներին, նրանց դուրս մղել Մեծ Հայքից և Հայոց թագավոր հռչակել Խոսրով Ա-ի որդի Տրդատ Գ Մեծին: 
298 թ-ին Մծբին քաղաքում Հռոմի հետ կնքած 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյանները ճանաչել են Մեծ Հայքի ինքնուրույնությունը և Արշակունիների գահը: Մոտ 330 թ-ին Տրդատ Գ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Բ Կոտակը, որը, հակահարված տալով Սասանյան Շապուհ II արքայի ոտնձգություններին և ճնշելով հայ որոշ ավատատերերի անջատամետ հակումները, վարել է պետության կենտրոնացման քաղաքականություն, զբաղվել շինարարական աշխատանքներով: Հիմնել է նոր մայրաքաղաք Դվինը` շրջակա անտառով, «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» (պահպանվել է ցայժմ) անտառները` արգելանոց-որսարաններով: Նրա մահից հետո պարսիկները ռազմակալել են Հայաստանը: Խոսրով Բ-ի գահաժառանգ որդի Տիրանը հաստատվել է գահին Հռոմի օգնությամբ (338 թ.): Նա շարունակել է հոր՝ պետական իշխանության ամրապնդման և կենտրոնացման քաղաքականությունը: 
350 թ-ին Շապուհ II-ը խոշոր բանակով ներխուժել է Հայաստան, ձերբակալել Տիրանին, կուրացրել նրան և ընտանիքի հետ գերեվարել Պարսկաստան: Սակայն նույն թվականին հայ-հռոմեական միացյալ ուժերն ազատագրել են Մեծ Հայքը՝ Շապուհ II-ին հարկադրելով ճանաչել Արշակ Բ-ի գահը: 
Արշակ Բ-ի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը: 371 թ-ին հայ-հռոմեական միացյալ ուժերը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) ջախջախել են պարսկական զորաբանակը՝ Շապուհ II-ին ստիպելով ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը: Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և խոշոր հոգևորականության ընդվզումները, ձեռնարկել երկիրը կենտրոնացնելու և հզորացնելու միջոցառումներ: Հռոմեական արքունիքը, երկյուղելով երիտասարդ թագավորի ինքնուրույն քաղաքականությունից, 374 թ-ի աշնանը դավադրաբար սպանել է նրան: Հռոմը Հայոց գահը հանձնել է Պապի եղբորորդի Վարազդատին, որին գահընկեց է արել Հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանը և գահ բարձրացրել Պապի անչափահաս որդի Արշակ Գ-ին: 
387 թ-ին Հռոմի կայսրը և Պարսից արքան Մեծ Հայքի թագավորությունը բաժանել են միմյանց միջև: Երկրի ծայրագավառներն անդամատվել են, արևմտյան մի քանի գավառներ անցել են Հռոմին, իսկ Մեծ Հայքի մեծ մասը՝ Պարսկաստանին: 
Արշակ Գ-ի մահից (390 թ.) հետո հռոմեական մասը վերածվել է կայսերական նահանգի, իսկ Պարսկաստանին ենթակա մասում հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ-ն, Վռամշապուհը և նրա որդի Արտաշես Գ-ն: Վերջինիս գահազրկումից (428 թ.) հետո վերացել է Արշակունիների արքայատոհմը, և Մեծ Հայքի պարսկական մասը վերածվել է մարզպանության: 

Հայ Արշակունիների արքայացանկը 

1. Տրդատ Ա (52 թ-ից, պաշտոնապես` 66–88 թթ.), 

2. Սանատրուկ (88–110 թթ.), 

3. Աշխադար (110–113 թթ.), 

4. Պարթամասիր (113–114 թթ.), 

5. Վաղարշ Ա (117–144 թթ.), 

5. Բակուր (161–163 թթ.), 

6. Վաղարշ Բ (186–198 թթ.), 

7. Խոսրով Ա Մեծ (198–216 թթ.), 

8. Տրդատ Բ (217–252 թթ.), Խոսրով Բ (279–287 թթ.), Տրդատ Գ Մեծ (287–330 թթ.), Խոսրով Գ Կոտակ (330–338 թթ.), 

9. Տիրան (330–350 թթ.), 

10. Արշակ Բ (350–368 թթ.), 

11. Պապ (370–374 թթ.), 

12. Վարազդատ (374–378 թթ.), 

13 Արշակ Գ (378–389 թթ.), 

14. Խոսրով Դ (384–388 թթ., 414 թ.– մոտ 415 թ.), 

15. Վռամշապուհ (385-415 թթ.), Արտաշես Գ (423–428 թթ.) 

Արշակունիների թագավորության օրոք տեղի են ունեցել 2 կարևորագույն իրադարձություններ՝ Հայաստանում քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն (301 թ.) և Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է (405 թ.) հայոց այբուբենը:

_________________________________________________________________________________

Արշակունյաց տոհմի հաստատումը Մեծ Հայքում
Մեծ Հայքը մթ 1 – 51 թթ խառը ժամանակաշրջանում


Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մթ I դ սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են Հռոմն ու Պարթևների թագավորությունը։ Պարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել, Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա-ն տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի (14-37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերի՝ Տիբերիոսը 36-ին Մեծ Հայքի գահը հանձնել է Իբերիայի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37-ին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվել է Իբերիային, իսկ Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին։ Միևնույն ժամանակ, Կոմագենեի և Փոքր Հայքի հայկական թագավորություները Տիբերիոսը վեր է ածել հռոմեական նահանգների։ Տիբերոսի հակահայկական քաղաքականությունը սրել է հայերի դժգոհությունն ու թշնամանքը Հռոմի նկատմամբ, ինչի արդյունքում 37-ին հայերն ապստամբել և զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ գահընկեց արել Միհրդատ Իբերացուն և վտարել երկրից։ Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) (37-41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը (41-54) Հայքի նկատմամբ շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43-ին հռոմեական և իբերական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել և հենարան չի գտել հայոց մեջ։ Հայերն անտարբերությամբ են վերաբերվել Միհրդատի սպանությանը (51) նրա եղբորորդու և փեսայի՝ Հռադամիզդի ձեռքով։ 



52 – 66 թթ Պայքար հայոց գահի համար 

40-ական թթ ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամաբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը։ 

Տրդատ Ա-ի կարճատև գահակալությունը 

52-ին պարթևական բանակը մտնում է Մեծ Հայք և գահ բարձրացնում Վաղարշի կրտսեր եղբայրՏրդատին։ Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքներն ընդունում են Տրդատին, Իսկ Հռադամիզդը փախչում է Վիրք։ Սակայն զորքի մեջ համաճարակ սկսվելու և 53-ի խստաշունչ ձմռան պատճառով Տրդատը ետ է քաշվում Ատրպատական։ Հռադամիզդը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կրկին մուտք է գործում Արտաշատ, սակայն հայերը զենքի ուժով վտարում են նրան և 54-ին հրավիրում Տրդատին։ Հռոմի նոր կայսր Ներոնը (54-68), պարթևների դեմ ապստամբության դրդելով Վրկանաց երկիրը և Վաղարշի դեմ հանելով գահի նոր հավակնորդի, 54-ին Արևելք է ուղարկում խոշոր բանակ (24.000 զինվոր)՝ Ասորիքի կուսակալ Ումիտիոս Կվադրատոսի և Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի առաջնորդությամբ, որին պետք է միանայինԿոմագենեի, Պոնտոսի, Փոքր Հայքի և Ծոփքի զորքերը։ Վաղարշ I-ը ստիպված 55-ին հաշտություն է խնդրում Ներոնից՝ Հռոմ ուղարկելով մի քանի փառատենչ Արշակունի իշխանների։ Սակայն Տրդատը չի հեռանում Մեծ Հայքից և շարունակում է գահակալել։ Հռոմի Ներոն կայսրը Կորբուլոնին հրահանգում է տապալել Տրդատի իշխանությունը։ 

Տիգրան Զ 

58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական։ Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։ 60 թվականին նվաճված Մեծ Հայքում թագավոր է նշանակվում Տիգրան Զ-ն։ 



Հռանդեայի հաշտությունը 

61-ին Վաղարշ I-ը Գերագույն ժողովում Տրդատին թագավոր է պսակում և պարթևական ուժերը կենտրոնացնում Հռոմի և նրա դրածո Տիգրան Զ-ի դեմ։ Պարթևական զորքերի մի մասը Տրդատի առաջնորդությամբ մտնում է Մեծ Հայք։ Նույն 61-ի ամռանը հռոմեական մի մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսիհրամանատարությամբ շարժվում է Մեծ Հայքի դեմ՝ այն նվաճելու մտադրությամբ։ Կապադովիկիայում ձմեռելուց հետո, 62-ի գարնանը հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայք և ճամբարում Արածանու ափին, Ծոփաց նահանգի Հռանդեա (հայ. Եռանդ) կոչվող ամրացված վայրում։ Հայ-պարթևական միացյալ ուժերը խորտակում են Հայկական Տավոսի լեռնանցքները պաշտպանող հռոմեական պահակակետերը և արագ ռազմերթով պաշարում Պետոսի բանակի ճամբարը՝ հարկադրելով վերջինիս հանձնվել։ Կարճատև բանակցություններից հետո, որը վարում էր հայ-պարթևական միացյալ ուժերի սպարապետ Վասակը, Պետոսը հաշտություն է խնդրում, զինաթափվում և, հանձնելով գերիներին ու կողոպտված ռազմավարը, հապճեպորեն նահանջում։ 
Տրդատ Ա-ի ուղևորությունը Հռոմ և հաստատումը Մեծ Հայքի գահին 
64-ին Արևելք է ժամանում հռոմեական նոր զորաբանակ՝ Կորբուլոնի առաջնորդությամբ, որը նույն Հռանդեա վայրում բանակցություններ է վարում Տրդատի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ Տրդատը մեկնի Հռոմ և իր թագն անձամբ ստանա կայսրից։ 65-ին մեծ շքախմբով (3000 մարդ) Տրդատը ճանապարհվում է Հռոմ, ուր ճոխ հանդիսավորությամբ թագադրվում և 66-ին վերադառնում ու խաղաղությամբ թագավորում է Մեծ Հայքում։ Տրդատ Ա-ի գահակալությամբ Մեծ Հայքում վերջնականապես հաստատվում է Արշակունիների թագավորական ճյուղը։ 


Արշակունյաց գահալությունը Մեծ Հայքում (66 – 428) 


Գահակալման հետագա տարիներին (66 – մոտ 88 ) Տրդատ Ա թագավորը նշանավորվել է շինարարական և բարենորոգչական գործունեությամբ։ Տրդատին հաջորդել է Սանատրուկը, որը 91-ին գրավել է նաև Եդեսիայի թագավորությունը (Օսրոենե)՝ կրելով «Մեծ Թագաւոր Հայոց Մեծաց և Եդեսիոյ» տիտղոսը։ Նա արքունիքը փոխադրել է նորակերտ Մծուրք (Մծուռն, ըստ Խորենացու սակայն՝ Մծբին) քաղաքը։ Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II թագավորի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը։ Վերջինս գահակալել է առանց Հռոմի նախնական համաձայնության։ Տրայանոս կայսրը Պարթամասիրի գահակալությունը դիտելով իբրև Հռանդեայի պայմանագրի խախտում, 114-ին տապալել է նրան և խոշոր բանակով հարձակվել Մեծ Հայքի վրա, այն դարձնելով հռոմեական նահանգ։ Տրայանոսի արկածախնդրության ձախողումից և Հռանդեայի պայմանագրի վերահաստատումից հետո (117) Մեծ Հայքում թագավորել է Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ն։ Նա արքունիքը հաստատել է նորաշեն Վաղարշապատ քաղաքում, կառուցել է նաև Վաղարշավան (Բասեն գավառում) ևՎաղարշակերտ (հետագայի Ալաշկերտ՝ Բագրևանդ գավառում) քաղաքները, կատարել է պետական բարենորոգումներ։ Անտոնինոս Պիոս կայսրը, խախտելով Հռանդեայի պայմանագիրը, 140-144-ի միջև գահազրկել է Վաղարշ Ա-ին և Մեծ Հայքի գահին կարգել Էմեսայի իշխանատոհմի ներկայացուցիչ Սոհեմոսին։ 161-163-ին ընդմիջվել է Սոհեմոսի գահակալությունը. Պարթևաց Վաղարշ III թագավորը տապալել է նրան և գահ բարձրացրել Բակուր Բ Արշակունուն։ Հռոմի ջանքերով Սոհեմոսը երկրորդ անգամ է գրավել Մեծ Հայքի գահը։ Նրա մահից (186) հետո Մեծ Հայքում թագավորել է Վաղարշ Բ-ն։ Ներքին անկայուն վիճում գտնվող Հռոմը համաձայնել է Մեծ Հայքում կատարված այս փոփոխությանը, պարտավորվել հայկական մեծաթիվ հեծելազորին ռոճիկ վճարել՝ կովկասյան հրոսակ ցեղերի ներխուժումներից Կովկասի լեռնային կիրճերը հսկելու համար։ Վաղարշ Բ-ով վերջնականապես հիմնավորվել է հայ Արշակունիների ժառանգական հարստությունը։ Մեծ Հայքում գահակալող Արշակունիները հայացել են՝ հետևելով հայոց մեջ արմատավորված ինքնուրույն պետականության և հելլենիստական մշակույթի նախկին ավանդներին՝ հակադրվելով թե՛ Հռոմի, թե՛ Պարթևստանի զարգացման միտումներին։ Վաղարշ Բ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Ա-ն, որը խոշոր արշավանքով պատժել է կովկասյան ցեղերին և ամրացրել լեռնային կապանները։ 216-ին Հռոմի կայսր Կարակալան, խարդախությամբ ձերբակալելով Խոսրով Ա-ին, փորձել է Մեծ Հայքը դարձնել հռոմեական պրովինցիա։ Սակայն հայկական զորքերը հաղթանակ են տարել Հայք ներխուժած հռոմեական զորքերի նկատմամբ և պաշտպանել նրա անկախությունը՝ թագավոր հռչակելով Խոսրով Ա-ի որդուն՝ Տրդատ Բ-ին։ Հռոմի նոր կայսր Մակրինոսը 217 թվականին հարկադրաբար ճանաչել է Տրդատ Բ-ի թագավորությունը։ 
224-227-ին Պարսից Սասանյանների տոհմը, խլելով հյուծված Պարթևաց Արշակունիների գահը, հետևողականորեն պայքարել է Արշակունյաց մյուս ճյուղերի դեմ՝ նրանց համարելով գահի հակառակորդներ։ Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր I-ը մոտ 230-ին հարձակվել է Մեծ Հայքի վրա՝ այն նվաճելու նպատակով, սակայն պարտվել է և նահանջել։ 
Սասանյանների դեմ պայքարում հայ Արշակունիները դաշնակցել են Հռոմի հետ։ Շապուհ II Սասանյանը, օգտվելով Հռոմեական կայսրության ժամանակավոր թուլացումից, նվաճել է Մեծ Հայքը և այնտեղ թագավոր նշանակել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին (իշխել է 262-272 թթ), որին հաջորդել է իր եղբայրՆերսեհը, որն իշխել է 272-293 թվականներին։ Մեծ Հայքում վերջիններիս վարած հակաարշակունի քաղաքականությունը, ինչպես նաև զրադաշտականության ներմուծման փորձերն անցել են ապարդյուն։ 
297-ին հայ-հռոմեական զորքերը, Դիոկղետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառիՈսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից արքա Ներսեհի բանակին և վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։ 298-ին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասնյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը և նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ Տրդատ Գ-ի օրոք երկիրը վայելել է խաղաղություն և բարգավաճել։ 301-ին քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ 
Տրդատ Գ-ի որդին և հաջորդը՝ Խոսրով Գ Կոտակը, վարելով պետության կենտրոնացման քաղաքականություն, հսկել է հզոր նախարարների գործունեությունը՝ նրանց մշտապես բնակեցնելով արքունիքում, բնաջնջել է պառակտիչ տոհմերին՝ բռնագրավելով նրանց կալվածքները։ Խոսրով Գ-ն շինարարություն է ծավալել. հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338-ին հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։ 
Խոսրովի մահից հետո, 338-ի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ Տիրանը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղեցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ Գրիգոր Լուսավորչի տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ։ Արշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ Հայր Մարդպետը։ Երկրի ներքին և արտաքի դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկակստանի միջև կնքված հակահայկական համաձայնագր ի ստորագրումից հետո («Ամոթալի դաշնագիր» 363), երբ Արշակ Բ-ն մաքառել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ II-ի խրախուսմամբ աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368-ին Արշակ Բ-ն հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։ 
Արշակի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը։ 371-ի գարնանը Ձիրավի դաշտում (Նպատլեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխումներ։ Հռոմեական իշխանությունը, երկյուղելով Հայոց երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374-ի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրելՎարազդատին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ Մանուել Մամիկոնյանի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387-ին Հռոմի հետ համաձայնվել է բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5-ը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի Արշակ Գ-ի մահով (389) հռոմեական մասը վեր է ածվել պրովինցիայի։ Պարսկական մասում մինչև 428-ը հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ, Վռամշապուհ և Արտաշես Գ արքաները։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկական հատվածը վեր է ածվել մարզպանության։ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները Մազքթաց Արշակունիների պետության տարածքի միասին կազմեցին Աղվանից մարզպանությունը։ 
Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։ 
Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ։ 

Հայ Արշակունիների գահացանկը

1. Տրդատ Ա (52-ից, պաշտոնապես՝ 66-88)

2. Սանատրուկ (88-110)

3. Աշխադար (110-113)

4. Պարթամասիր (113-114)

5. Վաղարշ Ա (117-140/4)

6. Բակուր Ա (161-162)

7. Վաղարշ Բ (186-198)

8. Խոսրով Ա (198-216)

9. Տրդատ Բ (217-252)

10. Խոսրով Բ Մեծ (279-287)

11. Տրդատ Գ Մեծ (287-330)

12. Խոսրով Գ Կոտակ (330-338)

13. Տիրան (338-350)

14. Արշակ Բ (350-368)

15. Պապ (369-374)

16. Վարազդատ (374-378)

17. Արշակ Գ (378-389)

18. Խոսրով Դ (384-389)

19. Վռամշապուհ (389-414)

20. Արտաշես Գ (422-428)

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets